«Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնվանուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը
Լույս է տեսել Շառլ Ազնվանուրի հեղինակած «Մեղմ շշուկով» գրքի հայերեն թարգմանությունը։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել Ֆրանսիայում, 2009 թվականին։ Գրքում Ազնավուրը պատմում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին, ինչպես նաև բացատրում է, թե հետո ինչպես եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները:
Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը կարևորում է գրքի թարգմանությունը, թեև չի գերագնահատում գրքի գեղարվեստական արժեքը․ «Ինքնակենսագրական վեպ է, որի շնորհիվ մենք առաջին ձեռքից ենք իմանում իր մասին։ Նա ցածր ձայով խոսում է երիտասարդների հետ, սակայն չի ուզում հրամայական տոնով խոսել, խոսում է հավասարը հավասարի հետ, նույնիսկ մի փոքր ցածր, խորհուրդներ տալիս է, բայց շատ զգուշությամբ»։
Գրքի խմբագիր Համլետ Գասպարյանը շեշտեց, որ Ազնավուրը տարբեր գրքեր ունի, որոնցում ամեն անգամ իրեն հայտանբերում ես․ «Ազնավուրի երգերը հարյուրավոր անգամներ լսում ենք, չենք ձանձրանում, չենք հոգնում։ Գրականությունը, հատկապես արձակը այդպես չէ, 1-2 անգամ կարդում ես, մտածում ես, որ այլևս բան չկա, բայց զարմանալի է, որ Ազնավուրի պարզ ինքնակենսագրականը ամեն անգամ կարդալիս նոր շերտեր ես հայտնաբերում»։
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։
Նիկոլ Ազնավուրը նշեց, որ գրքի թարգմանության շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան ընկալել Ազնավուրին․ «Շատ կարեւոր է, որպեսզի Ազնավուրի գործերը թարգմանվեն հայերեն, քանի որ եթե մարդիկ չկարդան, չհասկանան, նրա տեքստերը, չեն կարող ընկալել:
Թարգմանությունը շատ կարեւոր եմ համարում, քանի որ հայրս դրա միջոցով իր արվեստը տարածեց աշխարհով մեկ:
Շատ գործեր կան,որոնք դեռ թարգմանված չեն եւ մեր հիմնադրամի առաքելություններից մեկը հենց դա է»:
Գիրքը հրատարակել է NewMag հրատարակչությունը։ Գրքի հրատարակությանն աջակցել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: