Սաթի Սպիվակովան Երևանում ներկայացրեց «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանությունը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքում զետեղվել են նրա՝ տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութա
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքում զետեղվել են նրա՝ տասը տարի հեռուստատեսությամբ հեռարձակվող մշակութային հաղորդաշարի 300-ից ավելի հարցազրույցներից մի քանի տասնյակը: Գրքում ամբողջացված են ռուսական և արտասահմանյան նշանավոր արվեստագետների հուշերն ու գեղագիտական պատկերացումները։ Նրանցից են Մայա Պլիսեցկայան, Շառլ Ազնավուրը, Ռոդիոն Շչեդրինը, Տատյանա Չեռնիգովսկայան, Ֆանի Արդանը, Վալենտին Գաֆտը, Սերգեյ Յուրսկին, Անդրեյ Կոնչալովսկին և այլոք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 29-ին «Արարատ» թանգարանում, լույս է ընծայել «Նյումեգ» հրատարակչությունը: Գիրքը թարգմանվել է հրատարակչության հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով:
Երեկոյին ներկա էր Սաթի Սպիվակովան, որը պատմեց գրքի ստեղծման և հաղորդաշարի առանձնահատկությունների մասին:
«Այն մարդիկ, որոնք դիտել են «Ոչ ձանձրալի դասական» հաղորդաշարը, նկատել են, որ ծրագրի շրջանակում ոչ միայն դեմ առ դեմ զրույցներ են, այլև քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ, անդրադառնում ենք օպերային ներկայացումների առաջնախաղերին, երաժշտական փառատոններին և այլ իրադարձությունների: Որոշեցի նայել, թե քանի հաղորդում կա նկարահանված: Պարզվեց, որ տարիների ընթացքում 400-ից ավելի հաղորդում ենք պատրաստել: Գրքում ընդգրկեցի այն հարցազրույցները, որոնք անհատական էին, այն հյուրերին, որոնք հատկապես հետաքրքիր են: Այս գրքում պատահական մարդիկ չկան: Իմ հաղորդման շրջանակում ևս պատահական հյուրեր չեն հանդիպում»,- նշեց Սաթի Սպիվակովան:
Նրա խոսքով՝ գիրքը շարունակություն կունենա, քանի որ կան հրաշալի հարցազրույցներ, որոնք չեն ներառվել գրքում:
Ընդգրկվել են հարցազրույցներ նաև «Կամերտոն» ծրագրից, որը Սպիվակովան վարել է տարիներ առաջ: Այդ հարցազրույցներից է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ զրույցը:
Սաթի Սպիվակովան պատմում է՝ համավարակի տարածման ակտիվ շրջանում է գիրքն ամբողջացել, շրջան, երբ ինքն ու իր ամուսինը՝ հանրաճանաչ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը փակված են եղել տանը:
«Ամուսինս ջութակ էր նվագում. ես ևս պետք է ինչ-որ բան անեի: Որոշեցի գեղեցկանալ, նստել բազմոցին և մի բաժակ սուրճի շուրջ սկսել գրել իմ գիրքը: Ինքս ինձ ասացի, որ վեր չեմ կենա, մինչև չխմբագրեմ երկու գլուխ»,- ասում է հեղինակը:
Գրքի ստեղծումը ծավալուն աշխատանք է պահանջել. նյութերը խմբագրվել են այնպես, որ յուրաքանչյուր ընթերցող այն հեշտությամբ կարդա, ոչ միայն այն մարդիկ, որոնք լավ գիտեն դասական երաժշտություն, այլև նրանք, որոնց հետաքրքիր է Սպիվակովայի զրուցակիցների անձը, անհատականությունը:
Սաթի Սպիվակովան արվեստին, գիտությանը և փիլիսոփայությանն առնչվող զրույցների միջոցով ի հայտ է բերում իր զրուցակիցների երաժշտական աշխարհընկալումը։ Յուրաքանչյուր հարցազրույցի համար նա նախաբան է գրել, իսկ որպես վերջաբան կցել է իր զրուցակցի համար կարևոր երաժշտական ստեղծագործությունները, որոնք օգնում են ընթերցողին լիարժեք ընկալել մեր ժամանակների մեծագույն մտածող անհատների հոգեկերտվածքը։
«Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն տարբերակը այլ լեզվով նրա առաջին թարգմանությունն է, որտեղ հեղինակի թույլտվությամբ կատարվել են բովանդակային լրացումներ՝ յուրաքանչյուր հերոսին առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով:
Սաթի Սպիվակովան ընդգծում է՝ իր համար հաճելի է, որ գրքի առաջին թարգմանությունը հենց հայերենն է:
Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) ծնվել է 1962 թվականին Երևանում: Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։ Հեղինակել և վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները», «Ոչ ձանձրալի դասական» և մի շարք այլ հաղորդաշարեր։ 2002 թվականին լույս է տեսել Սպիվակովայի առաջին՝ «Ոչ ամեն ինչ» գիրքը։ 2013 թվականին Ռուսաստանի ազգային հեռուստառադիոհեռարձակման և մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար արժանացել է Բարեկամության շքանշանի։ 2017 թվականին արժանացել է հեղինակավոր «ТЭФИ» մրցանակին։ Նույն թվականին հայտնվել է «GQ» ամսագրի՝ վարկանիշով Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։