Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը
Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որտեղ ներկայացված են բացառիկ հեռագրեր եւ փաստաթղթեր, լույս է տեսել հայերեն թարգմանությամբ։
Արդեն 104 տարի շարունակ թուրքական կառավարությունները հերքում են ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցների իսկությունը։ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են ժխտողականների այն պնդումները, թե ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանները եւ օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերը ամբողջությամբ կեղծիք են՝ հորինված հայերի կողմից։ Պատմաբանի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը, քանի որ Թուրքիայի հանցանքը փաստագրում է թուրքական ապացույցներով։
Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր—Մաթեւոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ վերջին 20 տարիների ընթացքում ցեղասպանության վերաբերյալ թուրք հեղինակների կողմից գրված գրքերից այս մեկն առանձնանում է նրանով, որ գրվել է պրոֆեսիոնալ պատմաբանի կողմից եւ հիմնված է կարեւոր սկզբնաղբյուրների հիման վրա։
«Թաներ Աքչամը կարողանում է ձեռնոց նետել հաստատված, գրեթե անհերքելի թեզերին, դրանով իսկ մտնելով ականապատ դաշտ։ Սա աշխատություն է՝ գրված թուրք պատմաբանի կողմից թուրքական ժխտողականության դեմ՝ օգնելով նորովի նայել թուրքական ժխտողականության պատմությանը։ Միաժամանակ լավ հնարավորություն է Հայաստանի եւ օտարերկրյա պատմաբաններին զանազանելու փաստը եւ դրա մեկնաբանությունը։ Այս օրերին շատ է խոսվում «ֆեյքնյուզի» մասին։ Թերեւս գիրքը կարող է ուսումնական ձեռնարկ լինել նման ապատեղեկատվությունների դեմ պայքարելու համար»,–նշեց նա։
Թուրքական իշխանությունը հաճախ են կրկնում, թե «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին»։ Փաստորեն այս աշխատությամբ քանդվում է նաեւ թուրքական այս թեզի հիմքերը։ Վահրամ Տեր—Մաթեւոսյանի խոսքով, Թուրքիան ժամանակին հնարել է այդ ինքնակործան թեզը եւ այսօր մնացել դրա ծանրության տակ։ «Այսպիսի աշխատություններ հրատարակելուց հետո նրանք մի փոքր ավելի լուրջ պետք է գտնվեն եւ առերեսվեն սեփական պատմությանը։ Սրանով զգալիորեն կկրճատվի նաեւ ցեղասպանությունը ժխտողների թիվը»,–հույս հայտնեց թուրքագետը։ Զրուցակիցս կարեւորում է, որ Թաներ Աքչամը եւ ցեղասպանության թեմայով զբաղվող մասնագետները ապրեն եւ ստեղծագործեն Թուրքիայում, ոչ թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ստիպված լինեն այդ ամենն անել երկրի սահմաններից դուրս, այսինքն՝ Թուրքիայում պետք է ձեւավորվի այն կրիտիկական զանգվածը, որը պետք է բեկում մտցնի։
Թուրքագետի կարծիքով, վերջին շրջանում ցեղասպանության եւ դրա ուսումնասիրության հանդեպ հետաքրքության որոշակի անկում է նկատվում, հատկապես Հայոց ցեղասպանության 100—ամյակից հետո։ Այդ առումով նմանատիպ աշխատությունները, ինչպես նաեւ բարձր որակով արված թարգմանությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի երիտասարդ քաղաքագետները, պատմաբանները, միջազգայնագետները մշտապես իրենց ուշադրությունը սեւեռեն ցեղասպանագիտությանը։ «Շատերը կարող են անգլերենը վերցնել կարդալ, բայց հայերեն լեզվով հասանելի կլինի ավելի մեծաթիվ մարդկանց։ Ամենալավ գրքերը, որոնք կան ցեղասպանության մասին, պետք է թարգմանվեն հայերեն, որպեսզի վստահ լինենք, որ ցեղասպանության հարցի հանդեպ հետաքրքությունը չի սպառվել եւ կշարունակի կարեւոր թեմա մնալ մեզ համար։ Հարյուրամյակն ընդամենը տարեթիվ էր, այն որեւէ կերպ չի կարող անջրպետ հանդիսանալ հայկական գիտակցության մեջ, թե Հայոց ցեղասպանության հետ կապված ինչ—որ բան է փոխվել։ Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ պետք է կարողանանք այնպես աշխատել, որ Թուրքիայում նոր մարդիկ զբաղվեն ցեղասպանագիտությամբ»,–ընդգծեց նա։
Գրող, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը թուրք պատմաբանի գիրքը բնորոշեց որպես «անսովոր եւ աննախընթաց մի բան»։ Անցած տարվա մարտին Լոնդոնում հանդիպում է եղել Թաներ Աքչամի հետ, որտեղ հեղինակը շուրջ երկու ժամ խոսել եւ ներկայացրել է իր աշխատանքը։ «Ամենակարեւորն այն է, թե ինչպես է կարողացել գտնել այդ հեռագրերի կոդերը, թե որն է եղել այդ ժամանակներում թուրք պաշտոնյաների օգտագործած կոդերը, ինչ նպատակներով են օգտագործել։ Դա բացահայտելուց հետո գործը հեշտացել է եւ կարողացել է ամբողջական պատկերը ստանալ։ Բավականին մասնագիտական աշխատանքն է կատարել այդ կոդերը բացահայտելու համար։ Դա ցույց է տալիս, որ այդ կոդերը ուրիշ ոչ մեկի կողմից չեն կարող գրված լինել, քան պետական դեպարտամենտի ներկայացուցիչների։ Նրանց միջոցով էր տեղի ունենում այդ նամակագրությունը։ Հայտնի են ստորագրությունների հեղինակները»,–ասաց Գալչյանը։ Զրուցակցիս համար ամենազարմանալին այն էր, որ այդ ամենը պահպանվել է, չնայած թուրքերը ջանք չեն խնայել փաստաթղթերը վերացնելու, ոչնչանցնելու ուղղությամբ։ Բարեբախտաբար պահպանվել են դրանց պատճենները, որոնք էլ ձեռք է բերել Աքչամը եւ ընդամենը երկու տարվա ընթացքում հսկայական աշխատանք կատարելով՝ գրել է այս աշխատությունը։
Հայերեն թարգմանության կարեւորությունը, ըստ Գալչյանի, այն է, որ Աքչամի ներկայացրած անժխտելի փաստերը հնարավորություն են տալիս մեզ ներկայանալու այդ ճշմարտությամբ եւ խոսել Հայոց ցեղասպանությունը ժխտողների հետ բոլորովին այլ փաստագրական նյութերով եւ ապացույցներով։ «Մենք կարող ենք ասել եղել է, մյուսը կարող է ժխտել, բայց միայն ասելը բավարար չէ։ Այսօր աշխարհում փաստաթուղթ, ապացույցներ են ուզում ստանալ»,–շեշտեց նա։
Գրքի հայերեն թարգմանությունն իրականացրել է «Newmag» հրատարակչական ընկերությունը։ Գրքի գլխավոր հովանավորն է «Digitain» ընկերությունը։ Գրքի հայերեն թարգմանությունն իրականացրել է Անդրանիկ Իսրայելյանը, թարգմանության խմբագիրն է Արմեն Սարգսյանը, իսկ ծանոթագրությունների հեղինակն ու վերիֆիկատը՝ Անի Ավետյանը։ Գիրքն անցել է նաեւ մասնագիտական փորձաքննություն արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի եւ ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանի կողմից։
Երեկ ՀԲԸՄ գրաենյակում տեղի ունեցավ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի ժամանակ տեսաուղերձով ներկաներին խոսք ուղղեց Թաներ Աքչամը։ «Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է։ 2015—ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավոր արխիվը։ Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք։ Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից եւ գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր։ Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչեւ հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար։ Վճռական պահն այդ կոդավորման տրամաբանությունը հասկանալն էր։ Դրա համար շատ երկար ժամանակ պետք եղավ եւ շատ աշխատանք»,–պատմեց գրքի հեղինակը։ Նա ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Գերգերյանի արխիվի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում։ Խոսքը վերաբերում է Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչվող փաստաթղթերին, բայց հետո որոշել է բոլորովին այլ կերպ վարվել։ «Բոլոր այն նյութերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին։ Դրանք կարող եք գտնել օնլայն։ Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբավորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներեն նյութերը թարգմանել ենք անգլերեն եւ թուրքերեն»,–մանրամասնեց Աքչամը։
Թուրք պատմաբանը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատում է երկու կարեւորագույն նախագծերի վրա։ Առաջինն առնչություն ունի ներկայացվող գրքի հետ. դրանք Արամ Անտոնյանի 1921 թվականին հրատարակած երկու նամակներին է վերաբերում, որոնք գրվել են Բեհաեդդին Շաքիրի կողմից եւ հայերի կոտորածը սկսելու մասին էին։ «Հիմա մի քանի թուրքական աղբյուրներում գտել եմ Շաքիրի ստորագրությունը եւ կարող եմ ապացուցել, որ այդ փաստաթղթերի հեղինակը հենց նա է։ Դա նշանակում է, որ կոտորածների տարեթվերի եւ ամսաթվերի հետ կապված վիճահարույց հարցերում կունենանք փաստաթղթային ապացույցներ»,— ասաց նա։ (Նշենք, որ Շաքիրը եղել է ներքին գործերի նախարարության հովանու ներքո գործող հատուկ կազմակերպության քարտուղարը։ Կազմակերպությունը զբաղվել է բանտերից հանցագործների հավաքագրմամբ, որոնց օգտագործել է հայկական ջարդերը իրականացնելիս)։
Երկրորդ կարեւոր նախագիծը, որի վրա աշխատում է Աքչամը, Հայոց ցեղասպանության կազմակերպման եւ իրականացման գործում Ջեմալ փաշայի դերն է։ «Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներից մեկն էր։ Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը։ Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»,– եզրափակեց նա։
Գրքի թարգմանության խմբագիր Արմեն Սարգսյանի խոսքով, ամենասարսափելի ճշմարտությունը, որ կա գրքում այն մասին է, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել իրականացման առաջին իսկ վայրկյաններից։ Այդ մասին գրում է նաեւ Աքչամը. «Այս փաստաթղթերը վկայում են, որ ցեղասպանxւթյան ժամանակ կերտվել է զուգահեռ «ճշմարտություն»։ Այդ «ճշմարտությունը» հիմնվում է կեղծ փաստերի վրա, ընդ որում, դրանք արձանագրված են բնօրինակ փաստաթղթերում։ Ստեղծվել է այլընտրանքային տեսակետ, րը տանում է դեպի պատմական բանավեճի ու անգամ պայքարի՝ պարզելու համար, թե ում ճշմարտությունն է ավելի ճշմարտացի։ Ցեղասպանության ընթացքում ստեղծված այս «փաստերը» ճշմարտությունը վերածել են սոսկ բազում «կարծիքներից մեկի»։
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ առաջին անգամ են թարգմանել գիտական նման բարդ աշխատանք եւ ընդգծեց, որ հրատարակչական թիմն աշխատել է պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը եւ դրանց պատճառահետեւանքային կապերի բացահայտումը։
«Ձգտել ենք չմիջամտել որպես հայեր։ Թարգմանելիս կարող ես մի բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կբխի քո զգացմունքներից։ Աշխատել ենք չտրվել այդ գայթակղությանն ու գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին։ Աքչամն առաջնորդվել է հետեւյալ սկզբունքով՝ փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, եւ եթե որեւէ մեկը որոշի հերքել գրվածքը, ապա ստիպված է լինելու բոլոր թեզերը կետերն ու փաստարկները հերքել եւ առաջ քաշել հակաթեզեր»,–ընդգծեց Նալբանդյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ