Հզոր տարերային հոսքի պես, վեպը շունչ է կտրում
Էլենա Երիցյան
Հզոր տարերային հոսքի պես, վեպը շունչ է կտրում, և ես փակեցի գիրքը վառվող աչքերով, արագ սրտի բաբախյունով և չկարողանալով մեկ բառ արտասանել: «Պատերազմ և խաղաղություն» ամերիկյան ոճով. Ոչ՝ կանացի «Պատերազմ և խաղաղություն». Զգայական, կրքոտ, սադրիչ, կյանքը հաստատող - շատ ուժեղ և պարզապես հիանալի: Հիանալի օրինակ այն բանի, թե ինչպես է մեկ ստեղծագործության հեղինակը հազար անգամ ավելի նշանակալի ազդել համաշխարհային գրականության վրա, քան այն հեղինակները, ովքեր տարեկան մի քանի կասկածելի «գլուխգործոցներ» են ստեղծում։ Այս վեպը ողբերգական պատմություն է սիրո և հայրենասիրության, բայց, առաջին հերթին՝ գեղեցիկ, հավերժ կորած դարաշրջանի կարոտի մասին։ Հին հարավը, անշուշտ, հեռու է կատարյալ լինելուց. այնտեղ տիրում է ռասիզմը, ստրկությունը, ունայնությունը, սնոբիզմը: Բայց ես չեմ ստի,- այնպես կուզեյի հիմա ինձ տեղափոխեն ծաղկած ծառերի հովի տակ...որտեղ գրավիչ կերպով ուղղելով տասներկու յարդ կանաչ մուսլինի շորերս, կոկետորեն կսեթեւեթեմ կարմրահեր Տարլետոն երկվորյակների հետ, մեծահոգորեն կընդունեմ Չարլզ Համիլթոնի երկչոտ սիրահետությունը և կորսամ մտածկոտ Էշլի Ուիլքսի երազկոտ հայացքները։ Փախչել խիստ մամուշկայի հավերժական նախատումներից, աչք փակել Ջերալդի չարաճճիությունների վրա, ձգել բարակ գոտկատեղս կորսետի մեջ՝ Տասներկու կաղնիներում հերթական հավաքույթի համար և հիանալ Տարայի թանկագին հողերով... Զարմանալի է, թե ինչ վարպետությամբ է Մարգարետ Միտչելը նկարագրում իր բոլոր հերոսներին՝ և՛ գլխավոր, և՛ երկրորդական, նրանք բոլորն այնքան իրական են, ոչ կատարյալ, յուրաքանչյուրն իր ձևով հուզիչ և գրավիչ, որ դու կապվում ես նրանց հետ քո ամբողջ սրտով, և այնքան դժվար է լինում բաժանվել նրանցից: Բացի խիստ ու վառ Մամուշկայից՝ ամերիկյան գրականության սև ադամանդից և բռնկվող միսիս Թարլթոնից, ես անսպասելիորեն սիրեցի նաև հանգիստ, քաղցր Մելանիին, երբեմն նույնիսկ թվում է, թե նա գրքի գլխավոր հերոսն է, այլապես՝ ինչու՞ է վեպն ավարտվում նրա մահով։ Անտեսանելի, թերագնահատված Մելանին՝ գաղտնի սյունը հզոր Սքարլեթի՝ այնքան գրավիչ, բայց վանող, այնքան պրագմատիկ, բայց անկիրթ, այնքան դիմացկուն, բայց սառը: Մարգարետ Միտչելի անհավատալի տաղանդը ստիպեց ամբողջ աշխարհին սիրահարվել այնպիսի «ոչ իդեալական» կերպարի, և միևնույն ժամանակ Հին հարավի այս գեղեցիկ, «ոչ կատարյալ» աշխարհին, այնքան, որ նույնիսկ իսկական հյուսիսցիների հետնորդներին պատեց կարոտը... այն դարաշրջանի համար, որին նրանք դիմադրեցին ամբողջ հոգով: Վեպը, և հատկապես դրա առաջին հատորը, ինձ համար այնպիսի հայտնություն դարձան, այնքան համընկավ և արձագանք գտավ ինձ մոտ, քանի որ ընթերցանությունս համընկավ 2020-ի Արցախյան պատերազմի հետ, որ եթե ես սկսեմ թվարկել դրանք, կստացվի, որ դա շատ անկեղծ պատմություն է իմ մասին, բայց հանրայինացնելու համարձակություն դեռեւս չունեմ) կասեմ միայն մի բան, որն իսկապես գրավեց ինձ Սքարլեթի կերպարում. նա կարող է իր ուզածով շարժել ցանկացածին, բայց նա միշտ ազնիվ է մնում իր հետ, իր իրական զգացմունքների վերաբերյալ: Ինչպես Ռեթ Բաթլերը, նա ևս ունի առողջ, պրագմատիկ ցինիզմ՝ սոցիալապես սրբացված արժեքների վերաբերյալ, լինի դա պատերազմ, տնային տնտեսություն, թե ամուսնություն: Եվ այն, ինչ նախկինում լայնորեն հրապարակայնորեն դատապարտվում էր, այսօր նույնիսկ հիացմունք է առաջացնում։ Իմ թանկագին, իմ սիրելի Սքարլեթ, կրքերով և հակասություններով լի աղջիկ. դեռ այնքան երիտասարդ, բայց արդեն այդքան մեծ, երբեմն այնպիսի հիմար, և երբեմն այնքան խորաթափանց, այնքան կանացի և միևնույն ժամանակ այնքան համարձակ, և նրա արտաքին սառնության, խոհեմություն, անսկզբունք էգոիզմի հետեւում այնքան խոցելի... Ինչքան հաճախ էի ուզում գրկել նրան, լաց լինել միասին, բայց նա ցանկացած իրավիճակից դուրս էր գալիս գլուխը բարձր, համառ, անկոտրում, լի անհավատալի կենսունակությամբ։ .. Բրավո, Սքարլեթ։ Ամբողջ վեպի ընթացքում, ես նրան նայում էի, ոչ այնքան Ռեթ Բաթլերի սիրառատ հայացքով, որքան Մելանի Ուիլքսի եռանդուն նվիրված աչքերով, որովհետև ես երբեք չեմ կասկածել նրան և չեմ հիասթափվել։ Թեև գրքում անընդունելի, դատապարտելի դարաշրջան է նկարագրվում, այնուամենայնիվ, ես բոլորովին չեմ պաշտպանում նման գրականության, և մասնավորապես այս վեպի և դրա կինոադապտացիայի ամբողջական արգելքի գաղափարը. դրանք արտացոլում են պատմական իրականությունը, և որքան էլ դառն ու անարդար լիներ այդ ժամանակները, դա պատճառ չէ արգելելու դրա մասին գրքեր կարդալն ու ֆիլմեր դիտելը։ Ընդհակառակը, սա ընդամենը լրացուցիչ պատճառ է գնահատելու այն սոցիալական առաջընթացը, որին մենք արդեն հասել ենք այսքան կարճ ժամանակահատվածում։ Սա գիրք է, որը պետք է կարդալ և’ այսօր և’ վաղը ❤️
Մարգարետ Միտչել
8800 ֏
Նկարագրություն
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։