Կայացավ Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը
«Մարդ ծնվելը սովորական, բնական երևույթ է, մարդ լինելն է դժվար»։ Այս խոսքերի հեղինակն է 20-րդ դարի նշանավոր գիտնական, պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանը, ում 120-ամյակի կապակցությամբ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնութամբ «Newmag»-ը հրատարակել է Աել
«Մարդ ծնվելը սովորական, բնական երևույթ է, մարդ լինելն է դժվար»։ Այս խոսքերի հեղինակն է 20-րդ դարի նշանավոր գիտնական, պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանը, ում 120-ամյակի կապակցությամբ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնութամբ «Newmag»-ը հրատարակել է Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գիրքը։
Գրքի շնորհանդեսին «Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց՝ սա գիրք է մի մարդու մասին, ում կենսագրությունն առաջին հայացքից թվում է հոլիվուդյան ֆիլմի սցենար: Կյանքի առաջին 4 տասնամյակն անցել է փորձություններով, բռնադատվել է, երեք տարի անցկացրել անազատության մեջ: Այս աշխատությունն այն մասին է, որ ի հեճուկս փորձությունների և դժվարությունների, Հասրաթյանը չի կորցրել հավատը մարդկանց հանդեպ, հետաքրքրությունը՝ կյանքի ու սերը հայրենիքի նկատմամբ։
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ նրան անվանել են քայլող հանրագիտարան, քանի որ եկել և գործընկերն էր դարձել իր ուսուցիչների՝ Լեո, Մանանդյան, ովքեր ունեին համակողմանի, բազմազան գիտելիքներ, ինչը փորձում էին ծառայեցնել Հայաստանին ու հայրենիքին։
«Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը Մորուս Հասրաթյանի ամենաանվանի ուսանողներից է եղել։
«Գիրքը գիտական է։ Այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Այն, ինչ եղել է Մորուս Հասրաթյանի կատարածի մեջ, գրքում նույնությամբ ներկայացված է»,- ասաց Ա. Դոլուխանյանը։
Նրա խոսքով, այսպիսի մարդիկ հաճախ չեն ծնվում։
«Իր բոլոր գործերում նա շարունակ մտավախություն ունի, որ ադրբեջանցիները, այսինքն թուրքերը, մի օր Երևանի գլխին ինչ-որ բան են բերելու։ Նա մի հոյակապ ուսումնասիրություն ունի նվիրված Էրեբունի-Երևանին, փաստերով ապացուցում է, որ հայերը 5000 տարի ապրում են Երևանում, երևույթ, որը եզակի է հատկապես Առաջավոր Ասիայի տարածքում»,- նշեց հեղինակը։
Ասում էին՝ քիչ էր գրում Մորուս Հասրաթյանը։
«Քիչ էր գրում, որովհետև ամեն ինչ ստուգում էր, չէր սիրում որևէ մեկն անապատասխանատու հայտարարություն էր անում կամ գրում»,- ասաց Ա.Դոլուխանյանը։
Հասրաթյանի գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Պեղումներ է իրականացրել Սիսիանի Անգեղակոթում։ Նա պնդում, ապացուցում ու փաստեր է ներկայացնում, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանը թաղված է հենց այդտեղ։ Մորուս Հասրաթյանի բացառիկ պեղումների շարքին է պատկանում ոսկեդարի գրող-պատմիչ Մովսես Խորենացու ծննդավայրի վերաբերյալ ապացույցներ։
Գրքում ներկայացված են նրա ու նշանավոր մարդկանց բարեկամության մասին պատմություններ: Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Ակսել Բակունցը, նշանավոր պատմաբաններ ու ակադեմիկոսներ նրա մտերիմ ընկերներն են եղել։
Նա եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։
Չարենցի ու Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվել է ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չի վախեցել մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպել է փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարել հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։
Երբ Մորուսը Չարենցին պատմում է, որ կարողացել է վերծանել ու թարգմանել Սայաթ-Նովայի խաղերը, Չարենցը ոգևորված պատգամում է. «Ամեն ինչ թող ու Սայաթ-Նովայի 100-ից ավելի ոտանավորները վերծանիր։ Միայն դա բավական է, որ անմահանաս...»։
Մորուս Հասրաթյանը ոչ միայն թարգմանել է Սայաթ-Նովայի տաղերը, այլ անհերքելի է դարձել նրա հայկականությունը, Գրիգոր Հասրաթյանի հետ հիմնել է Էրեբունի-Երևան տոնը, նրան է պատկանում Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամբողջ աշխարհում նշելու գաղափարը, իրար է կապել Խորհրդային Հայաստանի և սփյուռքի մտավորականներին։
Աելիտա Դոլուխանյանի բացառիկ տեղեկություններով հարուստ այս աշխատությունն ամբողջական է դարձել նաև լուսանկարների ներդիրով:
Գրքի խմբագիրը Մորուս Հասրաթյանի որդին է՝ Մուրադ Հասրաթյանը։
Գրքի շնորհանդեսին Մուրադ Հասրաթյանը նշեց, որ իր հայրն իսկապես իր կյանքը նվիրել է հայ ժողովրդի խնդիրներին. «Մեզ էլ՝ ինձ, եղբորս, թոռներին, դաստիարակել է այդ ուղղությամբ՝ նվիրվել Հայաստանի, հայ ժողովրդի խնդիրներին։ Մենք մեր ուժերի ներածի չափ կատարում ենք այդ պատգամը»։
Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը