Համաշխարհային բեսթսելլեր՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը» հայ ընթերցողի սեղանին է newmag-ի ու ArmComedy-ի շնորհիվ
Ցանկանո՞ւմ եք տիրապետել «թքած ունենալու նուրբ արվեստին», ուրեմն պետք է ընթերցեք Մարկ Մենսոնի՝ համաշխարհային բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Չեք տիրապետո՞ւմ անգլերենին, հոգ չէ, գրքի հայերեն թարգմանությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանվել գրախանութներում։ Գիրքն արդեն հասցրել է դառնալ ամենաընթերցվածներից մեկը, մեկ շաբաթում այն դարձել է նաև հայաստանյան բեսթսելլեր՝ աննախադեպ ցուցանիշներ գրանցելով հատկապես օնլայն վաճառքում:
«Թքած ունենալու նուրբ արվեստը» թարգմանվել է Newmag ընկերության գրահրատարակչական նախաձեռնության կողմից: Գիրքն ընտրել է Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Այս թիմը հետաքրքրված է հրապարակախոսական, քաղաքական, տնտեսական ու մշակութային գրականությամբ:
Մարկ Մենսոնի գրքի թարգմանությունը վստահվել է ArmComedy նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանին ու Նարեկ Մարգարյանին, խմբագրումը՝ Գնել Նալբանդյանին:
Գրքի շնորհանդեսին թիմի անդամները խոստովանեցին, որ թարգմանության համար նախատեսել էին մեկ ամիս, քանի որ գիրքն ընդամենը 200 էջ էր, բայց թարգմանեցին 5 ամսվում, իսկ գործընթացը զուգորդվում էր ստեղծագործական բուռն վեճերով:
Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ երկար են մտածել՝ որ գիրքը թարգմանեն, և կանգ են առել այս ստեղծագործության վրա, որովհետև այն հեշտ էր թարգմանել, պոպուլյար էր համաշխարհային շուկայում. «Նախատեսված 1 ամսվա փոխարեն գիրքը թարգմանվեց 5 ամսում, որովհետև դժվար էր թարգմանել հեղինակի՝ հայհոյախոսություններով, կենցաղային, ժարգոնային արտահայտություններով լի մտքերը, որոնք ամերիկացի ընթերցողին հասկանալի են, իսկ հայ ընթերցողին՝ ոչ: Միաժամանակ պետք էր պահպանել այն միտքը, որը փոխանցում էր հեղինակը: Երկար չարչարվելուց հետո մենք հասել ենք այն արդյունքին, որ ընթերցողը չզգա, որ սա թարգմանություն է»:
Ըստ Ալեքսանանի՝ հայ հասարակությունն ընթերցող է, միայն թե կարևոր է` գիրքն ի՞նչ ակտուալություն ունի, ի՞նչ փաթեթավորում ու ի՞նչ արժեք. «Ընթերցողներ շատ ունենք, բայց նրանք չունեն հնարավորություն՝ իրենց թույլ տալ գնել թանկարժեք գրքեր: Ես հասկանում եմ, որ կան անխուսափելի գրահրատարակչական ծախսեր, բայց մեկ է, միևնույն ժամանակ գրքի արժեքը պետք է լինի խելամտության սահմաններում: Կարծում եմ՝ մեր գրքի հաջողության գաղտնիքներից է նաև մատչելիությունը»:
Նա նաեւ պատմեց, որ թարգմանիչներ փնտրելու հարցում երկար չի մտածել, առաջարկել է Armcomedy նախագծի հեղինակներ Նարեկին ու Սերգեյին, ոչ միայն այն պատճառով, որ ստեղծագործությունը «սև հումորով» է գրված, այլ որովհետև նրանք անգլերենի մասնագետներ են, և ինչպես Գնել Նալբանդյանն ասաց՝ «ավելի շատ անգլերենի, քան հայերենի մասնագետներ»:
Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ ամերիկյան սլենգը ոչ միշտ հայերեն համարժեքն ունի. « Փորձում էինք այն փոխարինել մեր լեզվին համահունչ արտահայտություններով: Մենք փորձում էինք ամբողջությամբ ներքաշել հեղինակի սարկազմը, վայելում էինք այն և վերարտադրում այնպես, ինչպես մենք կգրեինք նույն կատակը: Իսկ վերջում Գնել Նալբանդյանն ասում էր, թե որն է ճիշտը»:
Նարեկ Մարգարյանն ասաց, որ այս գրքի թարգմանության հետ կապված ամենաքննարկվող թեման վերնագիրն է, ոմանք դժգոհ են «Թքած ունենալու նուրբ արվեստը» տարբերակից: Սակայն թարգմանիչը հավատացած է՝ այս վերնագիրը լիարժեք փոխանցում է այն, ինչն անհրաժեշտ է:
Գնել Նալբանդյանի խոստովանմամբ՝ սա իր թարգմանական առաջին խմբագրած գիրքն է, հրաշալի թիմի հետ է աշխատել, ու որևէ լուրջ բարդություն չի ծագել. «Մենք 4-ով և՛ թարգմանում էինք, և՛ խմբագրում, և՛ վիճում ու այս կամ այն հարցում միմյանց համոզում կամ չհամոզում: Այս գրքի հեղինակը մի քանի ոճեր է օգտագործել. ամերիկյան խոսակցական լեզուն, որը շատ բարդ է հայերեն թարգմանել, բլոգերային ոճը, գիտականը, ժարգոնը… Ամենադժվարը, թերևս, վերջինիս թարգմանությունն էր»։
Գ. Նալբանդյանը կեսկատակ–կեսլուրջ՝ թարգմանչական աշխատանքը համեմատեց տղամարդու՝ կնոջ մասին պատկերացման հետ. այն կամ շատ գեղեցիկ պետք է ստացվի, կամ՝ այն, ինչ կա:
Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև books.newmag.am կայքը, որի միջոցով ցանկացողները կարող են օնլայն պատվիրել գիրքը: Bestseller.am կայքն էլ այսուհետ հանրությանը կծանոթացնի հայալեզու և ռուսալեզու բեսթսելլեր դարձած գրքերը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը