10 ինքնակենսագրական գիրք Newmag-ից

December 2, 2022 Vnews

Մեզ միշտ հետաքրքիր է՝ ինչ ճանապարհ են անցել հայտնիները, ինչ խոչընդոտների են բախվել իրենց ճանապարհին և ինչպես են հասել փառքի ու ճանաչման։ Իսկ հայկական հրատարակչությունները մեզ ընձեռում են այդ հնարավորությունը՝ հայերենով ներկայացնելով հայտնիների անցած ճանապարհը։

Ձեզ ենք ներկայացնում 10 ինքնակենսագրական գիրք Newmag-ից․

1. Նեյմար

Հեղ.՝ Լուկա Կայոլի

Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Լուկա Կայոլին՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ:

Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, և «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։


Քչերը գիտեն, որ բրազիլացի ֆուտբոլիստն իր ամբողջ կյանքով պարտական է «Տումիարու» ակումբին: Այս համեստ թիմի կազմում Նեյմարը հանդես չի եկել: Սակայն այն անջնջելի հետք է թողել ֆուտբոլիստի կյանքում...

«Դա նման է խանդոտ կնոջը: Եթե դրա հետ վարվես անզգուշորեն, ուշադրություն չդարձնես, կստանաս համարժեք պատասխան, անգամ ավելի մեծ ցավ կստանաս, քան խանդոտ կնոջից: Ահա ինչու սիրում եմ դա կյանքից առավել»:

Նեյմարը չափազանց կրոնական մարդ է։ Շաբաթը մեկ անգամ եկեղեցի այցելելն ու բարեգործական միջոցառումների մասնակցելը Նեյմարի համար ավանդույթ է դարձել:

2. Becoming. Իմ պատմությունը

Հեղ.՝ Միշել Օբամա

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը:

Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:


«Երեխա ժամանակ պարզ ցանկություններ ունեի: Ուզում էի շուն ունենալ: Եվ տուն՝ ներսում աստիճաններ, երկհարկանի, մեկ ընտանիքի համար: Չգիտեմ ինչու՝ հորս ուրախությունն ու հպարտությունը համարվող երկդռնանի «Բյուիկի» փոխարեն երազում էի ունենալ չորս դռնանի սեդան: Բոլորին ասում էի՝ երբ մեծանամ, մանկաբույժ եմ դառնալու»:

3. Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Հեղ.՝ Յուրի Ջորկաեֆ

Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը:

Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։


Որտեղ էլ եղել է ֆրանսիական ֆուտբոլի նախկին փառավոր դեմքերից մեկի՝ Ֆրանսիայի հավաքականի՝ ծագումով կալմիկ կենտրոնական պաշտպան Ժան Ջորկաեֆի և հայ մոր՝ Մարի Օհանյանի այս զավակը, իր շուրջ ստեղծել է ուրախության, տոնի և բարեկամության մթնոլորտ:
Ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում նա վայելել է բոլոր թիմակիցների, ակումբների ղեկավարների, լրագրողների, երկրպագուների և իր հետ առնչված բոլոր մարդկանց սերը:

4. Ես Զլատանն եմ

Հեղ.՝ Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության ամենավառ աստղերից է։ Առաջին քայլերն անելով Մալմյոյի արվարձանում՝ նա նվաճեց հայրենական ֆուտբոլն ու դարձավ Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Դեղինների երկարամյա ավագն այնպիսի փայլուն կարիերա է արել և՛ հայրենիքում, և՛ Եվրոպայում, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Իր գոլերով և նվաճած տիտղոսներով նա պատմություն է կերտել, համարձակ հարցազրույցներով և հանրագրերով միշտ եղել է համաշխարհային մամուլի էջերում։

Շվեդ գրող Դավիդ Լագերկրանցի հետ գործակցությամբ Զլատանն անկեղծորեն պատմում է, թե ինչպես հեծանիվ գողացող ներգաղթյալից դարձավ համաեվրոպական գերաստղ։ Հայերեն հրատարակությունում առանձին գլխով անդրադարձ կա 2012-ից հետո Զլատանի կյանքին ու կարիերային Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և 2020-ին Իտալիա վերադառնալուն։ Թարմացված են Զլատանի մարզական կարիերայի տվյալները մինչև «Լոս Անջելես Գելեքսի»։


«Երբ դու ունես մեկին, որը հաղթող է և միշտ ցանկանում է հաղթել, ապա, կարծում եմ, նրա հետ աշխատելը շատ-շատ հեշտ է։ Ես նրան ընդամենը մեկ տարի եմ մարզել, բայց հասկացել եմ՝ նա լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբևէ աշխատել եմ» , - ասում է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ  Ժոզե Մոուրինյուն:

5. Հանձնվել չկա՛

Հեղ.՝ Անի Քոչար

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն...

Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։


«Շունչս կտրվում է, սիրտս՝ խփում արագ: Ականջներս խշշում են: Ոչինչ այլևս չեմ լսում: Հագնվում եմ մեխանիկորեն: Մեխանիկորեն իմ կյանքը կիսվում է երկու մասի՝ զանգից առաջ ու զանգից հետո: Զանգից առաջ: Փորձում եմ հիշել: Տղայիս հետ դասերը պատրաստեցինք, ճաշեցինք, ինձ թույլ էի զգում: Հյուրասենյակում ենք: Ես պառկած եմ, տղաս ու զարմուհիս «բժիշկ-բժիշկ» են խաղում: Հիվանդը ես եմ: Տղաս ասում է՝ ես քո բժիշկն եմ մայրիկ, ու հիմա քեզ կբուժեմ»:

6. Դրվածք

Հեղ.՝ Դեն Բիլզերյան

Այս ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը:


«Կյանքի մոտեցում որդեգրելիս՝ պետք է դողալ ամենակարևոր հարստության` ժամանակի վրա: Վստահության արժանանալու ամենաարագ միջոցն ազնվորեն պատասխանելն է, նույնիսկ երբ գիտես, որ պատասխանդ դուր չի գա դիմացինիդ»:

7. Ալի. Աշխարհի արքան

Հեղ.՝ Դեյվիդ Ռեմնիք

Մուհամեդ Ալին, որը դեռ հայտնի էր որպես Կասիուս Քլեյ, 1964-ի փետրվարի 25-ին ռինգ մտավ Սոնի Լիստոնի հետ: Ալիին համարում էին նյարդայնացնող ու տարօրինակ մարզիկ, որը մենամարտում էր պարելով ու չափազանց շատ էր խոսում: Վեց ռաունդից հետո Ալին ոչ միայն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն էր, այլև «նոր տեսակի սևամորթ», որը կարճ ժամանակ անց վերափոխելու էր Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը և հերոս լինելու մասին պատկերացումները: Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների և մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի և առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները: «Աշխարհի արքան» գիրքն արժանին է մատուցում բոլոր ժամանակների մեծագույն մարզիկին և հզոր էներգիայով օժտված անձանցից մեկին՝ ընդգծելով նրա արագությունը, վայելչությունը, քաջությունը, հումորի զգացումը և հզոր ոգին:


«Ես միայն մեկ անգամ եմ վախ զգացել ռինգում: Սոնի Լիստոն, առաջին անգամ, առաջին ռաունդ: Ասաց, որ սպանելու է ինձ»:

8. Բազկամարդը

Հեղ.՝ Սարգիս Ստեփանյան, Դավիթ Դավթյան

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։


«Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է։ Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ․․․ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվի․․․»

9. Հիմա մասամբ գիտեմ

Հեղ.՝ Փոլ Ռ. Իգնեշիուս

Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։

Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։


Փոլը հավատարիմ մնաց իր արժեքներին՝ ազնվությանն ու պարկեշտությանը։ Ավելին, կառավարությունում Փոլը հանրային ծառայության կատարյալ օրինակ էր։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ դարձավ ԱՄՆ նավատորմի նախարար ու այդ պաշտոնում աշխատեց 1967-ի սեպտեմբերից մինչև 1969-ի հունվար։ Ի պատիվ Փոլի ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը վերջերս նրա անունով կոչեց մի հրթիռային հածանավ։ USS Paul Ignatius-ը, իր հրամանատարի խոսքով, ամերիկյան նավատորմի ամենաարդիական ու հզոր նավն է։

10. Արտաքսում. Դեպի անհայտություն

Հեղ.՝ Աննա Աստվածատուրյան Թերքոթ

Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր միֆերը։ Աննա ԱստվածատուրյանԹերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։ Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։ Ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։


«Վաղուց է եղել՝ 1992-ի հունվարի 31-ին: Ես տասներեք տարեկան էի, ու իմ ամբողջ ընտանիքի՝ հորս, մորս, կրտսեր եղբորս ու սակավաթիվ ազգականներիս՝ հորեղբորս, երկու հորաքույրերիս ու նրանց երեխաների հետ օդանավով թռչում էինք ԱՄՆ»: