«Պոպուլիզմն արտաքին քաղաքականությունում». Ամերիկյան համալսարանում քննարկել են NewMag-ի հրատարակած քաղաքագիտական բեսթսելլերը
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պոպուլիզմն արտաքին քաղաքականությունում» թեմայով սեմինարը, որը կազմակերպվել էր Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ծրագրի շրջանակներում:
Համալսարանի դասախոս և NewMag հրատարակչության կողմից հրատարակված «Ինչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով, պոպուլիզմի ֆունդամենտալ առանձնահատկությունը հակապլյուրալիզմն է` բազմակարծության ու բազմակուսակցականության դեմ արշավը։
Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրել է տարբեր երկրներում պոպուլիստ առաջնորդների կողմից վարվող արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, որոնք, ըստ բանախոսի, գերադասում են «գործընթացը», այլ ոչ «արդյունքը», քանի որ իրենց ընտրազանգվածին անընդհատ բավարարելու խնդիր ունեն։ Ըստ բանախոսի` ԱՄՆ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը «գործընթացը» արդյունքից վեր դասելու լավ օրինակ է։
Նիկողոսյանը մասնավորապես նշել է.
«Պոպուլիզմը հաճախ զուգահեռվում է նատիվիզմի հետ եւ արտաքին հարաբերությունների ասպարեզում այդ յուրատեսակ առաջնորդները, օրինակ, Արեւմտյան կիսագնդում պայքարում են ամերիկյան ազդեցության դեմ (Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա), Եվրոպայում պայքարում են Բրյուսելի դեմ (Լե Պեն, Օրբան, Կաչինսկի, Բորիս Ջոնսոն, Բեպպե Գրիլյո ու Մատեո Սալվինի եւ այլք)` ու այս ամենը հանուն իրենց ինքնիշխանության` ինչպես իրենք են պնդում։ Նրանց դեպքում երիցս ճիշտ է դիտարկումը, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է»։
Հայաստանի նախկին փոխվարչապետ, այժմ Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը նույնպես կարդում է «Ինչ է պոպուլիզմը» բեսթսելլերը: Նրա խոսքով, Մյուլլերը պոպուլիստներին ներկայացնում է մի կարևորագույն հատկանիշով. նրանք պնդում են, որ ունեն ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ և միշտ պնդում են, թե միայն իրենք են ներկայացնում իրական ժողովրդին:
Պոպուլիստները պնդում են, որ ժողովրդի միակ ու բացառիկ ներկայացուցիչն են և գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը:
«Ինչ է պոպուլիզմը» գրքի հեղինակ Յան-Վերներ Մյուլլերը եզրակացնում է. հենց այստեղ էլ ավարտվում է պլյուրալիզմը ու սկսվում է ժողովրդավարության անկումը։