«La Bohème. Անցած օրեր». Շառլ Ազնավուրի կյանքի ու բեմի կուլիսներում մնացած պատմություններով ամենածավալուն գիրքը` հայերեն
«La Bohème. Անցած օրեր»․ հենց այսպես է կոչվում Շառլ Ազնավուրի ամենածավալուն ինքնակենսագրականը, որը գրել է տասնութ տարի առաջ ու խոսել իր կյանքի ու բեմի կուլիսներում մնացած ամենահետաքրքիր, հուզիչ ու դրամատիկ պատմությունների մասին, թե ինչպես է հանդիպել ու կյ
«La Bohème. Անցած օրեր»․ հենց այսպես է կոչվում Շառլ Ազնավուրի ամենածավալուն ինքնակենսագրականը, որը գրել է տասնութ տարի առաջ ու խոսել իր կյանքի ու բեմի կուլիսներում մնացած ամենահետաքրքիր, հուզիչ ու դրամատիկ պատմությունների մասին, թե ինչպես է հանդիպել ու կյանքը կապել իր երեք կանանց հետ ու ինչպես է գոյատևել երկրորդ աշխարհամարտի տարիներին, պատմել Նյու Յորքի արկածների մասին:
«Ինքը 89 տարեկանում գիրք գրեց, ապշելու բան է դա: Ես ուրիշ օրինակներ չգիտեի, Գյոթեն 65 տարեկանում «ֆաուստ»-ը գրեց վերջացրեց ու ասաց, թե ես հիմա կարող եմ մահանալ: Ազնավուրը չէր ուզում մահանալ, կառչել էր կյանքից ու չէր մահանա, եթե ոտքը չսայթաքեր. ընկավ մահացավ լոգարանում»,- նշեց գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը:
Գրքի թարգմանիչը Ռումինիայում, Չեռնոգորիայում Հայաստանի նախկին դեսպան, Ֆրանսիայում նախկին դեսպանորդ, դիվանագետ Համլետ Գասպարյանն է, որն այն թարգմանել էր դեռևս երկու հազար չորս թվականին, բայց միանալով «Նյումեգ»-ի ազնավուրյան շարքի թարգմանական նախաձեռնությանը, վերաթարգմանեց բազմաթիվ հատվածներ ու վերախմբագրեց գրքում տեղ գտած բանաստեղծությունները, քանի որ, նրա խոսքով, ժամանակին թարգմանությունն արել էր հապճեպ։ Համլետ Գասպարյանը շնորհանդեսից ընդամենը երկու շաբաթ առաջ ծանր հիվանդությունից մահացավ ու չհասցրեց վայելել վերջնարդյունքը։
«La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսին զուգահեռ՝ ազնավուրասերներին ներկայացվեց շանսոնյեի «Տարեք ինձ» երգը հայերեն։ Հենց այս ստեղծագործության մեղեդու ներքո երեք տարի առաջ աշխարհը Ազնավուրին հրաժեշտ տվեց: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ան Լույոն:
«Թեկուզ Շառլ Ազնավուրը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց շարունակում է հոգով մեզ հետ մնալ և լինել երկու երկրների բարեկամության խորհրդանիշը: Առաջին անգամ էի Ազնավուր լսում հայերեն: Շուշան Պետրոսյանը կարողացել է փոխանցել հոգին, նա ուղղակի հիանալի ձյան ունի: Երկու մշակույթների և ժողովուրդների հարաբերությունները զարգացնելու համար թարգմանությունները շատ կարևոր դեր են կատարում: Ցանկանում եմ արժանին մատուցել «Նյումեգ» հրատարակչությանն ու լուսահոգի թարգմանչին»,- նշեց դեսպան Լույոն:
Սա արդեն ազնավուրյան երգացանկի երկրորդ գործն է, որ հնչում է հայերեն նոր գործիքավորմամբ: Շուշան Պետրոսյանը վերհիշեց`երաժշտական իր առաջին քայլերը սկսել է հենց մեծ արտիստի երգը կատարելով. «Ամեն մի երգը մի ճակատագիր է, մի հետաքրքիր ֆիլմ է, Մոնմարտրի անկյունում ապրող մի երիտասարդի կյանք է կամ սիրահարված մի խենթ փարիզեցու կյանք է: Ավելի ֆրանսիացի երգչի չեմ ճանաչում»,- նշեց երգչուհին:
Վեցերորդ գրքով ավարտվում է լեգենդար արտիստի արձակ ժառանգությունը: Առջևում նրա պոեզիան է` իրական, ինչպես Ազնավուրի կյանքը, դժվար, պարզ, բայց միևնույն ժամանակ բարդ ու բուռն:
Մանրամասները` տեսանյութում։