Հաճելի էր գրքում Depeche Mode անվանումը տեսնելը:
Մարի Մելիքյան (Հանգույց)
Կարճ ասած՝ ողբերգազավեշտական պատմություն Մոսկվան նվաճելու մասին։ Բայց արդյո՞ք։ Գրքի հերոսուհին՝ 23-ամյա դրսեկը, 90-ականներին, թողնելով իր լեռնային հայրենիքը, գնում է Մոսկվա՝ երկրորդ բարձրագույն կրթության հետևից։ Աշխատանքի է անցնում հյուրանոցի փոխանակման կետում, հայտնվում է վայրի ու զավեշտալի բնավորությամբ կանանց միջավայրում։ Սկսվում է ողբերգության ու կատակերգության ինչ-որ խառնուրդ իր կյանքում։ Ու ցավոք սրտի, մեր դրսեկն այդ մոսկովյան խառնաշփոթության մեջ ի վիճակի չէ ինքն իրեն դրսևորել, իր ձայնը բարձրացնել (գուցե ոչ բառացիորեն), մի խոսքով՝ եղանակ փոխել։ «Դրսեկը» կարճ պատումներից է բաղկացած։ Գիրքը խոստումնալից է սկսվում՝ ինչ-որ մեծ բանի նախազգացումով, բայց դա այդպես էլ տեղի չի ունենում. այլ կերպ ասած՝ հրացանն այդպես էլ չի կրակում։ Աստիճանաբար է՛լ ավելի են հեռանում իրարից պատմությունները. նրանց միջև եղած կապը կտրվում է։ Ու ստացվում է պատումների ժողովածու՝ պարզապես նույն աշխարհում ապրող մարդկանց մասին։ Այստեղ յուրաքանչյուր կերպար ունի իր ողբերգությունը, որը սակայն, աբսուրդի ու զավեշտի լույսի տակով է անցնում ու մեզ հասնում է կիսալուրջ, կիսակատակ տոնայնությամբ ու տրամադրությամբ։ Պոլյա մորաքույրը՝ իր չափից դուրս հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ, Դրսեկի հանդեպ ունեցած մայրական զգացմունքներով, Օ.Ֆ.-ն՝ չափազանց անկեղծ, բայց հախուռն բնավորությամբ, գռեհկությամբ ու կոպտությամբ և իհարկե՝ օղու անվերջանալի քանակությունը։ Ունենք նաև անվերջ փորձանքների մեջ հայտնվող Լյուդային, արտասովոր գեղեցկության տեր Նաստյային, պարանոյիկ ու խանդոտ ամուսին ունեցող Գալյային, անձնական կյանքում Ձախորդ Փանոս Վերային...այս կերպարներից ամեն մեկին գրքում մի փոքր բաժին է հատկացված, ամեն մեկի մասին մի քիչ՝ այնպես, որ չենք հասցնում սիրել և ոչ մեկին, մենակ՝ մի քիչ ապրումակցել, ծիծաղել կամ տխրել։ Սպասելիքներս շատ ավելի մեծ էին, հատկապես Սիմոնից հետո...բայց դե հաշվի առնենք, որ Դրսեկը հեղինակի՝ ավելի վաղ շրջանի գործերից է։ Հաճելի էր գրքում Depeche Mode անվանումը տեսնելը: *Մեջբերում գրքից. Պրոֆեսիոնալիզմը, ***ը, խմիչքի մեջ չես խեղդի։ Եթե նույնիսկ շատ ուզենաս:
Նարինե Աբգարյան
2900 ֏
Նկարագրություն
Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները:
Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ և որպես մոսկվացի:
Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքն ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման: