Չգիտեի, որ լեզվի տակ այսքան մահ է ննջում
Մարի Մելիքյան
Բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության Ֆիզիկա»-ն կարեկցանքի մասին է՝ պատումի բարդ, ոչ գծային կառուցվածքով։ Սյուժեն հիշեցնում է լաբիրինթոս, որտեղ վեպի հերոսի ու լքված հրեշ-տղայի՝ Մինոտավրոսի հետ թափառում ենք անվերջ միջանցքներով, ապրում տարբեր կյանքեր ու կորում խճճված պատմությունների մեջ՝ կորցնելով նաև Արիադնեի թելը, որի օգնությամբ պիտի դուրս գայինք լաբիրինթոսից։ Սա բացառիկ վեպ էր ինձ համար։ Բացառիկ հաճույք էր այն կարդալը, միաժամանակ զգում էի թե՛ ուրախություն, թե՛ տխրություն ու կարոտ՝ երբևէ գոյություն ունեցած բոլոր մարդկանց, իրերի ու տարածքների հանդեպ։ Գրքի հերոսը պաթոլոգիկ էմպատիայով է տառապում. հերիք է տեսնի ու զգա մեկ ուրիշի ցավը՝ անմիջապես կարողանում է տեղափոխվել նրա գլխի մեջ ու տեսնել իր պատմությունը, ապրել այն։ Սա գիրք է մարդու միայնության, մարդու մեջ ապրող տխուր հրեշի ու հրեշի կերպարանքով տխուր մարդու մասին՝ մատուցված հումորի, թախիծի, ֆիզիկայի ու երևակայության բարակ շերտերով։ Հերոսը ցանկանում է վերադառնալ անցյալ ու իր մանկության ամենախաղաղ անկյունում կուչ գալ՝ երբեք այլևս չմտածելով առաջ շարժվելու մասին։ Մահ ու ծերություն՝ այս երկու անխուսափելի հրեշների դեմ ոչինչ հնարավոր չէ անել։ Բայց հնարավոր է մեղմել աշխարհի ցավը կարեկցանքի ու պատմությունների շնորհիվ, մարդկանց ընդունելով, լսելով և հասկանալով, նրանց չլքելով ու սիրելով։ Պատմությունները կարող են փոխել աշխարհն ու այնտեղ բնակվող տխուր արարածներիս։ Գոսպոդինովը տալիս է պարզագույն բանաձևը, իսկ կիրառելը՝ մնում է մեզ։ ** Չգիտեի, որ լեզվի տակ այսքան մահ է ննջում։
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
Վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։
Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։
Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։