«Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն այնքան առեղծվածային է, որքան հենց ինքը գրողը
«Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն այնքան առեղծվածային է, որքան հենց ինքը գրողը
Աստղիկ Սարգսյան
«Իմ հանճարեղ ընկերուհին» գիրքն այնքան առեղծվածային է, որքան հենց ինքը գրողը։
Newmag հրատարակչության շնորհիվ հնարավորություն ունեցա ճանաչելու Ֆերանտեին և իր քառահատոր պատմությունը։ Ծանոթ չէի գրքին և այս պատմությանը, որը ինձ մոտ շատ հարցեր առաջացրեց և բնականաբար օգնեց գտնել այդ հարցերի պատասխանները։ Առաջին հայացքից թվում է, թե գիրքը պատանեկան գրականություն է և միգուցե հենց այդպես է,բայց ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի այս տողերին, «Ի՞նչ է նշանակում քաղաք առանց սիրո։Ժողովուրդ՝ զրկված երջանկությունից»։
Ֆերանտեն թեև անհայտ գրող է, սակայն չի կարող թաքցնել այն փաստը, որ այս պատմությունը մասամբ կապ ունի իր և իր կյանքի հետ։ Յուրաքանչյուր տող գրված է այնպես, որ ինքս զգացել եմ ամեն տողը,ապրել և հիշել իմ սեփական կյանքի դրվագները, որոնք կան այս գրքում։ Եվ սա նրանից է, որ պատմությունը իրական է, այնքան իրական, որ կարող ենք կապել հենց մեր կյանքի հետ։ Բայց շտապես ասել, որ գրքի հերոսների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունը, նման չէ ոչ մի ընկերությանը՝ այն արտասովոր է իր տեսակով և իր թերություններով։ Ու թե ինչքան կարևոր են ընկերները, ու ինչքան մեծ ազդեցություն կարող են նրանք ունենալ մեր և մեր կյանքի վրա։ Նա, ով հիմա ընթերցում է այս տողերը հավանաբար հիշեց իր ընկերներին և ովքեր եղել են նրա մանկության հուշերի մեջ։ Ես նույնպես հիշեցի նրանց ովքեր եղել են իմ կյանքում և մեծ դասեր են տվել ինձ կյանքի համար։ Այստեղ նրանց ընկերությունը շատ քննադատելի է և շատերը պնդում են, որ Լիլայի և Էլենայի ընկերությունը իրական չէ, Ֆերանտեն անկեղծորեն ցույց է տալիս նրանց ընկերությունը, որտեղ կա նախանձ, մրցակցություն, ատելություն։
Այո՛, հենց այս մանկական ընկերության մեջ էլ տեսնում ենք գրողի անկեղծությունը, նրա ռեալիստ լինելը։ Նա ցույց է տալիս որ ընկերության այդ նախանձը բերում է առողջ մրցակցության։ Այդպիսին է Ֆերանտեն տանում է քեզ մանկություն, հետո պատանեկություն ու հետո բերում իրականություն՝ կյանք։ «Ինչո՞ւ է պետք ընթերցել այս գիրքը» ուզում եմ տալ այս հարցի իմ պատասխանը։ Գիրքը պարտադիր ընթերցանության համար է։ Դեպքերը տեղի են ունենում Նեապոլի թշվառ և սոսկալի աղքատ թաղամասում։ Այդ թշվառությունը բնութագրում է ոչ միայն Նեապոլին,այլ նաև այնտեղ բնակվող հասարակությանը։ Թե ինչպես են նրանք վերաբերվում յուրաքանչյուր հարցին կօգնի ընթերցողին բացել իր մտածելակերպը և հասկանալ, թե ինչ մեծ հնարավորություններից կարելի է զրկվել միայն մտածելակերպի պատճառով։ Սակայն մենք գրքում ունենք երկու հերոսուհիներ ովքեր չնայելով կարծրատիպերին դիմում են ռիսկի և անում այն ինչի մասին երազել են։
Երկար փնտրտուքներից հետո գտա Ֆերանտեի բացատրությունը, թե ինչու նա անհայտ է մնում։Գրողը ցանկանում է գրքին տալ յուրահատկություն՝ բաց թողնելով իրենից, ասելով որ այն առանձին պատմություն է, որը պետք է գնա իր ճանապարհով, որը ճանաչեն շատերը։ Անհամբեր սպասում եմ գրքի շարունակությանը և մեծ սիրով հավաքելու եմ այս «Նեապոլիտանական քառյակը», որը իր ուրույն տեղը կգտնի իմ գրադարանում։
Էլենա Ֆերանտե
3400 ֏
Նկարագրություն
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
Նեապոլի արվարձանային աղքատ, բայց աշխույժ թաղամասում 1950-ականներին սկսված պատմությունը շարունակվում է գրեթե 60տարի: Գլխավոր հերոսներն են տաքարյուն Լիլան և գրքի հեղինակ Էլենան։ Նրանք դառնում են կին, մայր, առաջնորդ և այդ ամբողջ ընթացքում պահպանում են իրենց բարդ, երբեմն նաև հակասական ընկերությունը:
Առաջին վեպը հյուսում է Լիլայի և Էլենայի պատմությունը՝ սկսած 10 տարեկանում նրանց բախտորոշ հանդիպումից մինչև դպրոց և պատանեկություն: «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպն ընկերության էությունը քննող հուզիչ խորհրդածում է, նաև պատմություն մի ամբողջ ազգի մասին: Այս երկու կանանց կյանքի պատմության միջոցով Ֆերանտեն պատմում է թաղամասի, քաղաքի և երկրի մասին, որոնք, ժամանակի ընթացքում վերափոխվելով, փոխում են նաև երկու գլխավոր հերոսուհիների փոխհարաբերությունները: