Այս վեպը ամերիկյան կլասիցիզմի վառ օրինակ է
Աբրահամ Ավագյան
"Մարդը հղանում է մեղքի ու ծնվում անբարոյականության մեջ, ճանապարհ անցնում գոզաբույր բարուրից մինչև գարշահոտ սավան․․․" Ռոբերտ Փեն Ուորենի հետ ծանոթացա բանակում․ չէ, իրար հետ չէինք ծառայում, ուղղակի զորամասի գրադարանից վերցրի "Արքայի ամբողջ թիկնազորն" ու ․․․ չկարդացի։ չստացվեց, չհասցրեցի, չտրամադրվեցի։ Բայց գիրքը հետս բերեցի զորացրվելուցս հետո։ Սկզբի մի քանի էջը կարդացի ու թողեցի․ անգամ գրադարակումս տեղ չէի հատկացրել։ Հետո տեսա, որ Նյումեգը թարգմանել է․ հրատարակելուց երկու տարի անց գնեցի գիրքը, սկսեցի կարդալ։ Առհասարակ, դժվար է տրամադրվել գիրքը կարդալուն, եթե այն գերազանցում է 100 էջը, բայց սկսեցի։ Առաջին 400 էջը հազիվ էր առաջ գնում։ Երևի երբեք չի եղել գիրք, որ կարդամ այսքան դանդաղ։ Բայց վերջին, մոտ 200 էջը կլանեց, ու գնացի մի շնչով։ Սա հետաքրքիր կենսագրական է Վիլլի Ստարկի մասին, կամ, եթե ավելի հստակ ասենք՝ նրա աջ ձեռք հանդիսացած Ջեկ Բարդենի մասին, ում կյանքի դրաման էլ ներկայացնում է հեղինակը՝ թողնելով Վիլլի Ստարկի ստվերում։ Սա պատմություն է ոչնչից քաղաքական կարիերա կերտած անհատականության մասին, ով կարողանում է դեպքերն ու նախախնամությունն իր օգտին օգտագործել ու հայտնվել բուրգի գագաթին, գլորվել, նորից բարձրանալ, սակայն հերթով կորցնել կյանքում ամենակարևորը։ Վիլլի Ստարկի օրինակը ցույց է տալիս, որ երբեք պետք չէ կարիերան վեր դասել անձնականից։ Ու այս ամենին Ջեկ Բարդենը հետևում է կողքից՝ նաև ապահովելով Ստարկի հարթ ճանապարհը։ Ջեկը մեկն է ամերիկյան հասարակության այն հազարավոր ջեկերից, ում օգտագործում են, և կյանքի վերջում ուղղակի հասկանում է, որ իր կյանքը մի մեծ կեղծիք էր․ կեղծ սեր, կեղծ հայր, կեղծ ժառանգություն, կեղծ կարիերա, կեղծ հավատարմություն։ Այս վեպը ամերիկյան կլասիցիզմի վառ օրինակ է․ եթե Դրայզեր հաճախ եք կարդացել, ուրեմն այստեղ կնկատեք Դրայզերին նման ոճ ու շարադրանք։
Ռոբերտ Փեն Ուորեն
3900 ֏
Նկարագրություն
Հեղինակը վերնագիրը վերցրել է «Գնդլիկ Բլբլիկը» (Humpty Dumpty) մանկական շուտասելուկից: Վեպը խարիզմատիկ, պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է։ Հարավային մի նահանգում նա քաղաքական կոշտ գիծ է առաջ մղում Մեծ ճգնաժամի տարիներին: Ընդունված է համարել, որ կերպարի նախատիպն ԱՄՆ սենատոր Հյու Լոնգն է, որը սպանվեց 1935-ին:
Վեպը գրված է առաջին դեմքով։ Ջեկ Բարդենը նահանգապետի աջ ձեռքն է, նախկին լրագրող, որը ներկայացնում է իր շեֆի՝ Վիլլի Ստարկի քաղաքական վերելքի եւ կառավարման դրամատիկ դրվագները: Ստարկի կարիերան ներհյուսված է Ջեկ Բարդենի կյանքի պատմությանն ու փիլիսոփայական մտորումներին: «Վիլլի Ստարկի պատմությունն ու Ջեկ Բարդենի պատումը որոշ իմաստով միեւնույն պատմությունն են»,– նկատել է գրողը: