Ի՞նչ են բրենդը և բրենդինգը և ինչո՞ւ են դրանք անհրաժեշտ․ տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ․ անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի շնորհանդեսը
Այսօրվա մրցակցային աշխարհում բրենդինգի դերը դժվար է գերագնահատել. ճանաչելի բրենդը, որը թույլ է տալիս առանձնանալ ուրիշներից և անհրաժեշտ ուշադրություն գրավել, այսօր հարկավոր է բոլորին՝ ընկերություններին, կազմակերպություններին, մարդկանց և նույնիսկ երկրներին:
Այսօրվա մրցակցային աշխարհում բրենդինգի դերը դժվար է գերագնահատել. ճանաչելի բրենդը, որը թույլ է տալիս առանձնանալ ուրիշներից և անհրաժեշտ ուշադրություն գրավել, այսօր հարկավոր է բոլորին՝ ընկերություններին, կազմակերպություններին, մարդկանց և նույնիսկ երկրներին: Առանց սեփական բրենդի բավական դժվար է արժանի տեղ զբաղեցնել ինչպես ապրանքների ու ծառայությունների շուկայում, այնպես էլ քաղաքական ասպարեզում։
Ի՞նչ է իրականում «բրենդը»: Ո՞ւմ է անհրաժեշտ բրենդինգը և ինչո՞ւ: Հայկական ո՞ր ընկերություններին է արդեն հաջողվել ամբողջ աշխարհում ճանաչելի բրենդ ստեղծել։ Մեր երկիրն ունի՞ արդյոք իր բրենդը։ Այս բոլոր խնդիրներին է նվիրված Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» նոր գիրքը։
Գրքի խմբագիր, այն հրատարակած Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ բոլորն են այսօր կիրառում «բրենդ» և «բրենդինգ» բառերը, սակայն շատերն այդքան էլ ճիշտ չեն օգտագործում այս բառերը և իրականում չեն պատկերացնում դրանց իրական նշանակությունը։ Գիրքը, ըստ խմբագրի, կօգնի հասկանալ այս երևույթները և այն, թե ինչու են դրանք այսօր այդքան կարևոր դեր խաղում։
Գիրքը, ըստ նրա, նախատեսված է լայն լսարանի համար՝ մարկետինգի և հաղորդակցության ներկա և ապագա մասնագետներ, ձեռնարկատերեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և, իհարկե, սովորական մարդիկ։ Յուրաքանչյուրը, ըստ Նալբանդյանի, գրքում իր համար հետաքրքիր և օգտակար բան որևէ բան կգտնի։
Բրենդինգ․ բարդի մասին պարզ ձևակերպմամբ
Բրենդը ընկերության, կազմակերպության կամ անձի «ապրանքային նշանն» է, «ֆիրմային նշանը», որը ճանաչելի է դարձնում նրանց: Իսկ բրենդինգը, համապատասխանաբար, բրենդի ստեղծումն է, ընկերության կամ անձի դրական իմիջի ստեղծումը և մարդկանց ուղեղում այդ իմիջի ամրապնդումն է:
Եթե որևէ բան ոճային է և ճանաչելի, ըստ Նալբանդյանի, դա դեռ բրենդ չէ։ Իրական բրենդը պետք է ունենա մի շարք հատկություններ. այն պետք է բավական երկար ժամանակ առկա լինի շուկայում, ընդորում՝ ոչ միայն տեղական, այլև գլոբալ շուկայում։ Բացի դրանից՝ տվյալ շուկայում այն պետք է առաջատար դիրք զբաղեցնի իր կատեգորիայում և ասոցացվի սոցիալական բարձր կարգավիճակի հետ։
Գրքում Լիլիթ Շաքարյանը պատմում է այն մասին, թե ինչպես ստեղծել կայուն և հուսալի բրենդներ, որոնք կդառնան բիզնեսի շարժիչ ուժը, նկարագրում է ընկերությունների, անձանց և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալիզացիայի տեսական և գործնական ասպեկտները, ինչպես նաև վերլուծում է մրցակցային շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։
Գրքում բերված բազմաթիվ օրինակներ հայ ընթերցողին քաջ հայտնի են ու հասկանալի։ Խոսքը վերաբերում է թե՛ «Արարատ» կոնյակին՝ ապրանքանիշ, որով Հայաստանը հայտնի է աշխարհին, թե՛ ֆրանսահայ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրին՝ որպես անհատական բրենդինգի բացառիկ օրինակ, և շատ այլ օրինակների։
Ինչո՞ւ է երկրին անհրաժեշտ բրենդ
Միանգամայն հասկանալի է, թե ինչու է բիզնեսին կամ մարդուն անհրաժեշտ իր սեփական բրենդը, լինի դա շոու-բիզնեսի ներկայացուցիչ, քաղաքական կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն։ Դա նշանակում է և՛ ճանաչում, և՛ մրցունակության բարձրացում և օժանդակություն սեփական նպատակներին հասնելու համար:
Բայց ինչո՞ւ է անհրաժեշտ բրենդը երկրի պարագայում:
Գրքում Շաքարյանը պատմում է, որ երկրի բրենդի ստեղծումը նույնքան կարևոր է, որքան կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծումը. սեփական բրենդը և ճանաչումը բարձրացնում են երկրի մրցունակությունը համաշխարհային տնտեսությունում, ստեղծում են անհրաժեշտ իմիջ և օգնում շահեկան տեղ զբաղեցնել այլ երկրների կողքին։
Հայաստանը, ցավոք, դեռ չունի իր բրենդը։ Նալբանդյանն ասում է, որ դրանում վաղուց է համոզվել. այլ երկրներ շրջագայությունների ժամանակ հաճախ է բախվել այնպիսի իրավիճակների, երբ օտարերկրացիներին ասել է, թե որտեղից է, և նրանք նորից հարցրել են. «Արմենիա՞։ Ռումինիա՞»։ Ընդորում՝ ոմանք երկիրը ճանաչել են հայտնի մարդկանց շնորհիվ, ինչպիսին է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։
Շաքարյանն իր գրքում վերլուծում է «երկրի բրենդի» գաղափարը և ներկայացնում քաղաքային ինքնության և դիզայնի ստեղծման նախագիծ՝ հայկական քաղաքների օրինակով։
Հայ հեղինակը՝ ողջ աշխարհում արդի թեմայի մասին
Լիլիթ Շաքարյանը սոցիոլոգ է և մարկետինգային հաղորդակցության մասնագետ, որն աշխատանքի մեծ փորձ ունի ինչպես բրենդինգի, այնպես էլ մարկետինգի և դասավանդման ոլորտում: Ինֆորմացիան, որը նա ներկայացնում է իր նոր գրքում, հիմնված է ինչպես անձնական, եզակի փորձի, այնպես էլ միջազգային լավագույն փորձի վրա, ընդգծեց Գնել Նալբանդյանը։
«Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ»-ը Շաքարյանի երրորդ գիրքն է։ 2021-ին նա հեղինակել է բրենդինգի մասին առաջին հայալեզու մասնագիտական գիրքը՝ «Բրենդի կառավարում»-ը։ Նույն թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում»:
Լիլիթ Շաքարյանը 14 տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում և դարձել 10 առարկայական ծրագրերի և մի քանի գիտական հոդվածների հեղինակ։ Դասախոսություններ է կարդացել Եվրոպայի առաջատար համալսարաններում (Շվեյցարիա, Չեխիա, Գերմանիա, Իսպանիա, Հունգարիա): Այժմ ԱՄՆ Նևադայի համալսարանում հետազոտող գիտնական է և իրականացնում է գիտական հետազոտություն «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» դոկտորական (PhD) ծրագրով։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը