Մշակույթ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՓՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՎ ՇԱՏ ՓՈՂ ՈՒՆԵՆԱԼ
05/29/2025

Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց փողի հետ գործ ունենալիս՝ անհաջողակ։
Բանն այն է, որ ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է եւ կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Ամերիկացի գրող, ներդրող Մորգան Հաուզելի հեղափոխական գիրքը՝ «Փողի հոգեբանությունը», հայերեն է հրատարակել Newmag հրատարակչությունը (գրքի գլխավոր գործընկերը Apricot Capital CJSC-ն է):
Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։ «Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից եւ ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։ Աշխարհում վաճառվել է գրքի ավելի քան 10 միլիոն օրինակ։ The Wall Street Journal-ն այն համարել է վերջին տարիների լավագույն եւ ինքնատիպ ֆինանսական գրքերից մեկը:
Թե որն էր գիրքը թարգմանելու իր մոտիվացիան, շնորհանդեսի ժամանակ գրքի թարգմանիչ Անուշ Սեդրակյանը կես լուրջ-կես կատակ ասում է` ինքն էլ, շատերի պես, ուզում է շատ փող ունենալ, իսկ գիրքը կարդալու ընթացքում հասկացել է, թե ինչու այն դարձավ բեսթսելլեր. «Նախ` այն հասանելի, կարճ եւ բավականին պատկերավոր ձեւով է ներկայացված, գործնական մասի օրինակները, իլյուստրացիաները կրկնակի շատ են, քան տեսական հատվածը, իսկ դա միշտ կարեւոր է ընթերցողի համար։ 3-րդը հոգեբանական կողմն է, քանի որ մարդիկ ուզում են իրենք իրենց ճանաչել, եւ յուրաքանչյուր նյութ, որ թույլ է տալիս ինքնաճանաչումն ավելի ընդլայնել, մարդկանց գրավում է: Իսկ տնտեսական կյանքը, ոչ պակաս, քան սեքսուալ կյանքը, մշտապես մարդկանց հետաքրքրասիրության թիրախում է: 4-րդ պատճառը` գիրքը խիստ լավատեսական է, թեպետ ոչ մի ռեալ, փաստական նյութ չկա, բայց հենց միայն այն միտքը, որ երբեք ուշ չէ սկսել 50-ում, 60-ում, 70-ում, եւ որ կարելի է դառնալ միլիարդատեր, երբ դու ունես հստակ նպատակ, այդքանն արդեն մարդկանց խիստ ոգեւորում է»:
Գիրքն ու դրա խորհուրդները թարգմանչի վրա այնքանով են ազդել, որ դրանից հետո կուտակային հաշիվ է բացել եւ իր բոլոր եկամուտների 10 տոկոսը փոխանցում է այդ հաշվին: Բայց միաժամանակ հասկացել է, որ չի կարող հետեւել գրքի ամենակարեւոր խորհուրդներից մեկին` քիչ ծախսել` խնայողություն ունենալու համար:
Ինչպես նկատում է Ա. Սեդրակյանը, շատ մարդկանց թվում է, թե հարստությունը միայն աշխատանքի խնդիր է, մինչդեռ մեզ վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնից մեկը տվյալ տեղում տվյալ ժամանակի մեջ ծնված լինելու գործոնն է, որը հաճախ անհաղթահարելի է: Ըստ այդմ, այս գիրքը թույլ է տալիս, որ ինքնակեղեքող քննադատությամբ չվերաբերվենք ինքներս մեզ, քանի որ կան նաեւ շատ արտաքին գործոններ։ «Այդ անկայուն հանգամանքները միակ կայուն բանն են մեր կյանքում, եւ սա այս գրքի խորհուրդներից մեկն է,- ասում է գրքի թարգմանիչն ու նկատում, որ, օրինակ, իր համար այնքան էլ ընդունելի չէ ավել գումարները միայն խնայողությանն ուղղելը եւ ոչ ճամփորդություններին, նոր հնարավորություններին, հաճույքներին։- Ու սա ոչ թե վատնողի, այլ արկածախնդրի հոգեբանություն է: Երջանկությունը նյութականացնելով՝ մենք հեշտացնում ենք մեր գործը եւ արդյունքում պարզում ենք, որ ոչ մեկն էլ այդքան երջանիկ չէ: Ոչ թե որ փողը երջանկություն չի բերում, ոչ, քանի որ փողը հիմնական բոլոր դեպքերում կանխում է դժբախտությունը»:
«Փողի հոգեբանությունը» գիրքը քննարկում է փողի հետ վարվելու նաեւ հոգեբանական գործոնները` ցույց տալով, որ փողն ու ֆինանսները միայն հաշվարկների մասին չեն, այլ նաեւ շատ ասպեկտներով առնչվում են մարդկանց հոգեբանությանը: Նման համոզմունք է հայտնում շնորհանդեսի բանախոսներից` «Էփրիքոթ Կապիտալ» ներդրումային ընկերության տնօրեն Վաչիկ Գեւորգյանը։ «Նույն իրավիճակում, նույն գիտելիքներն ունեցող երկու մարդ արժույթների շուկայի մասին կարող են 2 տարբեր կարծիք հայտնել` կախված նրանից, թե երիտասարդ տարիներին ինչ փորձառություն են ունեցել եւ, ըստ այդմ, տարբեր կերպ վարվել նույն իրավիճակում, քանի որ ունեն նույն գիտելիքները, բայց տարբեր կենսափորձ: Հետեւաբար, իրենց որոշումները կախված կլինեն նաեւ այն հանգամանքից, թե ինչ են տեսել իրենց կյանքի փորձով»,- ասում է Վ. Գեւորգյանն ու նկատում, որ կառավարելով մեր էմոցիաները՝ կառավարում ենք նաեւ մեր փողերը, եւ ցանկացած ճգնաժամային իրավիճակում պետք է նաեւ հնարավորություններ տեսնել: Ինչ վերաբերում է «գիտելիք, թե կարգապահություն» երկընտրանքին, ապա, ըստ նրա, կարգապահությունը ոչ միայն ֆինանսների ոլորտում, այլեւ ամենուր հաջողության ամենամեծ գրավականն է, իսկ ֆինանսական գրագիտությունը պետք է սովորել, ինչպես որ օտար լեզուներն ենք սովորում:
Եվրո-ասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանն ասում է` շատ փող ունեցող մարդիկ զբաղվում են ոչ միայն գործարարությամբ, այլեւ փողի ներդրման տարբեր հարթակներից են օգտվում։ «Իրենք մի քիչ ուրիշ ձեւ են մտածում, չեն ասում` մի հատ տուն, մի հատ մեքենա ունենամ, այլ մտածում են` ոնց անեմ, որ այս փողն ավելի շատ փող դարձնեմ: Ուրիշ բան, երբ մարդը չունի որեւէ գաղափար, բայց ուզում է հարուստ լինել, օրինակ՝ ես իմ ուսանողներին հարցնում եմ` ինչքա՞ն փող եք ուզում, ասում են` շատ, բայց թե ինչ են անելու այդքան փողը, չեն կարողանում պատասխանել: Ես, օրինակ, չեմ ուզում 1 մլրդ դոլար, որովհետեւ չգիտեմ ինչ անել այդ 1 մլրդ-ն: Աշխարհում կա շատ անիմաստ պտտվող փող, որը կարեւոր արդյունք ստեղծելուն չի ուղղվում: Կարեւոր է հաշվի առնել, որ երբ փող է ավելանում, այն պետք է ուղղել ներդրման ուղղությամբ, որպեսզի փողը փող բերի»,- ասում է նա ու ընդգծում, որ մեր հասարակությունում հիմնականում խուսափում են «փող» տերմինը կիրառելուց եւ օգտագործում են «գումար» բառը: «Մենք չենք սիրում փող ունեցող մարդկանց, քանի որ թվում է, թե հարուստները միշտ վատն են, եւ ես շատ ուզում եմ, որ այս մտածելակերպը Հայաստանում փոխվի»,- նկատում է Հովակիմյանը:
Ֆինանսական գրագիտության մասին հայալեզու շատ քիչ գրականություն կա՝ իր խոսքում նշում է Ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս, «Պարզից պարզ» փոդքաստի հեղինակ Արա Չալաբյանն ու ողջունում այս գրքի թարգմանությունը. «Այս գրքում ինչն է ինձ դուր գալիս, որ փողի կարեւորությունը բերում է այնտեղ, որտեղ դա պետք է լինի, այսինքն՝ ապրել փողի համար իմաստ չունի, կարեւորը նպատակներն են: Գրքում ասվում է, որ երբ դու կարողանում ես քեզ ապահովել բավարար ֆինանսներով, դա քեզ ազատություն է տալիս, այսինքն, փողի հարցը լուծելով՝ դու ստանում ես ազատություն` զբաղվելով նրանով, ինչով ուզում ես, եւ ոչ թե դառնում ես փողի գերի»:

Մորգան Հաուզել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆինանսապես կրթված մարդիկ երբեմն աղքատանում, իսկ շարքային աշխատողները՝ միլիոնատերեր դառնում։ Ինչպե՞ս է հնարավոր լինել բարձրագույն կրթությամբ ներդրող, բայց, փողի հետ գործ ունենալիս, անհաջողակ։ Ֆինանսական հաջողությունը սոսկ գիտելիքի արդյունք չէ։ Այն ավելի խորքային է և կապված է մարդու վարքագծի, որոշումների, բնավորության ու ընտանեկան պատմության հետ։ Մորգան Հաուզելը ներկայացնում է փողի վերաբերյալ մեր վարքի լավագույն ուղեցույցը։
«Փողի հոգեբանությունը» գիրքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է մտածել փողի մասին, ինչպես խուսափել ֆինանսական թակարդներից և ինչպես կայացնել կայուն ու խելամիտ որոշումներ՝ բյուջեից կամ մասնագիտական փորձից անկախ։
Կարդա նաև

Պատերազմից հետո․ Նարինե Աբգարյանի «Ապրել» գիրքը

NEWMAG-Ն ՈՒ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԶԻՆԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ

Երաժշտությամբ և գինեբույրով լի գրական-մշակութային օրեր. Newmag-ը փառատոն կանցկացնի

Анонс мероприятий на 25 мая
