Նախանձում եմ բոլոր այն մարդկանց,որոնք դեռ ունեն հնարավորություն վայելելու այս հրաշքը
Նախանձում եմ բոլոր այն մարդկանց,որոնք դեռ ունեն հնարավորություն վայելելու այս հրաշքը
Միլենա Կռոյան
«Հեքիաթ մեծերի համար» Մեկ հոգեցունց ծիծաղում էի,իսկ հաջորդ պահին արտասվում։ Ֆրեդերիկ Բաքմանը՝ ծնված 1981թվականին,շվեդ ժամանակակից գրող է։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի դեբյուտային վեպն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելլեր։ Բաքմանի և իր գրքերի մասին վաղուց գիտեի․ամբողջ համացանցը խոսում էր իր մասին։ Սակայն հայերենով մենք չունեինք թարգմանված ստեղծագործություններ, դե իսկ ես էլ սովոր չեմ ուրիշ լեզվով կարդալուն, և ուրիշ ոչինչ չէր մնում բացի հայերեն թարգմանությանը սպասելուց: ճիշտն ասեմ ընդհանրապես հույս էլ չունեի,որ այն կթարգմանվի հայերեն։ Բայց մի օր, շատ պատահական տեսա, որ վերջապես գիրքը թարգմանվել է, ու պատկերացրեք իմ վիճակը՝ աաաաա, վերջապես կկարդամ այս գիրքը, ու այն էլ մայրենի լեզվով։
Հիմա կպատկերացնեք,թե չափազանցնում եմ, սակայն ես ուղղակի օրերն էի մաշեցնում՝ սպասելով գիրքը գնելուն, ու երբ վերջապես գիրքը գնեցի, վայրկյան անգամ չուզելով կորցնել՝ սկսեցի կարդալը։ Ես սպասում էի, որ գիրքը ինձ համար յուրահատուկ կլինի, սակայն որ կունենա նման ազդեցություն՝ մտքիս ծայրով էլ չէր անցնում։ Գիրքը մեզ պատմում է մի անտանելի ու փնթփնթան ծերուկի մասին՝ անցյալ դարի բարքերին սովոր և այդպես էլ նոր ժամանակներում իր տեղը չգտած, որը իր պարտականությունն է համարում ամեն օր թաղամասում ստուգայց կատարել։ Իսկ այդ ծերուկը շվեդ Ուվեն է, 59 տարեկան, մարդկանց ասելով՝ դառը կորիզ։ Նա Սաաբ է վարում և չի պատկերացնում՝ ի՞նչ է լինելու այս հասարակության վերջը։ Երբ կարդում եմ գրքի մասին վերլուծությունները, բոլորը միաձայն կրկնում են․ սկզբից Ուվեին ատում էի, հետո երբ ծանոթացա նրա պատմությանը սկսեցի նրան սիրել, իսկ ես կտարբերվեմ և կասեմ․ ես հենց սկզբից էլ սիրել եմ նրան, քանզի այնքան նմանություններ ունեինք, որ նրան չսիրել կնշանակեր,որ ինքս ինձ էլ չեմ համակրում։ Չնայած նրան սիրել պետք չէր, թերևս հասկանալ էր պետք, ըմբռնումով մոտենալ էր պետք։ Մինչև Ուվեի հետ ծանոթանալը, ես կարծում էի՝ աշխարհում միակն եմ, որին երջանիկ լինելու համար միայն մի հոգին էլ բավական է։ Մենք երկուսս էլ մի հոգու կարիք ունենք։ Կարևոր լինել այդ մեկի համար՝ դա արդեն իսկ մեծ ձեռքբերում կլինի։ Երկուսս էլ պատրաստ ենք նվիրվել այդ մի հոգուն, և Ուվեն հանուն այդ մեկի մի քանի ամիս շարունակ վագոնով սխալ ուղղությամբ էր գնում, քանզի գտել էր այն մեկին՝ շագանակագույն մազերով ու կապույտ աչքերով, կարմիր կոշիկներով ու խոշոր, ոսկեգույն վարսակալով։ Ուվեն ինքնամփոփ էր, չշփվող, արտաքին աշխարհի հանդեպ անտարբեր։ Բայց ունե՞նք մենք իրավունք քննադատելու մարդուն առանց իմանալու՝ ինչ ճանապարհ է անցել, այդ ճանապարհին ինչ դժվարությունների միջով է անցել, ինչ հարվածներով է կյանքը հանդես եկել ու իր ողջ դաժանությամբ ինչ հետք է թողել։ Ուվեն 7 տարեկանում կորցրեց մորը, 16-ում՝ հորը, կորցրեց դեռ չծնված երեխային, կորցրեց հայր լինելու իրավունքը, իսկ վերջում կորցրեց կյանքի միակ սիրելի կնոջը՝ Սոնյային, հետևաբար կորցրեց նաև կյանքի իմաստը։ Բայց այս ամենում Սոնյան էր «մեղավոր», որ ամուսնացավ Ուվեի հետ, որ Ուվեին զրկեց իր քթիկի ծայրը նրա ուսի ու վզի արանքում զգալուց, որ ստիպեց Ուվեին կարոտել մանրուքներ, ասենք՝ ժպիտը, կամ քնած ժամանակ շուռումուռ գալը։ Եվ այդքանից հետո մարդիկ դեռ շարունակում էին ասել, որ նա աշխարհը սև ու սպիտակ էր տեսնում։
Ուվեի հանդեպ իմ սերը կրկնապատկվեց, երբ նա չցանկացավ «պարտքի տակ մնալ» և վերադարձրեց հոր 14 օրվա աշխատավարձը։ Ուվեն գաղափարի մարդ էր, և ես սիրեցի նրան,Ուվեն սկզբունքային էր, հպարտ, ապրում էր այն աշխարհում, որտեղ կարևորը ճշմարտությունն է, նա հավատում էր արդարությանը, բարոյականությանը, անդուլ աշխատանքին, նրան սովորեցրել էին, որ կյանքում ոչ-մեկի չպետք է «մատնել» թեկուզ դրա համար ինքն էր պատժվում։ Նա կնոջը հողին հանձնեց կիրակի, իսկ երկուշաբթի գնաց աշխատանքի։ Քանի որ այդպես պետք է լիներ։ Քանզի կարգը այդպիսին էր։ Եվ այս հատկանիշներով մարդը ինչպես պետք է իրեն դրսևորի հասարակության մեջ, երբ կորցրել է կյանքի իմաստը, այն միակին, որը սիրեց նրան այնպես, ինչպես որ նա կար, ով սփոփանք էր գտնում՝ այցելելով կնոջ շիրիմին և շշնջալով՝ «կարոտում եմ քեզ», ում տան ամեն անկյունում սիրելիի նկարներն էին, որ ամեն պահի զգա նրա ներկայությունը, օգնում էր մարդկանց, ճիշտ է դժկամորեն, սակայն վստահ լինելով, որ կինը կհպարտանար իրենով։ Եվ կնոջ մահից հետո նա՝ կորցնելով իր աշխատանքը, չուզենալով դառնալ ավելորդ, որոշում է ինքնակամ հեռանալ այս աշխարհից։ Նա պատրաստել էր ամեն ինչ, գրել կտակը, բոլոր փաստաթղթերը հանձնել փաստաբանին և տարբեր եղանակներով՝ գնացքի տակ ընկնելուց մինչև աներոջ հրացանով, ցանկանում էր կյանքին վերջ տալ։ Նա ուղղակի ուզում էր հանգիստ մեռնել․ չէ՞ որ այդքան էլ բարդ բան չէր ուզում, բայց իրեն թերևս վիճակված չէր հենց այնպես հեռանալ կյանքից։ Այդպես չէր կանխատեսված։Նա չարացավ Աստծու դեմ բայց Աստված նրան չմեղադրեց։ Հնարավորություն տվեց ցույց տալ իր այդքան մարդկային ու բարեգութ բնավորությունը, որպեսզի բոլորը ճանաչեն նրան, որ վերջապես գրողը տանի հասկանան, որ նա դառը կորիզ չէ։ Օրերից մի օր նրանց թաղամաս է տեղափոխվում մի ընտանիք, որոնք հենց առաջին օրով արժանանում են Ուվեի պարսավանքին, սակայն Ուվեի մտքով երևի չէր էլ անցնում, որ նրանք իր «պահապան հրեշտակներն» էին լինելու։ Փարվանեի վերաբերմունքը, նրա ինքնագլուխ պահվածքը միշտ նյարդայնացնում էին Ուվեին, բայց Ուվեն երբեք չէր կարողանում հակադարձել այդ կնոջը, նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ստիպեց խնամել այդ գրողի տարած կատվին։ Իսկ Ուվեն ատում էր կատուներին։ Համաշխարհային գրականության մեջ կատուները միշտ էլ հանդես են եկել որպես օջախի հարմարավետության, ջերմության և խաղաղության մարմնացում, ստիպում են մեզ մտածել մեր մասին։ Ավելի ուշադիր նայելով կատվի կերպարին՝ մենք նմանություններ ենք գտնում մարդկային աշխարհի հետ: Եվ արդեն պարզ է դառնում,որ հեղինակը պատահաբար չի ընտրել կատվին, ախր հենց այդ ջերմության ու խաղաղության կարիքն էլ ուներ Ուվեն կնոջ մահից հետո, իսկ կատվի անբռնազբոս պահվածքը, Ուվեին նախատող հայացքը արդյոք նմա՞ն չէր Սոնյային։ Գրքում ինձ համար անասելի հուզիչ ու հոգեհարազատ էր Ռունեի և Ուվեի ընկերությունը։ Անշուշտ ես մինչև հիմա էլ գլուխ չեմ հանում նրանց այդ տարօրինակ ընկերություն ասվածից, բայց այն ինձ շատ հոգեհարազատ էր։ Երկուսն էլ նույն սկզբունքներով, փնթփնթան, կարգուկանոնի ջատագով,և վերջապես նրանց երկուսին միավորում էին իրենց կանայք․ երկուսն էլ անասելի սեր ու հարգանք էին տածում դեպի իրենց կանայք։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նրանք երկուսն էլ ունեին միմյանց կարիքը, ուզում էին կիսվել,գուցե նաև գրկախառնվել, և կդառնային լավ ընկերները, գոնե այնպիսի ընկերներ ինչքան հնարավոր էր այդ երկուսի դեպքում,եթե չլիներ նրանց բնավորությունը և տղամարդկանց մոլուցքը մեքենաների հանդեպ։ Ուվեն հավաքական կերպար էր։ Մի ամբողջ սերնդի։Հասարակության։ Մենք բոլորս էլ ունենք մեր Ուվեին։ Նա ապրում է մեր մեջ։ Միգուցե դեռ գլուխ չի բարձրացրել, չի դրսևորվել,քանի որ դեռ չենք զգացել այն, ինչ զգաց ու ապրեց Ուվեն, կամ գուցե արդեն զգացել ենք, ուղղակի Ուվեն շատ էր կորցրել։ Ամենասարսափելին թերևս հարազատի կորուստն է, մահը գալիս է արագ ու տանում ոչ թե քեզ, այլ ինչ-որ հարազատ մեկին, հարազատ հոգուն, ու քեզ թողնում է՝կյանքի իմաստը կորցրած ու շվարած։ Բայց Ուվեն լույս էր ու բարի հոգի։ Բժիշկը ուղղակի ախտորոշեց նրա հիվանդությունը՝ սիրտը շատ մեծ է, և այդպես էլ կար, նա մեծ սրտի տեր մարդ էր։ Ուվեին սև ու սպիտակ էին բոլորը տեսնում, բայց իսկական Ուվեին տեսավ միայն 3-ամյա աղջնակը՝ նկարելով նրան գունավոր․ Ուվեն նրա համար շատ զվարճալի էր։ Անհասկանալի էր․ հեղինակը մեզ մեղադրո՞ւմ է՝ երեխաների չափ անմեղ չլինելու ,թե ուղղակի ցույց տալիս, որ կյանքի փորձ այդքան էլ պետք չէ մարդկանց տարբերակելու հարցում, պետք է ուղղակի մանկական միամտությամբ ու անկեղծությամբ նայել մարդկանց։ Չնայած պատճառած անհանգստությանը՝ նա իր տանը հյուրընկալեց Միրսադին՝ նույնասեռական մի երիտասարդի, որին հայրը վռնդել էր տնից։ Իր կտակում Ուվեն գրել էր, որ մեքենան տան Ադրիանին։ Երիտասարդի հետ ընդհանրությու՞նն էր ստիպել, որ հանգի այդ որոշմանը, թե կարծում էր, որ դա Սոնյային դուր կգար։ Նրանց երկուսին էլ կապում էին Սոնյայի մասին հիշողությունները՝ մեկին Սոնյան կյանքի իմաստ տվեց, մյուսին էլ Շեքսպիր կարդալ սովորեցրեց։
Գրքում ինձ համար նաև հետաքրքիր էր երկու մշակույթների բախումը։ Ուվեն ուներ շվեդներին բնորոշ հատկանիշները՝ աշխատասիրություն,զգուշություն, մի փոքր ձանձրալի մյուս եվրոպացիներից, փակ, ոչ կոնտակտային, չշփվող, որին հակադրվում է Փարվանեի կերպարը՝ տիպիկ պարսկական կին, արևելյան բարքերով։ Գիրքը կարդալը կարծում եմ պարտադիր է, առաջին հերթին կյանքը վերաիմաստավորելու համար։ Մահանալ միշտ էլ կհասցնենք, բայց կյանքի յուրաքանչյուր պահ ու վայրկյան պետք է փորձենք իմաստով լցնել։ Եթե սկզբից ձանձրալի թվա, խնդրում եմ չընդհատեք, մի զրկեք Ձեզ Ուվեի հետ անցկացնելու հաճույքից։ Նա փնթփնթան ծերուկ է, բայց շատ հարցերում Ձեզ կօգնի։ Փորձեք հասկանալ մարդկանց,պատկերացնել Ձեզ իր վիճակում, և ապա կատարեք ենթադրություններ։ Մի նեղացրեք Ձեր շրջապատի այն մարդկանց, ովքեր ինքնամփոփ են,լռակյաց։ Փորձեք նրանց ուղղակի հասկանալ։
Հ․Գ․ Նախանձում եմ բոլոր այն մարդկանց,որոնք դեռ ունեն հնարավորություն վայելելու այս հրաշքը։
Ֆրեդրիկ Բաքման
6800 ֏
Նկարագրություն
Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։