Սերը, կիրքն ու «փափուկ ուժը». հետաձգված շնորհանդես «Արարատ» թանգարանում
2020 թվականին, երբ Newmag-ը հրատարակեց Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, ավանդական շնորհանդես կազմակերպել հնարավոր չեղավ. համավարակ էր, խիստ սահմանափակումներ: Մեկ տարի անց՝ գրքի հետաձգված շնորհանդեսը տ
«2009 թվականի հոկտեմբերին մի խումբ նվիրյալների ֆանտաստիկ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Երեւանում հյուրընկալել Իեն Գիլանին: Այդ այցի ընթացքում Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին եղան Երեւանի կոնյակի գործարանում՝ «Արարատ» թանգարանում, եւ այսօր այդ վառ եւ հիշարժան պահերը մեր թանգարանի պատմության մի մասն են»,- բացման խոսքում ասաց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Շնորհանդեսի հյուրերին տեսաուղերձի միջոցով ողջունեց նաեւ Իեն Գիլանը.Արա Թադեւոսյանն ասում է, որ իսկապես խորհրդանշական է շնորհանդեսն անցկացնել «Արարատ» թանգարանում:
«Գրքում այս դրվագի մասին պատմել եմ: Ինքս միշտ Deep Purple եմ սիրել, իսկ կինս Black Sabbath-ի մեծ երկրպագու է: 12 տարի առաջ հենց այստեղ, «Արարատ» թանգարանում, կինս առաջին անգամ հանդիպեց Black Sabbath-ի հիմնադիր, լեգենդար Թոնի Այոմիին, ու նայելով Աննայի աչքերին, ես հասկացա, որ մենք իսկապես անհավանական բան ենք ձեռնարկել»:
2009 թվականին Արա Թադեւոսյանն ընկերների հետ «համարձակվեց» գնալ անհնարին թվացող երազանքի հետեւից եւ Հայաստան հրավիրել համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանին եւ Թոնի Այոմիին, որոնք Սպիտակի երկրաշարժից հետո օգնության ձեռք էին մեկնել Հայաստանին: Այդ անհավանական երազանքի իրականացման բարդ ու հաճելի պատմությունն է ներկայցված «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքում:
«12 տարի առաջ, երբ մեր հյուրերը եկան Հայաստան, եւ պարզ դարձավ, որ այդ նախաձեռնությունը շարունակություն է ունենալու, Գյումրիի երաժշտական դպրոցն ենք վերակառուցելու, ես հասկացա, որ կա բավարար նյութ, ափսոս է, որ այն կորի, պետք է գիրք դառնա: Նախագիծը շարունակվում էր, զբաղվածությունն ավելանում էր, եւ գիրքը գրելու միտքը միշտ կար: Նպատակաուղղված սկսեցի գրել 3-4 տարի առաջ, մոտ 40 տոկոսը գրեցի եւ կանգ առա: Վերադառնալու ցանկությունն անընդհատ կար, բայց ավարտական փուլին հասա 2020 թվականի հունվարին՝ Ամանորից անմիջապես հետո: Երեւի 2 շաբաթում հիմնական մասը գրվեց: Ուրախ եմ դրա համար, որովհետեւ հետո բոլորիս հայտնի հանգամանքների բերումով դժվար թե դա ստացվեր անել, ժամանակ եւ հոգեկան համապատասխան վիճակ էր պետք:Իրականում, ես ցանկանում էի գիրքը գրել իմ ընկերների համար, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը, որպեսզի դա մնար մեր հիշողություններում, որովհետեւ ժամանակի ընթացքում ինչ-որ դրվագներ մոռացվում են: Բայց պարտադիր չէ լինել ռոքի սիրահար այս գիրքը կարդալու համար»,- պատմում է Արա Թադեւոսյանը:
Գիրքը հրատարակել է Newmag-ը: Հեղինակն ասում է՝ իր համար կարեւոր էր հրատարակությունը վստահել պրոֆեսիոնալների.
«Ինձ թվում է՝ քիչ են նման օրինակները, որ հեղինակն ու հրատարակիչը ոչ միայն կոնֆլիկտ չունենան, այլ ճիշտ նույն ալիքի վրա լինեն»:
«Արայի հետ համագործակցությունը բացառիկ էր եւ օրինաչափությունից դուրս: Սովորաբար հեղինակների հետ ամեն ինչ ավարտվում է պատերազմով»,- ծիծաղում է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
Գիրքը հրատարակել են, որովհետեւ այն անկախ Հայաստանի 30 տարվա պատմության կարեւոր իրադարձությունների վավերագրությունն է:
«Ես որոշեցի գիրքը հրատարակել, որովհետեւ պատմությունն իսկապես բացառիկ էր: Երկրորդ, որովհետեւ դա գրվում էր առաջին դեմքով՝ մարդ, որն ամեն ինչ կազմակերպել եւ տեսել էր: Երրորդ, որովհետեւ մեր իրականության մեջ շատ քիչ են հաջողության պատմությունները, մենք ավելի շատ ունենք անհաջողությունների պատմություններ: Չորրորդ՝ ամենակարեւորը, երբ մենք կազմակերպում էինք գրքի առաջխաղացման փիլիսոփայությունը, դա անում էինք որպես հաջողության պատմություն:Բայց հիմա ես հասկանում եմ, որ դա անարդար էր գրքի նկատմամբ, որովհետեւ շատ նեղացնում էր նպատակը: Իրականում դա մեր երկրի պատմության մի մասն է: Բոլոր քիչ թե շատ ճանաչում ունեցող մարդիկ, որոնք վերջին 30 տարում այցելել են Հայաստան, եկել են, որովհետեւ մեզ խղճացել են, ցանկացել են օգնել: Իսկ այս դեպքում առաջին անգամ համաշխարհային մեծության աստղեր եկան, որովհետեւ Արայի շնորհիվ նրանց հետաքրքիր էր Հայաստանը», - ասում է Արտակ Ալեքսանյանը:Իրավաբան ու նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանը, որը վարում էր շնորհանդեսը, կիսվեց տպավորություններով: Ասաց՝ գիրքը կարդալիս՝ տարբեր հույզեր է ունեցել՝ հուզվել է, ծիծաղել, լրջացել: Բայց ամենակարեւորը՝ գրքում Արա Թադեւոսյանը «փափուկ ուժի» (soft power) դասական մոդել է ներկայացրել:
«Պատմություն է, թե ինչպես մի խանդավառ մարդ, իր ոգեւորությամբ, ջերմությամբ, սիրով, մտածում է հրավիրել կարեւոր մարդկանց, ովքեր ունեն մեծ հեղինակություն, եւ ներկայացնել մեր երկիրն այնպես, որ նրանց սրտերին այդ ջերմությունը կպնի: Եվ նրանք, փաստորեն, ակամայից դարձան մեր երկրի «դեսպանները»: Ինչքան տարբեր առիթների ժամանակ այդ մարդիկ խոսել են մեր երկրի, այստեղ ունեցած տպավորությունների մասին:Այս քայլերով է, որ մեր ազգի, պետության, երկրի հեղինակությունը բարձրանում է, ավելի ներկայանալի ենք դառնում: Միայն դիվանագիտական, «փողկապային» հարաբերությունները չեն, որ այս հարցը լուծում են, այլ կան այսպիսի անձնական եւ ջերմությամբ լցված հարաբերություններ, որոնք երբեմն շատ ավելի մեծ հարցեր են լուծում, քան՝ պաշտոնական հանդիպումներն ու այցելությունները», - նկատում է Նարեկ Վան Աշուղաթոյանը:
Գիրքը հայերեն է, բայց գլխավոր հերոս Իեն Գիլանը կարդացել է անգլերեն թարգմանությամբ: Կարդացել ու կիսվել է տպավորությամբ:
«Այս գիրքը հետաքրքիր ճանապարհորդություն է, որն անցնում է երաժշտության, պատմության, կրքի եւ քաղաքականության միջով: Նկարագրվում են այն վայրիվերումներն ու դժվարությունները, որոնցով անցել է հեղինակը՝ հաղթահարելով բյուրոկրատական քաշքշուկները: Միայն դրանից հետո ենք հասկանում թթի օղու արժեքը, չէ՞»:
«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը կարելի է գնել Newmag-ի կայքում՝ անվճառ առաքումով. https://newmag.am/book/rockstar:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի