Մորուս Հասրաթյան
Սուսաննա Չարչյան
«Այս գրքի նպատակը լայնախոհ գործչի թողած ինտելեկտուալ ժառանգությունը նոր սերնդին ներկայացնելն է》,- նախաբանում գրում է հեղինակը։ Նոր սերնդին,ցավոք,այնքան էլ հայտնի չէ Մորուս Հասրաթյան անունը,որն իրականում մեծ հետք թողեց սայաթնովագիտության, հնագիտության,հայագիտության վրա։ Պրոֆեսոր Ա. Դոլուխանյանը՝ Հասրաթյանի ուսանողը, պատկերավոր և բովանդակալից ներկայացնում է սայաթնովագետի անցած ուղին։ Մորուսի կյանքը եղել է վայրիվերումներով լի, սակայն նույնիսկ ամենածանր պահերին (ստալինյան բռնաճնշումներ,չարախոսություններ, նախանձ,սեփական աշխատության մեջ իր անունը չգտնել...), նա չի կոտրվել,չի չարացել և պատրաստ է եղել հայրենիքի համար արարել նոր էջից։ Հասրաթյանի սայաթնովյան թարգմանությունները Չարենցը շատ բարձր է գնահատել՝ ասելով,թե. 《Դա միայն բավական է,որ անմահանաս》։ Չմոռանանք,որ անգլիացի հայագետ Չ. Դաուսեթը Հասրաթյանի՝ Սայաթ֊Նովայի խաղերի ժողովածուներին 70 հղում ունի։ Մորուսը եղել է Սևակի ընդդիմախոսը և 《Սայաթ֊Նովա》ատենախոսության վերաբերյալ արդարացի նկատառումներ անելով՝ փաստում է Սևակի պայծառ միտքն ու գրականագիտության մեջ ուրույն ձեռագիրը։ Երկար տարիների հետազոտությունների արդյունքում Հասրաթյանը՝ տաղանդավոր հնագետը,հայագետը, եզրակացնում է,որ Վարդան Մամիկոնյանի դին թաղվել է Անգեղակոթում,և նրա գերեզմանի վրա կանգնեցվել է խաչքար-խոյակ։Սիսիանի բնակիչներն էլ դարերով պաշտել են այդ գերեզմանը։ Գիտանակը հիշեցնում է,որ ծագումով մաքուր թուրքն իր երկրի 1/7֊ը չի կազմում. հույն են,հայ,քուրդ,արաբ,վրացի,բալկանցի,սլավոնացի... Լինելով ազնվական սյունեցի( սերում է Սյունիքի մելիքներից) ՝ հետաքրքիր ուսումնասիրություններ է կատարել հատկապես Սյունիքում։ Լոր գյուղի հնության ապացույց է համարում Խաչ֊մատուռի արձանագրությունը։ Մանրամասն ներկայացնում է նաև Տաթևացու գերեզմանի վրա կառուցված մատուռ -դամբարանի արձանագրությունը։ Բարձրարժեք է նաև Հասրաթյան֊գրողը։ Յուրօրինակ են թե՛ արձակը, թե՛ պոեզիան։ Գրել է 《Թաթուլի բազուկը》(օգտվել է Լաստիվերցուց) ,《Անժամանակ և սխալ նշանի նետը》(Լենկ Թեմուրի արշավանքի շրջանն է),《Մեկ էլ հարցնես՝ոչինչ》 և այլն։ Շատ ասելիք կա Հասրաթյանի և այս գրքի մասին։ Հետաքրքիր փաստեր, նկարներ, երկխոսություններ,ուսումնասիրություններ... Գիտական բարձր արժեքին զուգահեռ՝ գիրքը շատ արագ է առաջ գնում( անընդհատ նոր բան ես հայտնաբերում)։ Հատկապես այս օրերին կարևոր է,որ մեր սերունդը տեղյակ լինի նվիրյալ հայորդիների աշխատանքին։ Ինչպես Հասրաթյանն է ասում. 《Մարդ ծնվելը սովորական,բնական երևույթ է,մարդ լինելն է դժվար》։ Եթե հիշենք Թումանյանի խոսքերը՝《Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա ու մարդ կերթա անարատ》, կարող ենք փաստել,որ Հասրաթյանը եկավ ու գնաց որպես անարատ մարդ՝ իր հայապահպան գործով անմահանալով։
Աելիտա Դոլուխանյան
4800 ֏
Նկարագրություն
Նա եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։
Հնարավո՞ր է կյանքը նորից սկսել 40 տարեկանում, երբ կան դատվածություն ու հին աշխատանքին վերադառնալու արգելք։
Այս գիրքը պատմում է ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին։ Չարենցի և Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվեցընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չվախեցավ մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովեց Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպեց փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարեց հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։
Մորուս Հասրաթյանը ոչ միայն թարգմանեց Սայաթ-Նովայի խաղերը, այլև անհերքելի դարձրեց նրա հայկականությունը, Գրիգոր Հասրաթյանի հետստեղծեց Էրեբունի-Երևան տոնը և իրար կապեց Խորհրդային Հայաստանի ուսփյուռքի մտավորականներին։