ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

1990-ականների Ելգավան՝ լատվիացի գրողի հայացքով. Յա

1990-ականների Ելգավան՝ լատվիացի գրողի հայացքով. Յանիս Յոնևսը Երևանում ներկայացրել է «Ելգավա 94» վեպը

11/12/2024

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի ժամանակակից գրող Յանիս Յոնևսի կիսակենսագրական «Ելգավա 94» վեպն անդրադառնում է 1990-ական թվականներին՝ դեռահասի աչքերով, նրա տեսանկյունից ներկայացնելով մի ամբողջ սերնդի տրամադրությունը, երաժշտական նախասիրությունները, քաղաքում ու երկրում տիրող բարքերն ու այլընտրանքային մշակույթը, որին տրվում են երիտասարդները։

Վեպում այն շրջանն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գիրքը հայերեն է թարգմանել և լույս ընծայել «Նյումեգ» հրատարակչությունը, որի հրավերով Յանիս Յոնևսն օրեր առաջ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր բեսթսելերի շնորհանդեսին։

«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է հեղինակին և նրա հետ զրուցել գրքի ստեղծման, Ելգավա քաղաքի առանձնահատկությունների, ռոք երաժշտության նկատմամբ Յոնևսի սիրո և սպասվող ծրագրերի մասին։

-Պարոն Յոնևս, շատ ուրախ ենք Ձեզ հյուրընկալել Երևանում, առավել ուրախ ենք, որ Ձեր բեսթսելերը կարող ենք ընթերցել հայերեն։

-Շնորհակալ եմ, փոխադարձաբար։

-«Ելգավա 94»-ը ոչ միայն պատմում է դպրոցական Յանիսի մասին, այլև նրա միջոցով մի ամբողջ սերնդի մտածողությունն է ներկայացանում, քաղաքի անցուդարձը։ Ինչո՞ւ որոշեցիք գրքով անդրադառնալ երկրի այդ շրջանին։

-Վաղուց այնքան երիտասարդ չեմ, որքան գրքի հերոսը։ Երբեմն փորձում եմ  հիշել, թե ինչ զգացողություն էր երիտասարդ լինելը, այն ժամանակներում ապրելը, ինչ-որ չափով ապստամբ բնավորություն ունենալը։ Իրականում փորձում եմ չկորցնել այդ ամենը։ Ելգավան մեծությամբ Լատվիայի չորրորդ քաղաքն է։ Պետք է խոստովանեմ՝ երբ փոքր էի, այնքան էլ երջանիկ չէի, որ այդ քաղաքում եմ ապրում, որովհետև ժամանակին այն ավերվել էր, հետո վերակառուցվել խորհրդային շնչով։ Երբ դեռահաս էի, ապստամբ էի և ոչ այնքան խոնարհ, ինչպես որ գրքում ասվում է, իսկ հետո հասկացա, որ Ելգավան աշխարհի ամենալավ քաղաքն է։ Ինչպես շատ վայրերում, այնպես էլ Լատվիայում ամեն բան կենտրոնացված է մայրաքաղաքում, մեր դեպքում՝ Ռիգայում, բայց ես փորձել եմ ոչ թե գյուղի, այլ մերձակա շրջանների կյանքը բերել գրականություն և ցույց տալ բնակիչների կյանքի ձևն ու որակը։ Գրքում շատ եմ խոսում երաժշտության մասին։ 1990-ականներին երաժշտական մեծ շարժում սկսվեց հատկապես Ելգավա քաղաքում. այն դարձել էր ոչ ֆորմալ ալտերնատիվ երաժշտության կենտրոն։

-Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին արգելված էին ռոքն ու երաժշտական մի քանի ժանրեր։ Մասնավորապես ռոքն անդերգրաունդ երաժշտություն էր, քանի ազատություն էր քարոզում։ Կարո՞ղ ենք ասել, որ ինչ-որ չափով անհասանելի լինելն էր այն կուլտային դարձնում։

-Դա ևս նշանակություն ուներ, բայց չի կարելի ասել, որ 1990-ականներին այն գոյություն չուներ։  Տարբեր ենթամշակույթներն ու արգելված երաժշտությունն արդեն 1980-ականների վերջին բավականին տարածված էին Լատվիայում։ Մեր նախորդ սերունդն այդ իմաստով առաջին գնացքով էր գնացել, իսկ մենք՝ երկրորդ։ Մեզ համար ռոքն ավելի հասանելի էր։ Երբ  Խորհրդային Միությունը փլուզվեց, ես 11 տարեկան էի, երբ 15 տարեկանում սկսեցի հետաքրքրվել ռոք երաժշտությամբ, դա այնքան էլ նման չէր պայքարի։ Մեզնից առաջ էր պայքար եղել, և մեզ համար ճանապարհ էին հարթել։  Ընդունված է համարել, որ 1990-ականները դժվար տարիներ էին, շատ էին հանցագործությունները, անկարգությունները, բայց ինձ համար այդ շրջանը, երաժշտական միջավայրը նոր ընկերներ գտնելու հնարավորություն էին ընձեռում։ Մի քննիչ, որի հետ առնչվել եմ իմ երրորդ գիրքը գրելիս, որը վավերագրական է և պատմում է չբացահայտված սպանության մասին, 1990-ականները սարսափելի էր համարում, բայց մենք այդպես չէինք ընկալում։ Մեզ համար շատ լավ, հրաշալի ժամանակներ էին. ունեինք ազատություն, ընկերական համայնք, բազմաթիվ զբաղմունքներ։ Հիշողությունները շատ վառ են ու լուսավոր։ Այդ տարիները նաև Լատվիայի համար էին շրջադարձային։ Այդ շրջանում Լատվիան և ես փոքր-ինչ նույնականացվել էինք։ Լատվիան ևս երիտասարդ էր, չգիտեր, թե ինչ անել, շփոթված էր, ինչպես և ես։

-Դուք նշում եք, որ իրական կյանքում այդ շրջանում ընկերներ եք ձեռք բերել, բայց գրքում Յանիսը երաժշտության միջոցով ասես ապրում է այլընտրանքային իրականությունում։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց վերադառնալ իրականություն։ Հեռացե՞լ եք այդ երաժշտությունից, թե՞ մինչ օրս ռոքը Ձեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։

-Ես չէի փորձում հեռանալ այդ իրականությունից։ Չի կարելի ասել, որ հիմա հեռացել եմ ռոքից, այդ ենթամշակույթից։ Երբ ընկերներիս հետ որոշում ենք ռոք համերգի գնալ, փնտրում ենք փոքր բեմերում երգող խմբերի, ոչ թե հայտնի, մեծ երաժիշտների, քանի որ նրանց չենք նույնականացնում մեզ հետ, իսկ սկսնակների, չճանաչածների մեջ երբեմն մեզ ենք գտնում։ Ինչո՞ւ ես չմնացի այդ ոլորտում։ Եկավ ժամանակ, երբ հասկացա, որ պետք է փոխվել։ Երկար մազեր ունեի, հագուկապս համապատասխանում էր այդ ենթամշակույթին, բայց եկել էր մազերը կտրելու ժամանակը։ Մեծացել եմ, շատ բան է փոխվել, հետաքրքրությունների շրջանակը՝ ևս։ Երբեմն մտածում եմ՝ իմ մեծանալն ու այդ մշակույթից հեռանալը դավաճանություն են։ Գրքում էլ դա կա. սկզբում դավաճանում եմ իմ մանկության ընկերներին, որոնք ռոքի հետ կապ չունեին, հետո՝ ռոքի երկրպագու, նվիրյալ ընկերներին, բայց մինչև վերջ չեմ հեռացել ո՛չ նրանցից, ո՛չ երաժշտությունից։ Վերջին տարիներին փանկ ռոք եմ լսում։ Իրականում ժանրերը շատ են խառնված։ Կան հանրաճանաչ խմբեր, որոնք ինձ՝ որպես երաժշտության գիտակի, հրավիրում են իրենց համերգներին։ Ինքս խումբ չստեղծեցի, երաժիշտ չդարձա, բայց շատ ոգևորվում եմ, որ երիտասարդներից շատերն իմ գիրքը կարդալուց հետո  սկսել են հետաքրքրվել մետալ, ալտերնատիվ  ռոք ժանրերով։ Գուցե դա ևս հաջողություն է։

-Ռոքը բողոքը, անհամաձայնությունն արտահայտելու լավագույն ձևերից է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխակերպումների է այն ենթարկվել և ի՞նչ գործառույթ է իրականացնում այսօր։

-Իհարկե փոխակերպումներ եղել են։ Գրքից հետո ռոքը կրկին տարածում գտավ։ Ընկերներիցս մեկը՝ Վենոմը, որի մասին խոսվում է «Ելգավա 94»-ում, կարծում էր՝ այնքան էլ լավ չէ, որ բոլորը ռոք են սիրում, այցելում ռոք համերգների։ Ըստ նրա՝ ոչ բոլորը կարող էին ընկալել այն։ Չէի ասի, որ ռոքն ընտրյալների համար է, բայց այն ունի իր սահմանափակումները։

Հիմա  ցանկացած մեկը YouTube-ի միջոցով կարող է կիթառ նվագել սովորել։ Առաջ նման հնարավորություններ չկային։ Հիմա հեշտությամբ կարող ես ծանոթանալ ռոքի լավ նմուշների, խմբերի։ Այն ժամանակ ընկերդ կարող էր լարել կիթառդ, դու օրեր շարունակ ժամերով փորձեիր ինչ-որ բան նվագել, իսկ հիմա տեխնիկական հնարավորություններն անսահմանափակ են։ Հետաքրքիր է՝ մեզ թվում էր, թե բոլորս մեր կյանքը շարունակելու ենք երաժշտության բնագավառում, բայց կյանքը շատ այլ ճանապարհներ է բացում մարդկանց առաջ։ Գրքի հերոսներից մեկը՝ Մահը, այսօր կամուրջներ է կառուցում, ունի չորս երեխա, կենդանիներ, բայց չի մոռացել երաժշտությունը, Կարլիս անունով հերոսը Նորվեգիայում Լատվիայի դեսպանն է, Զոմբիի հետ մինչ օրս տեսնվում ենք և ամբողջ գիշեր սարսափ ֆիլմեր ենք դիտում։ Այո՛, մեծանում ենք, տարբեր ուղիներով գնում, բայց կապող օղակներ կան։ Այդ խմբից ամենաանհաջողակը հավանաբար ես եմ (ժպտում է). չունեմ մեծ բնակարան, բակում մի քանի մեքենա։ Այն, ինչ կա հիմա, լավ է։ Երբեմն մտածում եմ՝ եթե ժամանակի մեքենա լիներ և քսան տարի առաջ կարողանայի ապագա գալ ու տեսնել, որ գրասենյակում նստած աշխատում եմ, դա ինձ դուր չէր գա։

-Ընկերները, որոնց մասին պատմում եք գրքում, կարծում եմ, կարդացել են այն։ Ինչպե՞ս են արձագանքել։

-Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց «Ելգավա 94»-ը, հավանաբար, միակ գիրքն է, որը, օրինակ, Զոմբին  կարդացել է, որովհետև նա մարդու այն տեսակն է, որին կինոն է դուր գալիս։ Մենք երբեք ընկերներով չենք քննարկել գիրքը, չենք խոսել այն մասին, թե ով ինչ տպավորություն է ստացել, բայց Վենոմը մի անգամ ասաց, որ կարծում է՝ ինքն այնքան սև կերպար չէ, որքան վեպում է նկարագրված։ Նա մի քանի տարի առաջ է մահացել։ Վենոմը մեզնից միակն էր, որ մնաց ռոք մշակույթի մեջ, պայքարեց ու չդավաճանեց։ Համացանցային քննարկումներից մեկի ժամանակ նա շեշտեց, որ ինքը բոլորից երիտասարդ է  և հավատարիմ է մնալու իր ընտրած ուղուն։ Նրան մեղադրել էին բանավեճերի մեջ՝ ասելով, թե ինչու է խառնվում։ Նա այն մարդկանցից էր, որոնք երբեք չեն հանձնվում։

-Տարիներ առաջ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։ Անձամբ ես մինչ օրս չեմ դիտել որևէ կինոնկար, որը կգերազանցի գիրքը։ Որքանո՞վ է ֆիլմն արդարացրել Ձեր սպասելիքները։

-Իրականում ոչ մի հեղինակ բավարարված չի լինում իր ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերով, ինչը գուցե բնական է։  Ֆիլմում շեշտադրումներն այլ են, գրքում՝ այլ։ Կինոնկարում ավելի շատ ալտերնատիվ մշակույթը, սիրո պատմությունն են, քան երիտասարդի փնտրտուքները։

-Դուք նաև մանկական ստեղծագործություններ եք գրել։

-Հիմա Լատվիայում մանկական գրականությունը ծաղկում է ապրում, և հրատարակողներն են շատ։ Տասը տարի առաջ ընկերներիցս մեկը համոզեց գրել մանկական գիրք, որը դեռ միակն է, սակայն հրատարակիչները պարբերաբար առաջարկում են գրել այդ ժանրում, պարզապես դա ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, բայց հիմա, երբ երեխա ունեմ, գուցե գրեմ։ Երբ գրում էի «Ելգավա 94»-ը, կարծում էի՝ այն մեծահասակների համար է և նրանց կհիշեցնի իրենց կյանքի լավագույն տարիները, սակայն դեռահասներն ու երիտասարդները ևս այն շատ սիրեցին ու ավելի շատ են կարդում։

-Իսկ ի՞նչ գրքի վրա եք աշխատում այսօր։ Մեր օրերում ի՞նչ թեմաներ, խնդիրներ են Ձեզ հուզում, որոնք կարող են նաև գրքի թեմա դառնալ։

-Թեմաները շատ են։ Լատվիացի գրող Անշլավս Էգլիտիսն ասել է, որ լատվիացի գրողի հիմնական խնդիրն այն է, որ նա չի կարողանում կենտրոնանալ մի բանի վրա։ Նա ճիշտ է։ Այս պահին աշխատում եմ մի գրքի վրա, որում խոսվում է լատվիացի այն կանանց մասին, որոնք զոհվել են Լատվիայի անկախության տարիներին։ Նրանց շուրջ շատ լեգենդներ են հյուսվում։ Ինձ հետաքրքրում են նաև դետեկտիվ ժանրը, պատմական որոշ փուլեր։ Որոշ ժամանակ աշխատել եմ մարկետինգի ոլորտում, լեզվի կենտրոնում, որտեղ հանդիպել եմ իմ սիրուն։ Զարմանալի է՝ այդտեղ աշխատելիս մտածում էի, որ տխուր գործ է, բայց երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ կա կարոտախտ. գուցե այդ շրջանի մասին գրեմ։ Այդ գիրքն ասելիքով շատ կտարբերվի իմ այլ ստեղծագործություններից։ 

-Պարոն Յոնևս, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ձեզ նոր ոգեշնչումներ եմ մաղթում։ Վստահ եմ, որ «Ելգավա 94»-ի շնորհիվ հայ ընթերցողները նորովի կբացահայտեն Լատվիան։

-Ես ևս նման հույսեր ունեմ։

Յանիս Յոնևսի դեբյուտային «Ելգավա 94» վեպը հրատարակվել է 2013-ին և դարձել է ազգային բեսթսելեր: Վեպը ստացել է լատվիական գրականության մրցանակներ, արժանացել Եվրոպական Միության գրականության մրցանակի, ստացել Լատվիայի ամենամյա գրական մրցանակը (2014): Կուլտային դարձած գիրքը թարգմանվել է 20 լեզվով: Գիրքը հայերերն է թարգմանվել ու հրատարակվել «Լատվիական գրականություն» հարթակի և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ։

Տարածել

Ելգավա 94
Ելգավա 94

Յանիս Յոնևս

6800 ֏

Նկարագրություն

Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: 

Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և հուսահատեցնող ձանձրույթի մասին է: Այս վեպը նաև հետխորհրդային երիտասարդության վրա ծանր ռոքի ու գրանժի թողած ազդեցության մասին է: