Ինքնակենսագրություն և հուշագրություն. հայերեն է հրատարակվել Հրանտ Դինքին նվիրված «Ակոս» գիրքը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից թուրքական հասարակության մասին պատմող «Ակոս» վեպը թարգմանվել է հայերեն:
Ֆրանսիացի արձակագիր, լրագրող Վալերի Մանտոյի՝ ֆրանսիական ամենաբարձր գրական պարգևներից մեկին՝ «Ռընոդո» մրցանակին արժանացած ստեղծագործությունը հայ ընթերցողներին ներկայացվեց Հրանտ Դինքի սպանության տարելիցին՝ հունվարի 19-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Ներկա էր նաև հեղինակը:
«Գիրքը նվիրված է Հրանտ Դինքին, որը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում: Գրքի հայերեն հրատարակությունը մեզ համար Դինքին հարգանքի տուրք մատուցելու ձև է, բացի այդ՝ այն խորհրդանշական է նրանով, որ նվիրված է խոսքի ազատությանը: «Ակոս»-ում մենք հանդիպում ենք թուրք մտավորականների, որոնք մեծ խնդիրներ են ունեցել իրենց իշխանությունների հետ ու շարունակում են ունենալ մինչ օրս»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:
Նա տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 18:00-ին ՀԲԸՄ-ում, հունվարի 21-ին Վալերի Մանտոն այն կներկայացնի Գյումրիում, իսկ հունվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Սերժ Ավետիքյանի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի նախադիտումը:
Լաքոթը շնորհակալություն հայտնեց վեպի հրատարակման բոլոր աջակիցներին և ընդգծեց, որ, «Ակոսը» հայերեն թարգմանելով, ցանկանում են նպաստել Հայաստանում ֆրանսիական գրականության զարգացմանը:
«Ակոս» գրքի գլխավոր հերոսուհին սիրահարված է Ստամբուլին ու քաղաքի բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափը, ատելությունն ու կասկածը: Կատարվող իրադարձությունները թուրք ընկերների հետ քննարկելիս գլխավոր հերոսուհին լսում է Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին: Այդ օրվանից հետո պատմությունը նրան հանգիստ չի տալիս:
Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ հերոսուհին 1.5 տարի հետաքննում է Դինքի կյանքը: Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, էժան ճաշարաններում քյաբաբ ուտում, տրվում յոգային, քայլում այն բանտերի մոտով, որոնցում իրենց հայացքների համար տառապում են 150 լրագրող: Նա հետևում է Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»: Այս դժոխքում են ահաբեկիչները 2016-ին հարձակվում Աթաթուրքի անվան օդակայանի վրա: Այն նույն օդակայանի, որտեղով 2017-ին հերոսուհին փախչում է Ֆրանսիա՝ իր վիզայի ժամկետը լրանալուն պես:
Միջոցառմանը Վալերի Մանտոն խոստովանեց, որ գիրքը գրելու մտահղացումն առաջացել է Դինքի ուղերձը հասանելի դարձնելու նպատակով: «Թուրքիայում գիրքը մինչ օրս չի թարգմանվել, սակայն այն կա: Ուրախ եմ, որ «Ակոսը» թարգմանվել է հայերեն: Դա ինձ հնարավորություն տվեց գալ Հայաստան»,- նշեց Մանտոն:
Նա շեշտեց, որ գրքով ցանկանում է համեստորեն անել այն, ինչը ժամանակին արել է Հրանտ Դինքը՝ պատմել բոլոր մարդկանց մասին, որոնք շարունակում են իրենց պայքարը այսօրվա Թուրքիայում:
Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ասաց. «Մինչև պատերազմը «Ակոս» գիրքը հետաքրքիր էր որպես ֆրանսիական հայացք Հրանտ Դինքին, իսկ հիմա հետաքրքիր է որպես ֆրանսիական հայաց թուրք հասարակությանը: Մեր հրատարակչությունը «Ակոս» վեպը ներկայացնում է նախ և առաջ որպես ֆրանսիական ժամանակակաից ու շատ լավ ստեղծագործություն, որը մի քանի ժանրերի խաչմերուկում է: Այն և՛ ինքնակենսագրական է, և՛ սիրավեպ, և՛ հետազոտություն: Այս ժանրային միքսը դոկումենտալիզմ է հաղորդում պատումին՝ այն դարձնելով հուզական և համոզիչ»:
Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:
35-ամյա Վալերի Մանտոն հայտնի լրագրող է և սյունակագիր։ 2008-2013 թվականներին աշխատել է Charlie Hebdo հայտնի ամսագրում։ 2017 թվականից ապրելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում Հրանտ Դինքի և նրա թողած ժառանգության հետքերը բացահայտելու գործին և 2018-ին հրատարակում է Le Sillon վեպը։
Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացավ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը ՝ Renaudot-ը: Le Sillon-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ակոս»՝ ի պատիվ Հրանտ Դինքի հրատարակած պարբերականի: