Տիգրան Հայրապետյանի բաց նյարդը, աղետի կանխատեսումը եւ լեռան մյուս երեսը
Newmag-ը հրատարակել է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորը։ «Անապատի հազար տարի»-ն ներառում է հոդվածներ, որոնցում հեղինակը դեռ 1990-ականներին ախտորոշել է Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին վտանգներն
Newmag-ը հրատարակել է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորը։ «Անապատի հազար տարի»-ն ներառում է հոդվածներ, որոնցում հեղինակը դեռ 1990-ականներին ախտորոշել է Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետը, բարձրացրել նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող բազմաթիվ մտահոգություններ։
Տիգրան Հայրապետյանն Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, երիտասարդական շարժման կազմակերպիչներից։ 1991-ից նրա հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել հայաստանյան եւ միջազգային մամուլում։ Եղել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր։ 1999 թվականին մահացել է ավտովթարից՝ 35 տարեկանում:
«Պատերազմ եւ քաղաքականություն». Տիգրան Հայրապետյանի ասելիքն այսօր էլ կարեւոր է
2022 թվականի հոկտեմբերին Newmag-ը հրատարակեց Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների առաջին ժողովածուն՝ «Պատերազմ եւ խաղաղություն»-ը։
Սա Տիգրանի քաղաքագիտական ժառանգությունն ամփոփող քառահատորյակի առաջին գիրքն էր։
Դրան հաջորդեցին «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» եւ «Փրկե՞նք հայրենիքը» հատորները։
«Անապատի հազար տարի»-ն պետք է լիներ վերջինը, բայց ծավալի պատճառով հրատարակիչն այն բաժանել է երկու մասի։
Մեծ պատերազմի ուրվականն ու «զոմբի» ժողովուրդները Տիգրան Հայրապետյանի մարգարեական գրքում
«Այս հատորն ամենաշատ ընթերցված ու քննարկվածն է այն պարզ պատճառով, որ մոտ 15 տարի առաջ լույս է տեսել։ Սա ավելի ամփոփ, ժամանակագրությունը ճշգրիտ կառուցած հատոր է»,- գրքի շնորհանդեսին ասել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Ինչպես նախորդ հատորները, «Անապատի հազար տարի»-ն եւս կազմել է Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազենի Ղարիբյանը։
Չորրորդ հատորը լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի արեւելագետ ընկերների աջակցությամբ։
Նազենի Ղարիբյան
Չորրորդ հատորում, ինչպես եւ երրորդում, ամփոփված են Տիգրանի՝ Հայաստանին եւ Արցախին վերաբորվող հոդվածները։ Դրանք այնքան շատ էին, որ որոշեցինք բաժանել առանձին հատորների։ Եվ դա ստիպեց մտածել բովանդակության մասին, թե ինչ սկզբունքով ենք բաժանում, որովհետեւ ե՛ւ թեմատիկ, ե՛ւ ժամանակագրական առումով տարբերություններ կային։
Առաջին հատորում ամփոփել էինք այն նյութերը, որոնք ներկայացնում են պետականության կառուցումը, կառուցման խնդիրները։ Դրանցում Տիգրանն առաջարկում էր սկզբունքներ, բանաձեւեր, քաղաքական տեսլականներ, թե ինչ պետք է անի Հայաստանի նորանկախ հանրապետությունը, որպեսզի չդառնա երրորդ աշխարհի երկիր։
Չորրորդ հատորում հավաքեցինք այն նյութերը, որտեղ Տիգրանը փորձում է ամփոփել իր արած առաջարկները եւ բացատրել, թե ինչու է հիմա այս վիճակը, կամ ինչու այս բանը պատահեց։ Այս հատորն ընթերցելիս՝ կտեսնեք, որ ինքն անընդհատ ասում է՝ «ինչպես զգուշացանում էի», «ինչպես ասում էի»։ Սա ինձ համար, կարծես, լեռան մյուս երեսն է, կարծես՝ ցած ենք իջնում։
«Փրկե՞նք հայրենիքը». Տիգրան Հայրապետյանի պատասխանները՝ 30 տարի անց
Բայց Տիգրանը որքան էլ կարող էր դաժանորեն ճշմարտացի լինել, միեւնույն է, մնում էր լավատես, եւ մինչեւ վերջ էլ ասում էր, որ կա ճանապարհ, կան լուծումներ։ Այս գրքում, ինչպես եւ նախորդ բոլոր գրքերում, կան բանալիներ։
Իր համար հստակ էր՝ եթե այս ճանապարհով ենք գնում, այս արդյունքն ենք ունենում, այս ճանապարհով ենք գնում, սրան կհասնենք։ Մի ճանապարհ էլ կար, որ ինքն անվանում էր վատթարագույն, դա Ղարաբաղի կորուստն էր եւ այս իրավիճակը, որում հայտնվել ենք եւ որի խորքերը, ըստ Տիգրանի, գալիս էին դեռ 1991-92 թվականներից։
Արտակ Ապիտոնյան
Եթե մեկն ուզենա անդրադառնալ 1990-ականների Հայաստանի պատկերին, ամենաօբյեկտիվ քննադատական վերլուծությունը Տիգրանի այս ժողովածուն է։ Եթե նախորդ հատորներն ամփոփում էին նույնիսկ մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական մոդելները եւ դրանց հնարավոր պրոեկցիաները հայաստանյան իրականության վրա, ապա այս հատորը Տիգրանի բաց նյարդն է։
«Մենավոր ընկուզենի» ֆիլմում մի սիմվոլիկ կերպար կա. երբ բնակիչները զբաղվում են բանսարկություններով կամ խժդժություններով, հայտնվում է մի ալեւոր ծերունի, որ հայկական էպոսի Ձենով Օհանն է, եւ ասում է՝ ի՞նչ եք անում, տղե՛րք։ Ինձ համար այս հատորը Տիգրանի պարբերաբար կանչն է՝ սկսած 1991 թվականից՝ ի՞նչ եք անում, տղե՛րք։
Տիգրանի վերլուծության երկարակեցության եւ այսօրվա կիրառելիության գաղտնիքը նրանում է, որ անդրադառնում էր այն խնդիրներին, այն բանավեճին, որ մինչ օրս կա Հայաստանում։
Արսեն Գասպարյան
Գալու է ժամանակ, երբ տարբեր հասարակական գիտությունների մասնագետներ անդրադառնալու են Տիգրանի ստեղծագործություններին, որովհետեւ Տիգրանի գրածների մեջ կա ե՛ւ կրոնագիտություն, ե՛ւ սոցիոլոգիա, ե՛ւ քաղաքագիտություն։
Զարմանալին այն է, որ Տիգրանը քաղաքագիտական կրթություն չի ստացել, մեզ հետ ավարտել է ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետը։ Բայց կարողացել է բացառիկ ճշգրտությամբ վերլուծել տարբեր գործընթացներ՝ կապված թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ հարցերի հետ։ Տիգրանը քաղաքական մտքի հիմնադիրներից եւ քաղաքական փիլիսոփայություն ձեւավորողներից մեկն էր, եւ նրա հոդվածները շատ մեծ դեր են խաղալու։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան