Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը» հրապարակվել է հայերեն
Newmag-ը հրատարակել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի՝ «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Սա ինքնակենսագրական պատմություն է, թե ինչպես աղքատ երիտասարդը Թավրիզի խուլ թաղամասից հա
Թերթելով էջերը
Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորեանի պատմության ոդիսականը սկսվում է Թավրիզում, շարունակվում Բեյրութի համալսարանում, ծավալվում՝ Նյու Յորքում։
Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, որը 1981-1989 թվականներին նախագահեց նաեւ Նյու Յորքի Հանրային գրադարանը, հետագայում ռեկտորի պաշտոն ստանձնեց Փենսիլվանիայի համալսարանում։
Գիտությունների թեկնածուի կրկնակի կոչում ունեցող Գրիգորեանի պատմությունը բացահայտումների շարք է՝ ամերիկյան երազանքի տիպիկ օրինակ՝ թե ինչպես հնարավոր եղավ առանց կապերի եւ առանց ուրեւէ մեկին ճանաչելու, հայկական համեստ ընտանիքից հայտնվել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շրջապատում։
Առաջաբանը բեմում
2018-ի հունիսի 10-ին, «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով հանդիսավոր երեկոյի ժամանակ Վարդան Գրիգորեանի համար անսպասելի բեմ բարձրացան նրա ընկերները՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին, Բեռնարդ Քուշները, տեսազանգով միացան նաեւ Ջորջ Քլունին, Սամանթա Փաուերն ու այլ համաշխարհային դեմքեր։
Միմյանց հաջորդելով նրանք սկսեցին այս տողերն ընթերցել.
«Իմ ճանապարհին ինձ օգնել են շատ ընկերներ ու անծանոթներ, եւ իհարկե իմ կինն ու երեխաները»։
«Պատանի ժամանակ Քարնեգիի մասին իմանալուց հետո, մեծագույն հարգանքով լցվեցի նրա նկատմամբ։ Նկատեցի, որ իմ ու այդ մարդու կյանքը շատ նման է՝ երկուսս էլ աղքատ ընտանիքներից էինք, երկուսս էլ սիրում էինք կարդալ, սակայն չէինք կարող մեզ թույլ տալ գիրք գնել կամ վարձությով վերցնել, երկուսս էլ երիտասարդ տարիքում մեկնել էինք օտար երկիր, բախտ որոնելու, երկուսս էլ գիտեինք՝ հոգով ու սրտով, որ մեզ կփրկի եւ կուղղորդի միայն կրթությունը»։
«Անշոշւտ, ես հպարտ էի, հաղթական տրամադրություն ունեի, որ Թավրիզից եկած տղան, որը այնքան աղքատ էր, որ չէր կարող սեփական գիրքն ունենալ, կամ վարձել, հասավ մի աստիճանի, որ կարող էր հարյուրավոր գրքեր տրամադրել Նյու Յորքի բնակիչներին»։
«Գիրքն ինձ համար շարունակում է մնալ մարդու ամենաբացառիկ ստեղծագործություններից մեկը, քանի որ այն ընծա է, գիտելիքի ընծա։ Եվ ինչպես էլ այն հայտնվի քո ձեռքում, գտածո գանձ է»։
Մի քանի րոպե հետո պարզ դարձավ, որ ընթերցված հատվածները «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքն ու ժամանակը» գրքից էր։ Վարդան Գրիգորեանը բեմ բարձրացավ՝ դեմքին արցունքներ ու ժպիտ։
Արդեն հայերեն
«Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը պատմում է, որ բավական էր ճանաչել հեղինակին, կարդալ մի քանի էջ, գրախոսականները եւ պարզ էր, որ սա ուշագրավ գործ է, որն արժանի է թարգմանության։
«Մենք աշխատում ենք երկու տասնյակ թարգմանիչների հետ, բայց հենց Աստղիկ Սարգսյանին է բաժին հասնում ամենալուրջ, հաստափոր ու թարգմանության տեսանկյունից՝ ամենաբարդ գրքերը։ Թարգմանության խմբագիրներն են Գնել Նալբանդյանը եւ Սեւակ Ղազարյանը։
Գրքի շապիկի հեղինակի ազգանվան եւ գրքում տեղ գտած՝ մեզ համար անսովոր տառադարձումների հեղինակը հենց Վարդան Գրիգորեանն է։ Նրա հետ աշխատել ենք համատեղ, նա ընթերցել է բոլոր էջերը, հավանություն տվել թարգմանությանը, շապիկին եւ հրատարակությանը։ Նա նույնիսկ Newmag-ի կազմի հետ ժողով է արել՝ թարգմանական նրբությունները քննարկելու համար։
Գրքի էջերում դուք կհանդիպեք մարդկանց, որոնք, թվում է, վաղուց պետք է մահացած լինեին։ Օրինակ, Գրիգորեանը հանդիպում է Լեւոն Շանթին, այնուհետեւ Բեյրութում նրա ուսուցիչը եւ մենթորը դառնում է Սիմոն Վրացյանը՝ Առաջին հրանրապետության չորրորդ վարչապետը։ Այս գիրքը կարող է շատ հետարքիր լինել նոր սերնդին, տեսնելու՝ թե ինչ է նշանակում «կապերի հաստատում» մի մարդու համար, որը ներգաղթյալ էր, 22 տարեկանում առանց որեւէ մեկին ճանաչելու հայտնվել էր Նյու Յորքում ու համարվում է Ամերիկայի ամենաազդեցիկ մտավորականներից մեկը»։
Թարգմանչական տպավորություն
Թարգմանիչ Աստղիկ Սարգսյանի տպավորությամբ, հեղինակի կյանքի վրա ճակատագրական ազդեցություն է թողել ընտանիքը։
«Ընտանեկան հարաբերությունները, որքան հասկացա, մեծ դեր են խաղացել Թավրիզից մեկնելու ցավոտ որոշումը կայացնելիս։ Ու եթե տանն ամեն ինչ կարգին լիներ, ապա այսօր Վարդան Գրիգորեանն այնպիսին չէր լինի, ինչպիսին ճանաչում ենք։ Խարդավանքներն ակադեմիական միջավայրում նույնպես սլաքների դեր են խաղացել՝ ուղղորդելով այս կամ այն համալսարան, ակամա նպաստելով վերելքին։
Գեղարվեստականի ու ոչ գեղարվեստականի այս խառնուրդը թարգմանելն ինձ համար նման էր ափից ոտնաթաթով ջուրը փորձելուն։ Գեղարվեստական առումով՝ ջուրը ձգում էր, իսկ հարազատը՝ ցամաքը, նոն-ֆիքշնը, տաք էր ու հարմարավետ։ Կարծում եմ ընթերցողն էլ սա կզգա իր մաշկին»։
Ավելի մոտ Վարդանին
Շնորհանդեսի իր խոսքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշն ասում է. «Վարդան Գրիգորեանը «Ավրորա»-ի համահիմնադիրներից է, «Երախտագիտությունն ի գործ» սկզբունքի հեղինակը։ Վարդանին դեմ առ դեմ հանդիպել եմ մի քանի անգամ, նախորդ տարի ավելի հաճախ շփվում էինք Zoom-ով։ Վարդանն ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է, որին երբեւէ հանդիպել եմ։ Նրա կյանքը մարտահրավերների հաղթահարման, շարունակական ձեռքբերումների եւ հնարավորությունների կիրառման հանրագումարն է։ Նա մեծ մենթոր է բոլորիս համար»։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի