156 էջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված եվրաչինովնիկների մասին

February 22, 2023 Aravot

Newmag հրատարակչությունը տպագրել է «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որի շնորհանդեսը կայացավ օրերս։ Հայերեն թարգմանության հեղինակը հայտնի լրագրող եւ թագմանիչ Սիրանույշ Մուրադյանն է։  

Aravot.am-ի հետ զրուցում մեր գործընկերը հիշեցրեց, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը, որով անկախ հետազոտողները բացահայտել էին եվրոպացի կաշառակեր պաշտոնյաներին։ Վերջիններս ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում:

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի ուսումնասիրությունը ես համարում եմ հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Առանց վարանելու եմ ասում, որովհետեւ սրանք ծավալուն փաստեր են, 156 էջ դարձավ հայերեն գիրքը։ Այդ փաստերով դրվագ առ դրվագ ներկայացվում են Բաքվի կոռուպցիոն գործարքները՝ անուններով, լուսանկարներով, թե ինչպես է Բաքուն կարողացել  փողը շռայլելով՝ գնել եվրոպացի բարձրաստիճան այն պաշտոնյաներին, որոնք դերակատարություն եւ հեղինակություն են ունեցել ԵԽԽՎ-ում՝ իրավիճակ ստեղծելու, քվեարկությունների եւ հօգուտ Ադրբեջանի լոբբինգ կազմակերպելու առումով։ Կա, այսպես կոչված «Եվրոպական ադրբեջանական համայնք» համաեվրոպական կազմակերպություն, որի հետ համագործակցել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները։ Ընդ որում,  Բաքվի լոբբիստների անունները դարձյալ ներառված են այս զեկույցում։ Մատնանշվում է, թե ինչ ճանապարհներով, օրինակ,  բրիտանական, եվրոպական, էստոնական ինչ բանկերի միջոցով են փոխանցումներ կատարվել հասցեատերերին, եւ ինչի դիմաց»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սիրանույշ Մուրադյանը։ Նրա խոսքով․ «Զեկույցը երկու մասից է կազմված, առաջին մասը 2011-12 թթ. է հրապարակվել։ Ներկայացվում է, թե ինչպես են ադրբեջանցիները Եվրոպայի Խորհրդից ձայներ կորզել հոգուտ իրենց՝ սեփական  բռնապետական իրավիճակը ծածկելու եւ իրականությունը տրամագծորեն հակառակը ներկայացնելու համար։  Զեկույցի երկրորդ մասը եւս տարիների դիտարկումների արդյունք է, այն ավելի ուշ է հրապարակվել։ 2016-2017 թթ.-ին են ամփոփել երկրորդ մասի ուսումնասիրությունների արդյունքները, այստեղ էլ իրենց արտաքին քաղաքականությունում փողի դիմաց հօգուտ իրենց երկրի կորզած իրավիճակն է ներկայացվում, ներառյալ՝ Պեդրո Ագրամունդին հեռացնելը՝ որպես ԵԽԽՎ նախագահ։ Հենց այդ զեկույցի փաստերը դրդեցին, որ սկանդալն ակտիվացավ։ Ագրամունդին հեռացնելուց հետո  իտալացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ ԵԱՀԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դատական գործը սկսվեց։ Որքան էլ իտալական կողմի հետ հայկական պատիվիրակությունը լավ հարաբերություններ ուներ, Վոլոնտեն, փաստորեն,  կուլիսներում համագործակցում էր Բաքվի հետ,  եւ այժմ նա 2,5 մլն եվրո կաշառքի համար բանտարկված է,  4 տարվա ազատազրկում է սահմանվել։  Նա  հայտնի է նաեւ իբրեւ 2013թ․ Բաքվի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձեւը վիժեցրած գործիչ։  Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերը  դեռեւս 2013թ. վեհաժողովում զեկուցեց, որ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա Ադրբեջանում,  որոնց ներկայացրել էր մեկ առ մեկ՝ անուններով, բանտերի հասցեներով։ Ադրբեջանական կողմը իմանալով, թե ինչպիսի զեկույց է պատրաստել Շտրասսերը, նրան անցանկալի անձ էր հայտարարել։ Որքան էլ զարմանալի էր, ձայների գերակշիռ մեծամասնությամբ վեհաժողովը մերժեց  այդ զեկույցը, եւ, ըստ էության, հաստատեց, որ Բաքուն քաղբանտարկյալներ չունի»։

Թարգմանիչը հավելում է, որ շատ ավելի հետո պիտի պարզվեր, որ այդ բանաձեւը վիժեցրեց ԵԺԿ ամենամեծ խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեն՝ իր գործընկերոջ՝ Լուիջի Վիտալիի հետ։ «Խավիարային դիվանագիտություն» գրքում այդ մասին անդրադարձ կա, երբ նրան հարցնում են՝ Բաքվից երբեւէ խավիար վերցրե՞լ եք,  պատասխանել է՝ մեկ ափսե, նրանք ինձ այդ խավիարը տվել էին Սուրբ Ծննդյան տոների առիթով; Հարցնում են՝ միայն մի ափսե՞, ինքը հեգնում էր՝ ես չգիտեի, որ նման փողեր են պտտվում, փաստորեն բախտս չի բերել»։ Սիրանույշ Մուրադյանը նշում է, որ սրանք փաստեր են, որոնք կարող են հզոր կռվաններ լինել հայկական դիվանագիտության համար․ «Հրապարակված փաստեր են, որ հենց այս պահին Բունդեսթագում բազամթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ, մասնավորապես Անգելա Մերկելի կուսակցությունից  ՔԴՄ պատգամավոր Աքսել Ֆիշերը կաշառք են վերցրել Ադրբեջանից։ Ընդ որում, «խավիարային դիվանագիտության» պիկի ժամանակ Ֆիշերը եղել է Հայաստանի հարցով համազեկուցողը։ Պատկերացնել  կարելի է, թե ինչեր է ներկայացրել եւ ինչպես՝ հօգուտ Ադրբեջանի։ Այս փաստերն ուղղակի աղաղակող են․․․ Հենց այս պահին փակ է Բերձորի միջանցքը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ պատմությունների մեջ են, ի՞նչ երաշխիք կա, որ հիմա էլ նույն սկզբունքով եվրաչինովիկները արմատական հայտարարություններ չեն անում միջանցքի բացման մասին։ Այս փաստերը պետք է դրվեն ԵԽ-ի առջեւ,պետք է բարձրաձայնվեն, որ  եթե 30-ից ավելի պատգամավորի զրկել եք ԵԽ մուտք գործելու իրավունքից՝ կաշառակերության սկանդալի պատճառով, ի՞նչ երաշխիք , որ այսօր էլ չկան նման եվրաչինովնիկներ, որոնք լռում են արդեն 70 օր միջանցքի փակ լինելու եւ 120 հազար մարդու՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվելու մասին»։

Մեր զրուցակիցն ասաց, որ մնալու է նույն «գծի» մեջ, եւ առաջիկայում եւս կլինեն նման փաստաթղթերի թարգամանություններ, որոնք գրքեր կդառնան։  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Սիրանույշ Մուրադյանի լուսանակարը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայքից