Newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը
Սա արդեն Ազնավուրի 3-րդ գիրքն է, որ հրատարակչատունը ներկայացնում է հաջորդավար։ 2019-ի մայիսին Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը, դեկտեմբերին՝ «Մեղմ շշուկովը»։
«Վերջին դուռը» Շառլ Ազնավուրը գրել է 87 տարեկանում, երբ արդեն կյանքի մեծ փորձ էր ձեռք բերել, անցել էր ճակատագրի բոլոր վայրիվերումներով։ Սա կոնցեպտուալ աշխատություն է և իր բովանդակությամբ լրացնում է Ազնավուրի մյուս 8 գրքերի պատմությունը։ Համլետ Գասպարյանը Ազնավուրի գործերը թարգմանում է մեծ սիրով։ Ազնավուրի խոսքը պետք է լինի գրագետ և սահուն հայերեն, բայց միևնույն ժամանակ պետք է խիստ հարազատ լինել Ազնավուրին, նրա լեզվին ու հարգել հեղինակին։
«Աշխատել եմ նվազագույն միջամտություն անել նրա խոսքում։ Երբ մի լեզվից մեկ այլ լեզու ես փոխադրում, միշտ էլ ինքդ քեզ ազատություն տալու ցանկություն է առաջանում, սակայն Ազնավուրի դեպքում պետք է պահպանել նրա ֆրանսերեն մտածողությունը», – ասում է Համլետ Գասպարյանը։
Ազնավուր թարգմանելը դժվար է այն առումով, որ գրողը սիրում է անընդհատ բառախաղեր անել։ Այդ հնարքը նա շատ է կիրառում չափածոյի և արձակի մեջ։ Թարգմանչի համար մարտահրավերը հենց դրանց հայերեն համարժեքները գտնելն էր։
«Կան պահեր, որ գրքում ծանոթագրությունների տեսքով նշել ենք, որ սա բառախաղ է և բացատրում ենք, թե ինչ է նշանակում։ Նա հանգերով է գրում և հայերենով չես կարող նույնը անել», – ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։
Ազնավուրն իր կյանքի մասին սկսել է պատմել դեռ 60-ականներից։ Այդ ժամանակվանից նա գրում է իր անցած ուղղու, դժվար մանկության մասին։ Նա ծնվել է 1924 թվականին, երբ հայ գաղթականների մեծ մասը հաստատվում էր Ֆրանսիայում։ «Վերջին դուռը» գրքում պատմում է գաղթական լինելու դժվարությունների մասին։ Նրա պատանեկությունը համընկավ 2-րդ համաշխարհային պատերազմի հետ, բախվեց սոցիալական բազմաթիվ խնդիրների հետ։
«Անգամ իր այդ փայլուն կարիերայից հետո, երբ իր երգերով նվաճել էր աշխարհը, Ազնավուրը միշտ հիշում ու նոր դրվագներով ներկայացնում է գաղթականի իր կյանքը», -ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։
Ազնավուրի «Վերջին դուռը» նոր պատմություն է՝ հետաքրքիր դրվագներով ու անընդհատ փոփոխվող սյուժեներով։ Համլետ Գասպարյանի խոսքով, միշտ էլ հետաքրքիր է մեծ կյանքի պատմությունը, ամեն անգամ նոր տարրեր կարող ես հայտնաբերել։ Գրքում նրա հայ լինելու մասին բազմաթիվ դրվագներ կան։ Գիրքը ընթերցելիս պետք է ուշադրություն դարձնել հենց այս դրվագների վրա, որովհետև Ազնավուրի կերպարը հենց այդպես է ամբողջանում։ «Ազնավուրի գիրքը կարդալիս ընթերցողը կհայտնաբերի, որ նրա մայրենի լեզուն հայերենն է, իսկ Ֆրանսերենը սովորել է փողոցում։ Ազնավուրը բոլոր մանրամասներով խոսում է իր լեզվի զարգացման ու դրա ընկալման մասին», – ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։
Սամվել Գասպարյանի համար գրքի հայերեն թարգմանության խմբագրությունը բավականին հեշտ էր։ Նրա խոսքով, թարգմանիչ Համլետ Գասպարյանը Ազնավուրին լավ գիտի, անձնապես շփվել է հետը, որը շատ կարևոր է թարգմանչի համար։
«Համլետ Գասպարյանը լավ գիտի ֆրանսերեն, երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, տիրապետում է ժամանակակից լեզվին, որը շատ կարևոր է Ազնավուրի գործերը թարգմանելիս։ Ազնավուրը փարիզյան ֆրանսերենով է գրում և այն ընկալելու համար պետք է ապրել այնտեղ», – ասում է գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը։
Սամվել Գասպարյանի պնդմամբ, «Վերջին դուռը» գրքի թարգմանությունը բավականին լավ է ստացվել, չնայած Ազնավուրի արձակ գործերը դժվար է թարգմանելը։ Թարգմանչի գործը հենց այստեղ է բարդանում։
«Ազնավուրի ֆրանսերենը Հյուգոյի, Բալզակի ֆրանսերենը չէ, այն բոլորովին այլ ֆրանսերեն է։ Երբ թարգմանում էի Ազնավուրի «Մեղմ շշուկով»-ը, այդ ժամանակ հասկացա։ Ազնավուր թարգմանելը դժվար գործ է և դա թարգմանչի մոտ ստացվել է», – ասում է Սամվել Գասպարյանը։
Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը կարդալիս տեսնում և բացահայտում ենք հեղինակին։ Իր յուրաքանչյուր գրքերում Ազնավուրը նորովի է երևում, խոսքն ու մեջբերումներն արվում են յուրովի։ Այս գրքում Ազնավուրը խոսում է իր նոր հանդիպումների մասին, տալիս է խորհուրդներ։
«Վերջին դուռը» բաց երկխոսություն է ընթերցողների հետ, որովհետև Ազնավուրը շռայլորեն պատմում է իր կյանքի դասերի մասին, որոնցից ընթերցողները կարող են շատ բան սովորել։ «Եթե ուզում ենք ճիշտ ապրել, նոր բաներ սովորել, դրա հնարավորությունը տալիս է Ազնավուրը։ Նա շատ հետաքրքիր անձնավորություն է, շատ հետաքրքիր մարդկանց հետ է շփվել։ Գրքում ուսանելի, ընդօրինակելի բազմաթիվ դրվագներ կան», – ասում է խմբագիր Սամվել Գասպարյանը։
Գրքի հրատարակությանն աջակցել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը: Սա Newmag-ի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության երկրորդ գործակցությունն է: Մինչև այս, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի աջակցությամբ հրատարակվել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը։
«Վերջին դուռը» գրքում Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
Նյութի աղբյուր՝ Aravot.am
Շառլ Ազնավուր
2900 ֏
Նկարագրություն
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։