Լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը
Newmag-ը հրատարակել է վաղամեռիկ լրագրող, քաղաքագետ, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:
Newmag-ը հրատարակել է վաղամեռիկ լրագրող, քաղաքագետ, վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:
Քաղաքագետի տարբեր տարիներին գրված և հրապարակված քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները մեկ ժողովածուով հրատարակվել են Հայրապետյանի կնոջ՝ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ:
«Գիրքն ունի 4 բաժին: Առաջինում զետեղված են անկախության պահպանմանը, պետականության կառուցմանը և հայկական պետության հետագա զարգացմանը վերաբերող ռազմավարական տեսակետներն ու խնդիրները: Երկրորդում տեղ են գտել հեղափոխության, դրա հնարավոր անցանկալի հետևանքների և այլընտրանքային ուղիների մասին մտորումները: Հաջորդ գլխի առանցքը քաղաքագիտությունն է՝ որպես գիտակարգ և ազգակազմավորման գործոն: Իսկ վերջին բաժնում շոշափվում է գործող աշխարհաքաղաքականության շարժիչ ուժի գիտակցության խնդիրը, դրա առաջնային դերը ցանկացած հասարակության, պետության, գաղափարախոսության ձևավորման գործում»,- նշեց Նազենի Ղարիբյանը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ Տիգրան Հայրապետյանի հետ շփվել է 1990-ական թվականներին: «Ինձ համար շատ կարևոր էր մեկ հանգամանք. Անկախ Հայաստանի առաջին տասնամյակում ստեղծագործող մի սերունդ էր, որը որևէ ձևով պետք է տարբերվեր սովետական քաղաքագիտական մտքից կամ ինտելիգենցիայից: Տիգրան Հայրապետյանն ինտելեկտուալ էր: Կարծում եմ՝ 30 տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքագիտական մտքի ինչ-որ մի շերտ ապահովել, և այսօր, այս գրքի հրատարակմամբ պետք է որ էստաֆետ փոխանցենք, որ 30 տարի անց էլ հնարավոր լինի հրատարակել քաղաքագիտական մտքի փայլուն նմուշներ, որպեսզի նոր սերունդը կարողանա ձևակերպել իր քաղաքագիտական միտքը, որը կհակասի նախորդներին կամ զուգահեռ կլինի: Պարզապես դրա համար պետք է ունենալ մտահորիզոն և տեսակետ, ինչն ուներ Տիգրան Հայրապետյանը»,- ելույթի ժամանակ ասաց Գնել Նալբանդյանը:
Ճակատագրական օրը՝ մարտի 9-ին, Տիգրան Հայրապետյանի կողքին գտնվող նրա ընկերներից Սամվել Մելքոնյանն էլ նշեց. «Մեր ընկերությունն ընդամենը 5 տարվա տևողություն ունեցավ: Նա մեր տան դիմաց մի օֆիս էր վարձել, ու, այսպես ասենք, որպես հարևաններ՝ իրար հետ շփվում էինք: Շատ լրագրողներ, գործիչներ էին գալիս այդ օֆիս, քննարկումներ էին գնում: Շատ անգամ այդ օֆիսում եղել է նաև Նիկոլ Փաշինյանը ու, երբ նրան համալսարանից հեռացրեցին՝ Տիգրանը, ոնց որ ասած՝ վերցրեց այդ շեֆությունը, որ Նիկոլ Փաշինյանին պետք է «դաստիարակի» այն ոգով, ինչ իրեն պետք էր»:
Հավելենք, որ Տիգրան Հայրապետյանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։
Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով (ողբերգական զուգադիպությամբ՝ իր մայրիկի ծննդյան օրը)։ 1999 թվականի մայիսի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը Տիգրան Հայրապետյանին վրաերթի ենթարկած (որի արդյունքում ստացած վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում) Անդրանիկ Մաշակարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը