Այս գիրքը պիտի լինի յուրաքանչյուր հայի գրադարանի անբաժան մասը
Արաքսյա Մնացականյան
Օպերացիա «Զոդ» գիրքը այն բացառիկ աշխատություններից է, որ նորագույն շրջանում պիտի տեղ գտնի յուրաքանչյուր հայի գրադարանում, քանի որ այս գիրքը՝ իր ունեցած գիտելիքների և փաստերի բազայով ստեղծում է այնպիսի ամուր պատմական փաստերի համախումբ, որի վրա հենվելով կարելի է տապալել ադրբեջնական կողմի առաջարկած բոլոր թեզերը՝ սկսած տարածաշրջանի էթնիկ բնութագրումից, մինչև պատմական բազմաթիվ իրողություններ և զարգացումներ։ Այս գրքում միախառնված են պատմությունը, մշակույթը, գիտելիքը, հույզերը, փաստերը և պատմական իրողությունների ընթացքը։ Առաջին իսկ էջից ՝ գիրքը տալիս է ինֆորմացիայի շատ մեծ պաշար և տեղափոխում 1919 թվական՝ ցույց տալով , թե ինչպես են հայելային կերպով մեր օրերում կրկնվում միևնույն իրադարձությունները և որ նույնիսկ 100 տարի անց Ադրբեջանը չի հրաժարվել իր նախկին ռազմաքաղաքան նկրտումներից, որոնց առանցքը համարվում է Գեղարքունիքի մարզի հարավարևելյան շրջանների օկուպացումը՝ այստեղ առկա բնական, ռեկրեացիոն, պատմական և աշխարհաքաղաքական բացառիկ ռեսուրսներին տիրանալու նպատակով։
Այս գիրքը զենք կարող է դառնալ հայի ձեռքում, քանի որ ըստ էության ադրբեջանական քաղաքականությունը նույնն է, նույնը կարող է լինել նաև դրա դեմ ծառացող հայկական օպերացիան, որի հստակ նկարագիրը տրված է գրքում։ Այս գիրքը ինձ համար ունի բացառիկ արժեք նաև այն պատճառով, որ արթնացրեց իմ աչքերում իմ ծննդավայրի պատկերը նոր տեսանկյունից։ Հեղինակների բացառիկ ջանքերով իմ առջև բացվեց իմ ծննդվայրը ՝ Սևանը՝ որպես տարածաշրջանի բացառիկ աշխարհաքաղաքական ռեսուրս, նրա ավազանային շրջանների հարուստ պատմության ընթացքը՝ Էթիունիից մինչև Աշոտ Երկաթ, Սևանի տված յուրօրինակ առավելությունը իր տերը դարձած երկրին և հենց այս գրքի շնորհիվ է ,որ ես, զարգացնելով իմ ռազմաքաղական արդիական շրջանին վերաբերող գիտելիքները և վերլուծական միտքը, ի վերջո, հասկացա, թե ինչու է Ադրբեջանը կռիվ տալիս այս շրջանների համար ամեն գնով և փորձում դառնալ տերը մեր երկրի չափազանց կարևոր այս շրջանների։
Գիրքը թեպետ գիտական էր՝ հարուստ բացառիկ փաստերով ու պատմական անդրադարձներով, այնուամենայնիվ գեղարվեստական բացառիկ հաճույք է պատճառում ընթերցողին՝ իր սահուն ու կոնկրետ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից շարադրանքով և անցյալի օրինակներով ցույց տալիս ապագայի և ներկայի խտացումները՝ զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին։
Շնորհակալուլյուն եմ հայտնում այս գրքին և վստահորեն ասում՝ գիրքը պիտի լինի յուրաքանչյուր հայի գրադարանի անբաժան մասը, քանի որ յուրօրինակ սեր է սերմանում հայրենիքի նկատմամբ և ցույց տալիս, թե մեր կողմից որքա՜ն թերագնահատված է մեր երկիրը։ Գիրքը ,ներկայացնելով, Սևանի ավազանային շրջանի գաղտնիքները, այստեղ առկա գեոպոլիտիկ բացառիկ ռեսուրսները, այստեղ դաջված հայկական հետքը, բացատրում է, թե ինչպիսի կենսական կարևորություն ունի շրջանը ՀՀ կենսունակության համար և թե որտեղից են գալիս և ուր են գնում ադրբեջանական ներկայիս քաղաքանության առանցքները և թե ինչպես և ինչպիսի փաստերով կարելի է տապալել այս քաղաքանությունը։
Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը սերունդները միայն հասակով են տարբերվում իրարից: Ժամանակ կանցնի և որդիները կայրանան ու կբռնեն իրենց հայրերի տեղը: Եվ ահա մենք նույն վիճակում ենք, փոխվել են ժամանակները, սակայն մենք այսօր կրկին՝ մեր նախնյաց պես կանգնած ենք նույն խնդրի առաջ և ըստ էության այս գրքի հիմնական նպատակն է՝ համեմատականներ տանելով անցյալի և ներկայի միջև՝ մեզ ծանթացնել մեր նախնիների 1919 թվականի սխրանքի հետ, որպեսզի հնարավոր բոլոր զարգացումների պարագայում մենք պատրաստ լինենք հստակ ու ճշգրիտ քայլերի: «Օպերացիա Զոդ» գրքում շաղախվում են պատերազմ, գաղափարային ընդհանուր ձգտումներ, ապրումներ, փաստեր, հույսերի խտացումներ, ապագայի ուրվագծվող շառավիղ, որոնք նպատակ ունենան մշակել այս գիրքը կարդացողի գիտելիքը, աշխարհայացքը և պատկերացումները:
Գրքին յուրահատուկ համ և հոտ է տալիս այն հանգամանքը, որ հեղինակները ոչ միայն մանրամասնորեն ներկայացրել են պատմական իրողությունները՝ կարծես թե դրանք էկրանավորելով մեր աչքերում, այլև ընթերցողի աչքերում կենդանացրել են պատմական այնպիսի կերպարների՝ ինչպիսք են Անդրանիկը, Դանիել բեկ Փիրումյանը: Գրքի գաղտնիքը կայանում է նրանում , որ ամեն պարբերություն կարդալիս , մի պահ կանգ ես առնում և մտքումդ սկսվում է բախում՝ անցյալի և ներկայի միջև: Զգում ես, թե որքան արդիական են դեպքերը, որ տեղի են ունենում մեզնից 100 տարի առաջ և որ ըստ էության ներկայի շատ հանգմանքներ ծնունդ են հենց այդ իրողությունների:
Այս գիրքը ստիպեց ինձ գնահատել մեր հայրենիքը՝ մեր փոքրիկ Հայաստանը , մեր փոքրիկ ոսկորը՝ խրված համիսլամ երկրների կոկորդում՝ որպես խանգարող հանգամանք և թույլ տվեց գիտակցել , որ այն ինչ ունենք մենք այսօր՝ պիտի պահել ատամներով , քանզի աինչպես ցույց տվեց այս աշխատությունը փոխվում են ժամանակները, բայց մեր հարևանների ձգտւմները, զավթողական անկուշտ քաղականությունը շարունակում է մնալ նույնը:
Պիտի նշեմ, որ սա այն եզակի գրքերից էր, որ իր փաստագրական համակարգով չէր զիջում հանրագիտարանի: Ամեն մի տողը, ամեն մի բառը, որ կարող են օտար թվալ ընթերցողի աչքին, ամեն մի տերմինը, որ կարող էր առաջացնել որոշակի բարդույթներ ընթերցելիս՝ ուներ իր հստակ բացատրությունը, ինչը էլ ավելի էր մեծացնում գրքի ունեցած ազդեցությունը: Գովելի նաև , որ գիրքը հարուստ էր քարտեզներով և տեղաբնակ ժողովրդի կյանքի պարզ, բայց միաժամանկ բովանդակալից ներկայացմամբ:
Ամփոփելով իմ վերլուծությունը ՝ մնում է ասել մեկ բան : Մենք ունենք չափազանց թանկ հայրենիք , որի ամեն սանտիմետրը՝ իրենց ենթադրում է ռազմաքաղաքական , գեոպոլիտիկ ուրույն կարևորության ռազմավարական հենակետ, որ մեր ապագա կենսունակության երաշխիքն ու հովանին է, ուստի հենվելով գրքում առկա փաստերի, ինֆոմացիայի և մարտական բացառիկ ոգու, պատմական բացառիկ իրողությունների վրա, մենք պարտավոր ենք ի վերջո գիտակցել , որ ներկայում կատարվող ամեն մի իրողություն հետևանքն է անցյալի որևէ քայլի և սնուցվելով այս գրքի հերոսական պայքարի վրա՝ պիտի փորձենք արժանի լինել Զոդի «պահապաններին» և նրանց սխրանքին ու գնահատենք մեր հայրենքը, քանզի քչերին է տրված այն ունենալու բացառիկ պարտականությունը:
Ավետիս Գրիգորյան
Արսեն Բոբոխյան
6800 ֏
Նկարագրություն
Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունըցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմությունունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարեւորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։
«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։
Համակողմանիորեն քննարկելով Վարդենիսի հերոսական ինքնապաշտպանության եւ «Զոդ» օպերացիայի ռազմաքաղաքական ու պատմամշակութայիննշանակությունը՝ հեղինակներն իրականացրել են միջգիտակարգային հետազոտություն, օգտագործել ոչ միայն պատմական-արխիվային, այլեւհնագիտական ու բանագիտական տվյալներ։ Նրանք հատուկ այս գրքի համար հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքելեն ականատեսների ու նրանց ժառանգների վկայությունները եւ այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։ Գրքի հարցադրումները չափազանց արդիական են հենց այսօր։ Այդ պատճառով գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ քաղաքականությամբ, պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար: