«Թքած ունենալու նուրբ արվեստ»-ը՝ հայերեն. տեղի ունեցավ newmag-ի կողմից թարգմանված բեսթսելլերի շնորհանդեսը
Եթե ձեզ չի զայրացնում, որ ավտոմեքենան նոր եք լվացել, բայց անմիջապես հետո անձրև է եկել, որ ժամերով պատրաստվելուց հետո սանրվածքը քամուց փչացել է, ուրեմն դուք տիրապետում եք «թքած ունենալու նուրբ արվեստին»: Հակառակ դեպքում չեք ընթերցել Մարկ Մենսոնի՝ համաշխարհային բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:
Գրքի հայերեն թարգմանությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանվել գրախանութներում, բայց հասցրել է դառնալ ամենաընթերցվածներից մեկը: Վաճառքի առաջին շաբաթվա տվյալներով՝ այն դարձել է նաև հայաստանյան բեսթսելլեր՝ աննախադեպ ցուցանիշներ գրանցելով հատկապես օնլայն վաճառքում: Հաջողության պատճառը գրքի թեման է և այն ծավալուն աշխատանքը, որը կատարել է թիմը:«Թքած ունենալու նուրբ արվեստը» թարգմանվել է Newmag ընկերության գրահրատարակչական նախաձեռնության կողմից:
Գիրքն ընտրել է Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, թարգմանել են Armcomedyնախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, խմբագրել է Գնել Նալբանդյանը:
Այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ թիմին շնորհավորելու էին եկել գործընկերներ, հարազատներ՝ լսելու ստեղծագործական խմբի հաջողության գաղտնիքը: Իսկ թիմը խոստովանեց՝ անդրանիկ գրքի թարգմանության համար նախատեսել էին 1 ամիս, որովհետև այն ընդամենը 200 էջ էր, բայց թարգմանեցին 5 ամսվա ընթացքում՝ չխուսափելով ստեղծագործական բուռն վեճերից:«Երկար մտածեցինք, թե որ գիրքը թարգմանենք, և կանգ առանք այս ստեղծագործության վրա, որովհետև այն հեշտ էր թարգմանել, պոպուլյար էր համաշխարհային շուկայում: Այնինչ, նախատեսված 1 ամսվա փոխարեն գիրքը թարգմանվեց 5 ամսում, որովհետև դժվար էր թարգմանել հեղինակի՝ հայհոյախոսություններով, կենցաղային, ժարգոնային արտահայտություններով լի մտքերը, որոնք ամերիկացի ընթերցողին հասկանալի են, իսկ հայ ընթերցողին՝ ոչ: Միաժամանակ պետք էր պահպանել այն միտքը, որը փոխանցում էր հեղինակը: Երկար չարչարվելուց հետո մենք հասել ենք այն արդյունքին, որ ընթերցողը չզգա, որ սա թարգմանություն է»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:
Նա պատմեց, որ թարգմանիչներ փնտրելու հարցում երկար չի մտածել, առաջարկել էArmcomedy նախագծի հեղինակներ Նարեկին ու Սերգեյին, ոչ միայն այն պատճառով, որ ստեղծագործությունը «սև հումորով» է գրված, այլև որովհետև նրանք անգլերենի մասնագետներ են, և ինչպես Գնել Նալբանդյանն ասաց՝ «ավելի շատ անգլերենի, քան հայերենի մասնագետներ»:
«Ամերիկյան սլենգը ոչ միշտ հայերեն համարժեքն ունի: Փորձում էինք այն փոխարինել մեր լեզվին համահունչ արտահայտություններով: Մենք փորձում էինք ամբողջությամբ ներքաշել հեղինակի սարկազմը, վայելում էինք այն և վերարտադրում այնպես, ինչպես մենք կգրեինք նույն կատակը: Իսկ վերջում Գնել Նալբանդյանն ասում էր, թե որն է ճիշտը»,- նշեց Սերգեյ Սարգսյանը:
Միաժամանակ նա վստահեցրեց, որ սեր ու կիրք են ներդրել թարգմանության գործում, և հուսով են, որ ընթերցողն այն կգնահատի:Արտակ Ալեքսանյանն ասաց, որ Armcomedy-ի տղաները թարգմանության ժամանակ այդքան էլ հնազանդ չեն եղել, հասել են նրան, որ գրքում, օրինակ, այնպիսի բառ գրվի, ինչպիսին է «ծիծիլիոն»-ը:
«Բնագրում հեղինակն օգտագործել էր zillion բառը, բայց անգլերենում այդպիսի թիվ չկա: Դա անգլերենում միլիոնի չափազանցված տեսակն է, իսկ հայերենում նման բառ ծիծիլիոնն է: Ամեն դեպքում բառ առ բառ թարգմանել ենք, բառ առ բառ խմբագրել: Քննարկումների արդյունքում գտել ենք համարժեք հայերեն տարբերակները՝ փորձելով պահպանել այն հումորը, որով գրել է Մարկ Մենսոնը»,- նշեց Նարեկ Մարգարյանը:
Գնել Նալբանդյանն էլ ասաց, որ թարգմանությունը կնոջ մասին տղամարդու պատկերացումների պես է. կա՛մ շատ գեղեցիկ պետք է լինի, կա՛մ այն, ինչ կա:«Մենք փորձել ենք շատ գեղեցիկն ու իրականությունը, և ստացվել է այն, ինչ կա. միջանկյալ մի բան, որը հաջողված տարբերակ է»,- ասաց Նալբանդյանը:Newmag–ի ղեկավարի խոսքով՝ իրենք գովազդային արշավի վրա գումարներ չեն ծախսել, գրքի վերնագիրը, գեղեցիկ շապիկը ու գինը գրավել են ընթերցողին:«Ես հասկանում եմ, որ կան գրահրատարակչական ծախսեր, որոնցից անհնար է խուսափել, բայց միևնույն ժամանակ գիրքը պետք է լինի գնային խելամտության սահմաններում: Կարծում եմ, որ մեր կողմից հրատարակված գրքի հաջողության գաղտնիքը նաև մատչելիությունն է»,- նշեց Ալեքսանյանը:Արտակ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ապագայում Newmag-ն այսպես կոչված non-fiction գրականություն է թարգմանելու՝ հայ ընթերցողին ներկայացնելով հրապարակախոսություններ, քաղաքական, տնտեսական, մշակութային վերլուծություններ և այլն:«Ի սկզբանե որոշել ենք, որ հիմնականում չենք հրատարակելու գեղարվեստական գրականություն, որովհետև դրա թարգմանությունն առանձին մասնագիտություն է, դժվար է, ոլորտը «զբաղված» է՝ կան հաջողակ հրատարակչություններ, որոնք զբաղվում են նման գրականության թարգմանություններով»,- ասաց Արտակ Ալեքսանյանը:Չբացելով փակագծերը` նա ասաց, որ արդեն աշխատում են միանգամից 3 գրքի վրա:Շնորհանդեսին ներկայացվեց նաև books.newmag.am կայքը, որի միջոցով հնարավոր է օնլայն պատվիրել Newmag-ի գրքերը: Բացի դրանից, ներկայացվեց Newmag-ի ևս մեկ առցանց նախագիծ՝ bestseller.am կայքը, որտեղ կներկայացվեն հայալեզու ու ռուսալեզու ամենաթարմ ու պահանջված գրքերը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը