Ինչու են մարդիկ սկսել ավելի շատ գիրք կարդալ. հրատարակիչների դիտարկումները
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով աճում է: Հրատարակիչները փաստում են, որ տարեց տարի մարդիկ ավելի շատ են խոսում գրքի մասին, ավելի շատ են գիրք ձեռք բերում ու ավելի շատ են կարդում:
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրքի նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով աճում է: Հրատարակիչները փաստում են, որ տարեց տարի մարդիկ ավելի շատ են խոսում գրքի մասին, ավելի շատ են գիրք ձեռք բերում ու ավելի շատ են կարդում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը նշեց, որ սա մի քանի տարվա աշխատանքի արդյունք է:
«Գրքի հանրահռչակման պրոցեսները սկսվել են ավելի վաղ, թերևս, 2012 թվականից, երբ Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հրատարակչություններն ավելացան, պետությունը որոշակի աջակցություն ցուցաբերեց ոլորտին»,-ասաց Հայկ Համբարձումյանը:
«Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի խոսքով, դժվար է մեկ գործոնով պայմանավորել գրքի նկատմամբ մարդկանց հետաքրքրության աճը:
«Նպաստող գործոնները տարբեր են, նույն «Արմենպրես»-ի օրինակը, որ ամեն շաբաթ ներկայացնում է բեսթսելերները: Մյուս կողմից հրատարակիչները սկսել են զգալ, թե ընթերցողն ինչի կարիք ունի: Մեզ մոտ նախկինում գրախանութներում կամ դասական գրքեր էին կամ հին հրատարակությունների վերահրատարակություններ էին: Հիմա տեսնում ենք, որ ոչ միայն կազմերն են հետաքրքիր, որոնք գրավում են մարդկանց, այլև որակը, բովանդակության բազմազանությունը: Ընթերցանությանը նպաստում են նաև սոցիալական ցանցերը, որոնց միջոցով գրքերը ներկայացվում են հասարակությանը»,-ասաց Գոհար Մանուկյանը:
«Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանի կարծիքով, գրքի հանրահռչակման գործընթացը սկսվել է տասնյակ տարիներ առաջ, երբ հրատարակչություններն ու գրավաճառ կազմակերպությունները կատարեցին ներդրումներ ու կամաց-կամաց շուկա ձևավորվեց:
«Ինչ-որ կետից հետո տարիներ շարունակ արված աշխատանքի արդյունքները տեսանելի դարձան: Մի կողմից գրքի նկատմամբ պահանջարկն ավելացավ, մյուս կողմից գրահատարակիչները սկսեցին ապահովել համապատասխան տեսականիով, սկսեցին թարգմանել, ներկայացվեցին ժամանակակից գրողները: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ զարգացնել ոլորտը»,-ասաց Լորիս Վարդանյանը:
«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի խոսքով, այդ ամենին նպաստեց նաև այն, որ այսօր ընթերցողն ընտրության լայն հնարավորություն ունի: Այսինքն՝ գրախանութներում հնարավոր է գտնել ցանկացած ճաշակի գրականություն:
«Դրանից բացի, նախկինում շատ նախընտրելի գրքեր ռուսերեն կամ անգլերեն տարբերակով էին հասանելի, իսկ այսօր հրատարակիչների աշխատանքի շնորհիվ դրանք ներկայացված են նաև հայերենով: «Անտարես»-ի օրինակը բերեմ, մենք բոլոր տարիքային խմբերի համար ունենք գրականություն»,-ասաց Ռոզա Գրիգորյանը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով, պետք է տարբերակել գիրքը վաճառելն ու գիրքն ընթերցելը: Վաճառել, դեռ չի նշանակում ընթերցել:
«Եթե գրադարաններն այնպիսի վիճակում են լինեին, որ գոնե պահանջված գրքերից ի զորու լինեին 10-15 օրինակով ձեռքբերել, ապա հավատացնում եմ, որ ընթերցողների բանակը կավելանա: Կարծում եմ, որ պետք է գրադարաններին պետական մակարդակով մոտեցում ցուցաբերվի, որ համալրվեն նոր գրքերով: Եթե ընթերցողը մեկ, երկու անգամ գնաց գրադարան ու իր ցանկացած գիրքը չկարողացավ ձեռք բերել, ապա կարող է երրորդ անգամ չգնալ»,-ասաց Դավիթ Սամվելյանն՝ ընդգծելով, որ մարզային, համայնքային գրադարաններում խնդիրն ավելի սուր է:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է