Բոլոր մարդկանց միավորում է սերը
Լիանա Պողոսյան
«Մարդուն նախ և առաջ մարդ է պետք»։ Առաջին միտքը, որ այցելեց ինձ այս գիրքն ընթերցելիս, հենց սա էր։ Զարմանալի է, որ 31-ամյա մի երիտասարդ հեղինակ կարողացել է ստեղծել նմանօրինակ նուրբ ու զգայուն կերպար, որն իր երկու տարիքին է։ Գրքի գլխավոր հերոսը՝ 59-ամյա Ուվեն է, ով գրքի սկզբում ընթերցողին է ներկայանում մրթմրթան բնավորությամբ, շրջապատող միջավայրի ու մարդկանց մասին միշտ դժգոհ մեկնաբանություններով, սառը ու մռայլ տրամադրությամբ։ Հետզհետե հեղինակը բացում է Ուվեի կերպարը՝ ընթերցողին ներկայացնելով ամենասովորական մարդու հոգու գաղտնի ու մութ անկյունները, զգացմունքներն ու ապրումները, որոնք զգում ու ապրում է մեզանից յուրաքանչյուրը։ Ուվեն ճշտապահ ու խիստ կյանք է վարում՝ ամեն օր նույն ժամին գնում է աշխատանքի, առավոտյան ստուգայցեր է կատարում իր բնակավայրում, կշտամբում է ապիկար հարևաններին ու փնթփնթում նրանց վրա։ Ուվեն զրկված է կյանքի ամենափոքր ուրախություններն ապրելու կարողությունից, որովհետև ինքն է այդպես որոշել։ Դեռ վաղ տարիքում նա կորցրել է ծնողներին, հետո նաև իր ամենամեծ սիրուն՝ Սոնյային, իսկ կյանքի այդ շրջանում արդեն նաև աշխատանքը։
Ուվեն ամենափխրուն հոգին ունի, որը, սակայն, թաքնված է պողպատե կաղապարի հետևում՝ պաշտպանելու առանց այն էլ արդեն փշրված ներաշխարհը։ Զգացմունքային ֆոնից բացի գրքում կարևոր հիմնահարցեր կան, որ արտահայտում են այս և նախորդ դարի խնդիրները։ Ուվեի նման ճշտապահ մարդիկ չգրված օրենքներ ունեն, որոնցից հրաժարվելը նրանց համար սեփական համոզմունքները դավաճանելու պես մի բան է։ Նրանք վերադարձնում են կորած դրամապանակները, չեն մատնում մեղավորներին, եթե նույնիսկ ստիպված են լինում կրել նրանց բեռը, հողին են հանձնում իրենց սիրելի մարդկանց, իսկ հաջորդ օրը գնում են աշխատանքի, որովհետև այդպես է պետք։ Նրանք նվիրվում են անմնացորդ ու իրենց բոլոր ուրախությունները կապում են իրենց հարազատ վայրերի, մարդկանց ու իրերի հետ։ Դժվար են հարմարվում նորություններին, իսկ առավել հաճախ ընդհանրապես չեն ընդունում դրանք, դրա համար էլ, երբեմն չհարմարվելով վերահաս դաժան իրականությանը, ավարտում են կյանքը ինքնասպանությամբ, ինչը և ցանկանում էր անել մեր հերոսը։ Ինչ-ինչ պատճառներով այդ որոշումը իրագործել չի հաջողվում նրան․ նախախնամություն էր դա, թե պարզապես պատահականությունների հաջորդականություն, կարող ենք համոզվել՝ նայելով մեր շուրջբոլորը։ Բազմաթիվ մարդիկ գալիս-գնում են մեր կյանքից՝ յուրաքանչյուրն իր հետ ինչ-որ բան բերելով ու մեզնից էլ տանելով։ Նրանցից շատերը հաճախ հեռանում են անվերադարձ, բայց միշտ գալիս են նորերը՝ նորոգելու մեր հոգու ճաքճքած պատերը։ Հեշտ չէ միանգամից ընդունել նրանց, ինչպես և հեշտ չէր Ուվեի համար, բայց ժամանակի ընթացքում սառույցը հալչում է, ու մարդկային սիրտը չի կարողանում դիմակայել անկեղծ ու նվիրական սիրո պոռթկումին։
Ուվեն դժվար բնավորության տեր, բայց պարզ մարդ է։ Նրան հասկանալու համար բարդ մեխանիզմներ ու դրանց համընկնող բանալիներ պետք չեն, նրան պարզապես սեր է պետք, ինչպես մեզնից յուրաքանչյուրի մեջ ապրող քմահաճ երեխային։ Ուվեի կերպարը, գործողություններն ու բնավորության դրսևորումներն ամբողջանում են նրան շրջապատող հերոսների միջոցով։ Մենք տեսնում ենք երկու, իրար նման տղամարդկանց ընկերությունը, ովքեր գժտված են հենց այդ նմանության պատճառով, տեսնում ենք հարևանների, ովքեր, բացարձակ անծանոթ լինելով Ուվեին, շատ կարճ ժամանակում հասցնում են «զզվեցնել» նրան իրենց անվերջանալի խնդիրներով ու հոգատարությամբ, երեխաների, որոնք դառնում են կյանքի իմաստը կորցրած, տարիքն առած, անժառանգ տղամարդու ամենօրյա ուրախության աղբյուրը, և նույնիսկ մի սիրունադեմ կատվիկի, որն Ուվեին է վերադարձնում իր երբեմնի քնքուշ զգացումները։ Հետաքրքիր է կերտված Սոնյայի կերպարը՝ նուրբ ու հոգատար մի կին, որ կարողացել էր գրավել այդ խստապահանջ տղամարդու սիրտն ու արժանանալ նրա անուրանալի սիրուն։ Ուվեն իրապես պաշտում էր կնոջը, հիանում նրա բարությամբ, բոլորին օգնելու պատրաստակամությամբ, տոկունությամբ ու կյանքի հարվածներին դիմակայելու կարողությամբ։ Ուվեն գիտակցում էր, որ իր կինն անհամեմատ ավելի ուժեղ էր իրենից․ նա չէր բողոքում, չէր փնթփնթում, և, որ ամենակարևորն է, չէր չարանում նույնիսկ այն դժվարին իրավիճակներից, որոնք կյանքն անսպասելիորեն ու մեկը մյուսին հաջորդելով մատուցում էր իրենց։ Հենց այդ դիսոնանսն էր, որ կատաղեցնում էր Ուվեին․ կյանքը նրա հանդեպ սարսափելի անարդար էր։ Ուվեի տեսակը գրականության ու կինոյի մեջ ամենահետաքրքիրներից է, որովհետև դիտողին է ներկայանում ոչ թե միանգամից ու ամբողջական, այլ աստիճանաբար ու, ինչպես իրական կյանքում է լինում, ընթերցողը ժամանակի ընթացքում է սկսում ճանաչել, հասկանալ, ընդունել, երբեմն նաև համաձայնել կամ վիճել հերոսի հետ։ Այդ բոլոր գործընթացները ապահովում են ստեղծագործության ռիթմն ու աշխուժությունը, զարգացնում են կերպարային առանձնահատկությունները, սերտ կապ են ստեղծում հերոսի ու ընթերցողի միջև։ Ֆրեդերիկ Բաքմանն իր գրքում ամենալավատեսական մոտեցումն է ցուցաբերում իր կերտած հերոսին ու շարժում անշարժելին՝ անհանդուրժող ու փնթփնթան մարդուց ստեղծելով բարեսիրտ ու համբերատար մեկին։ Բայց ստեղծու՞մ է նա այդ հերոսին, թե՞ պարզապես արթնացնում է այն, ինչ քնած էր։ Ընդամենը մեկ հերոսի հոգեբանական վերլուծության միջոցով հեղինակը ընթերցողին է ներկայացնում մարդկային բնավորության անսահմանությունն ու ճկունությունը, ևս մեկ անգամ ապացուցում է, որ կյանքն ու դժվարությունները ինչքան էլ ազդեն, միևնույն է, չեն կարող արմատախիլ անել այն լավը ու բարին, որ գոյություն ունեն մարդու հոգում։ Բավական է մի փոքր կայծ, մի քիչ համբերություն, և բարին կարող է հառնել մի նոր ուժով։
Ինչպես յուրաքանչյուր արժեքավոր ստեղծագործության, այնպես էլ «Ուվե անունով մարդը» գրքի դեպքում հեղինակը ունի նպատակ ու ասելիք։ Այս դեպքում դա հիշեցումն է, որ, անկախ տարիքային, սեռային կամ ռասայական պատկանելությունից, բոլոր մարդկանց միավորում է սերը։ Եվ խոսքը հեքիաթային կամ անհավանական սիրո մասին չէ, որը ոչ բոլորին է հաջողվում ճաշակել։ Այն թաքնված է առօրյա ամենապարզ գործողությունների՝ հոգատարության, ուշադրության, մերձավորի կարիքին անտարբեր չմնալու կարողության, հավատարմության ու նվիրվածության մեջ։ Ուվեի միջոցով նա մեզ է փոխանցում մարդու՝ սխալական լինելու գաղափարը, ու ևս մեկ անգամ ապացուցում, որ չի կարելի դատել մարդու մասին առանց իմանալու նրա անցած ճանապարհը։
Ֆրեդրիկ Բաքման
6800 ֏
Նկարագրություն
Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։