newmag-ն ու ArmComedy-ն հանրությանն են ներկայացրել «Թքած ունենալու նուրբ արվեստը». համաշխարհային բեսթսելլերը հասանելի է նաև հայ ընթերցողին
Հունիսի 30-ին Newmag ընկերությունն ազդարարեց իր գրահրատարակչական նախաձեռնությունների մեկնարկը՝ հանրությանը ներկայացնելով թարգմանած առաջին գիրքը՝ համաշխարհային բեսթսելլեր դարձած Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»:
Գիրքն ընտրել է Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Ի սկզբանե որոշվել է՝ խոսքը գեղարվեստական գրքերին չի վերաբերվելու, քանի որ այդ ուղղությունն արդեն իսկ ճիշտ է մատուցվում: Այս թիմը հետաքրքրված է հրապարակախոսական, քաղաքական, տնտեսական ու մշակութային գրականությամբ:
Մարկ Մենսոնի գրքի թարգմանությունը վստահվել է ArmComedy նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանին ու Նարեկ Մարգարյանին, խմբագրումը՝ Գնել Նալբանդյանին:
«Ընտրեցինք մի գիրք, որը գրեթե բոլոր շուկաներում առաջատար է ու անտարբեր չի թողնի նաև հայ ընթերցողին: Սկզբում մտածում էինք, թե թարգմանությունը կկատարենք մեկ ամսում, սակայն այն 4 ամիս տևեց: Պaտճառն այն է, որ ցանկանում էինք ստեղծել մի գիրք, որի ընթերցանության ժամանակ չզգաս, որ այն թարգմանություն է: Կարծում եմ՝ խմբագրի և թարգմանիչների շնորհիվ այդ նպատակն իրագործվել է», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արտակ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ հայ հասարակությունն ընթերցող է, միայն թե կարևոր է` գիրքն ի՞նչ ակտուալություն ունի, ի՞նչ փաթեթավորում ու ի՞նչ արժեք.
«Ընթերցողներ շատ ունենք, բայց նրանք չունեն հնարավորություն՝ իրենց թույլ տալ գնել թանկարժեք գրքեր: Ես հասկանում եմ, որ կան անխուսափելի գրահրատարակչական ծախսեր, բայց մեկ է, միևնույն ժամանակ գրքի արժեքը պետք է լինի խելամտության սահմաններում: Կարծում եմ՝ մեր գրքի հաջողության գաղտնիքներից է նաև մատչելիությունը»:
Նարեկ Մարգարյանը նկատել է՝ այս գրքի թարգմանության հետ կապված ամենաքննարկվող թեման վերնագիրն է, ոմանք դժգոհ են «Թքած ունենալու նուրբ արվեստը» տարբերակից: Սակայն թարգմանիչը հավատացած է՝ այս վերնագիրը լիարժեք փոխանցում է այն, ինչն անհրաժեշտ է:
Գնել Նալբանդյանի խոստովանմամբ՝ սա իր թարգմանական առաջին խմբագրած գիրքն է, հրաշալի թիմի հետ է աշխատել, ու որևէ լուրջ բարդություն չի ծագել:
«Մենք 4-ով և՛ թարգմանում էինք, և՛ խմբագրում, և՛ վիճում ու այս կամ այն հարցում միմյանց համոզում կամ չհամոզում: Այս գրքի հեղինակը մի քանի ոճեր է օգտագործել. ամերիկյան խոսակցական լեզուն, որը շատ բարդ է հայերեն թարգմանել, բլոգերային ոճը, գիտականը, ժարգոնը… Ամենադժվարը, թերևս, վերջինիս թարգմանությունն էր», – ընդգծեց խմբագիրը:
Գ. Նալբանդյանը կեսկատակ–կեսլուրջ՝ թարգմանչական աշխատանքը համեմատեց տղամարդու՝ կնոջ մասին պատկերացման հետ. այն կամ շատ գեղեցիկ պետք է ստացվի, կամ՝ այն, ինչ կա:
«Սա հաջողված տարբերակ է: Ամբողջ թիմով ենք աշխատել՝ թարգմանությունն ու խմբագրումը անում էինք 4 հոգով: Սերգեյի և Նարեկի անգլերենից թարգմանությունը մենք համեմատում էինք ռուսերեն, հունարեն, ասորորեն, եբրայերեն լավագույն բնագրերի հետ»:
Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև books.newmag.am կայքը, որի միջոցով ցանկացողները կարող են օնլայն պատվիրել գիրքը: Bestseller.am կայքն էլ այսուհետ հանրությանը կծանոթացնի հայալեզու և ռուսալեզու բեսթսելլեր դարձած գրքերը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը