Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16Winter Fest 2025 / Փետրվարի 16
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Ինչպես վառելիքը շարժիչի մեջ, մկաններիս մեջ է իմ ա

«Ինչպես վառելիքը շարժիչի մեջ, մկաններիս մեջ է իմ անցյալը». բանաստեղծ Արմեն Դավթյանի 60-ամյակը

12/25/2024

newmag-y-n

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, «Զանգակ» գրատան սրահում հավաքվել էին բանաստեղծ Արմեն Դավթյանի ընկերները, հարազատները։ Վաթսունամյակը նշող հոբելյարը գալիս էր Բյուրականից՝ չկռահելով հավաքի գլխավոր անակնկալի մասին։

«..․Ինչպես վառելիքը շարժիչի մեջ, մկաններիս մեջ է իմ անցյալը. ահա բարձրանում եմ ես ծանր մկաններով ու ջղային (ես չեմ բարձրանում նյարդերից, քանզի Հայրենիքը նաև նյարդերի մեջ է)։ 

Ինչպես բոլոր մարդիկ պատարագից հետո, ես վերապրում եմ իմ մեծագույն ողբերգությունը, ես ծառ էի աստվածային, ինձնից տախտակներ տաշեցին։ 

Ես վերապրում եմ իմ ոչ ծառությունը, և ամոթալի են թվում քարեր սրբացնելու հավակնություններս…»։

Հատվածը Արմեն Դավթյանի «Խոսք՝ ասված Մոմիկի կողմից ճամփա ելնելուց առաջ» բանաստեղծությունից է։

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, «Զանգակ» գրատան սրահում հավաքվել էին  բանաստեղծ Արմեն Դավթյանի ընկերները, հարազատները։ Վաթսունամյակը նշող հոբելյարը գալիս էր Բյուրականից՝ չկռահելով հավաքի գլխավոր անակնկալի մասին։  Միջոցառումը վարում էր Դավթյանի կուրսեցի, «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը, ով, կատակելով իր հանդիսավարի նոր կոչման հետ կապված, սկսեց Արմեն Դավթյանի բանաստեղծությունների ընթերցանությամբ, հետո խոսք տվեց ընկերներին՝ մոտեցնելով հանդիպումը գլխավոր անակնկալին։

Մեծ նվերը գրողի համար իր ստեղծագործությունները ժողովող գիրքն է։

Բանաստեղծի ընկերներից Վահագն Աթաբեկյանի և Տիգրան Պասկևիչյանի նախաձեռնությամբ հրատարակվել է Արմեն Դավթյանի բանաստեղծությունների «Հազարամյակների և օրերի միջով. ընտիր երկեր» գիրքը։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։

Ազդված ընկերների անակնկալից՝ Արմեն Դավթյանը կատակեց, որ համաձայն չէ միայն վերնագրի «ընտիր երկեր»-ի «ընտիր» բառի հետ։

Շումերագետ, բանաստեղծ Դավթյանը սկսել է գրել 1980-ականների սկզբին՝ դառնալով համարձակ ու ինքնատիպ՝ թելադրելով գրական միջավայրում ճաշակ, ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։

Արմեն Դավթյանը ուսանել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Խմբագիր է աշխատել «Գարուն» ամսագրում։ Այժմ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտության բաժնում։ Զբաղվում է շումերագիտությամբ։ Բանաստեղծական երկու ժողովածուի, գիտական չորս մենագրության հեղինակ է։

Անակնկալ գրքի վերջաբանում Արցախյան ազատամարտին մասնակցած գրողի 1992թ.-ին հրապարակված «119935 AKM» հոդվածն է։

Հատված հոդվածից՝

«..Նախանձե՛ք: Նախանձե՛ք նրանց, ովքեր աշխարհիս հզորներին խանգարում են վերասերել ու վերստեղծել աշխարհը «ըստ իրենց պատկերի»: Նախանձե՛ք նրանց, ովքեր միջազգային դահլիճներում պարբերաբար բեմադրվող քաղաքական պոռնո շոուներից հեռու, բերդերն ու ամրոցներն իրենց գլխին որպես թագ կրող լեռներում բորենիներ կերակրող գիշերների միջով աշխարհի քարտեզ են փոխում ըստ մեր պատկերի: Նախանձե՛ք նրանց, ովքեր ազատասերներ չեն, այլ ազատաբերներ, ում մեջքի և պարանոցի շուրջը աղջիկների փոխարեն բաղեղվում են գնդացիրների լիցքավորված ժապավեններ: Նախանձե՛ք նրանց, հայրենասերնե՛ր, որովհետև Հայրենիքը սիրելու համար չէ, այլ կրելու: Նախանձե՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի տակ, որպես պայթյունից ցնցվող հող, որպես ձյուն, որպես ջրափոս, որպես զառիթափ, որպես զառիվեր, որպես ողբերգական պատահականությամբ տրորված ական: Նախանձե՛ք նրանց, ովքեր կրում են Հայրենիքն իրենց ոտքերի մեջ, որպես տնքացող մկան, որպես փամփուշտի բացած անցք, որպես ուռած երակ, ովքեր կրում են Հայրենիքն իրենց մաշկի տակ ու մսերի մեջ, որպես արկերի ու նռնակների բեկորներ..»:

Տարածել