Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում
Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ թարգմանված Newmag հրատարակչության հայ-ռուսակա
Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ թարգմանված Newmag հրատարակչության հայ-ռուսական Օրակուլ մատենաշարով։
Գիրքը ներկայացնում է Սաթի Սպիվակովայի զրույցներն աշխարհահռչակ արվեստագետների հետ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Ֆանի Արդանի, Մայա Պլիսեցկայայի, Ռոբերտ Ուիլսոնի և այլոց հետ։
«Իրականում ժամանակակից արվեստին վերաբերող գրքեր այսօր քիչ կան և մեր որոշումը թարգմանել այս գիրքը, պայմանավորված էր ոչ միայն հեղինակով, այլև գրքի բովանդակությամբ՝ այն չափազանց հետաքրքիր է և ճանաչողական», - ընդգծում է հայ-ռուսական Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը։
Գրքի հայերեն տարբերակը հանդիսանում է նրա առաջին օտարալեզու թարգմանությունը, որտեղ հեղինակի թույլատվությամբ կատարվել են բովանդակային լրացումներ՝ յուրաքանչյուր հերոսին առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով։
«Ինձ համար հաճելի է, որ գրքի առաջին թարգմանությունը հենց հայերենն է։ Ուրախ եմ շնորհանդեսին տեսնել այսքան հարազատ ու մտերիմ մարդկանց։ Այս գիրքը արվեստի ու արվեստ սիրող մարդկանց մասին է, իրական դասական գիրք։ Հուսով եմ, որ հայ ընթերցողն այն կգնահատի», - ասաց Սաթի Սպիվակովան։
Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանում տեղի ունեցավ հանրային զրույց Սաթի Սպիվակովայի մասնակցությամբ, որին հաջորդեց ARARAT ընդունելությունը։ Երեկոյի ընթացքում հյուրերը ոչ միայն ծանոթացան գրքի ստեղծման յուրօրինակ պատմությանը, այլև հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և լեգենդար կոնյակների ուղեկցությամբ վայելել ջերմ երեկոն Սաթի Սպիվակովայի և նախագծի հեղինակների հետ։
«Շատ վաղուց Երևանում այսպիսի երեկո չէր եղել, որտեղ արվեստը ոչ թե ֆոն էր կամ պատճառ, այլ առանցք՝ դրա շուրջ միավորվելու և խոսելու համար։ Այդ առումով ARARAT թանգարանի ընտրությունը պատահական չէր։ Դասական է այն, ինչ ժամանակավոր չէ։ Իսկ այս դեպքում՝ և՛ արվեստը և կոնյակը՝ ժամանակի ընթացքում միայն նոր շերտեր է ստանում ու հարստանում», - նկատեց Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Երեկոյի սկզբում Սաթի Սպիվակովան այցելեց ARARAT թանգարան, որտեղ նրան ներկայացվեց լեգենդար հայկական կոնյակի 135-ամյա ժառանգությունն ու վարպետության նոր եզրերը, նրա ստեղծման գաղտնիքներն ու վարպետների ստեղծագործական որոնումները։ Սաթի Սպիվակովան այցելեց նաև ARARAT թանգարանի գանձարան, որտեղ ներկայացված է լեգենդար կոնյակի յուրօրինակ տարեգիրը՝ կոնյակի բացառիկ նմուշներ սկսած 1902 թվականից մինչև մեր օրեր։
«Իրական դասական» գիրքը միավորում է տարբեր արվեստագետների, որոնցից շատերը տարբեր տարիներին եղել են նաև ARARAT թանգարանի հյուրերը։ Այդ հանգամանքը վկայում է, որ հետաքրքիր պատմությունները շատ անգամ հյուսվում են մարդկային անկեղծ ու ջերմ շփումներից։ Ուրախ եմ, որ ARARAT թանգարանը հանդիսանում է, ոչ միայն թանգարան դասական իմաստով, այլև ձևավորում է մշակութային բազմաբովանդակ շփումների ջերմ հարթակ», - նշեց ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։