Աղջիկ ջան, ուշքի արի. ամերիկացի բլոգերը պատմում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են կանանց կյանքը

January 29, 2020 Mitq.am

Newmag–ը հրատարակել է ամերիկացի գրող, բլոգեր Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» (Girl, wash you face) գիրքը։ Ռեյչլ Հոլիսի Girl Wash Your Face բեսթելերի թարգմանությունն իրականացվել է Newmag–ի հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ:

Ռեյչլ Հոլիսը «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը հրատարակել է 2018-ին փետրվարին։ Ամերիկուհին իր՝ The Chic Site  բլոգում շատ է գրում հոգեբանության եւ այն մասին, թե ինչպես պետք է սիրել սեփական մարմինը։ Գրքում եւս բազմաթիվ են նման հատվածները:

Անգլերենից այն թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, որը բնակվում է ԱՄՆ–ում: Խոսելով թարգմանության դժվարությունների եւ նրբությունների մասին՝ Լիլիթ Գրիգորյանը պատմում է, որ թարգմանելուն զուգահեռ ապրել է ամերիկացի գրողի կյանքով: Այն, ինչի մասին գրքում պատմել է Ռեյչլը, կիրառել է Լիլիթը. հասցրել է ճաշակել ամերիկյան խոհանոցի Ռեյչլի սիրած ուտեստները եւ ըմպել այն կոկտեյլները, որոնց մասին գրքի հեղինակն այդքան տպավորիչ նկարագրել է:

«Հայերեն թարգմանությունը սկսվում է հենց վերնագրից: Անգլերեն Girl, Wash Your Face –ը կարող ենք թարգմանել, «Սթափվիր, աղջիկ ջան», կամ «Աղջնակ, հավաքիր քեզ»: Վերնագրի մասին շատ ենք մտածել, ինչպես սկզբում, այնպես էլ վերջում, որ հենց այդպես ընկերական պետք է լինի ամեն ինչ եւ կանգ ենք առել «Աղջիկ ջան, ուշքի արի» տարբերակի վրա»,- նշեց թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանը: 

Գլխավոր խմբագրի խոսքով՝ գիրքը գրված է ամերիկյան անգլերենով, որը շատ մոտ է բլոգային լեզվին. գրված է շատ թեթեւ, երբեմն սլենգային, երբեմն կրոնական պատկերացումներ ունեցող կնոջ տեսանկյունից եւ գրված է այնպես, որ ընկերական միջավայր ստեղծվի բառամթերքը գործածելիս: Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ նման հեղինակներն օգնում են, որպեսզի կարողանանք մեր դժվարությունների մասին շատ հեշտ եւ թեթեւ խոսել. «Եթե մենք սկսենք ավելի թեթեւ խոսել, համաշխարհային ողբերգություն չդարձնենք գուցե եւ ավելի ընկալելի դառնանք մեզ շրջապատող աշխարհի համար»:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, խոսելով գրքի մասին, նշեց, որ այն օգնում է մարդկանց դադարել կարծել, թե իրենք ով են, այլ փորձել դառնալ այն, ինչ ուզում են. «Այսօր մեր կյանքը երկու տարբեր իրականությունների բախում է, մենք սոցիալական կայքերով անընդհատ տեսնում ենք մարդկանց եւ մեզ թվում է, թե նրանք ինչ–որ կարեւոր դեմքեր են, ու երբեք չենք հասնի նրանց»: Նազենի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ վերնագիրը էքսցենտրիկ է եւ. «Խնդիրն այն է, որ մենք կորցրել ենք մեր ուշքը, ասել է թե՝ ուշադրությունը: Այս առումով սա ճիշտ թիրախավորող վերնագիր է, որ քեզ ստիպում է 

միանգամից իրադարձությունների գիրկը նետվել»:

Իսկ ինչի մասին է գիրքը

Նյու Յորք Թայմսի բեսթելլերը ընթերցողներին պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։ Գիրքը սահմանել է լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները: Հայտնվել է amazon.com –ի թոփ 20-ում, ստացել է ավելի քան 9 հազար 400 գնահատական։ Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումը եւ յուրաքանչյուր պատմության ոգեւորիչ ուժը: Ռեյչլ Հոլիսը կոտրում է միֆերը, որոնք կանանց խանգարում են լինել երջանիկ։ Նա առաջարկում է ոչ բարդ քայլեր եւ մեթոդիկաներ ինքնավստահություն ձեռք բերելու, ինքնագնահատականը բարձրացնելու եւ ծուլությունը հաղթահարելու համար։ Խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։

Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերկական, զվարճալի, անհարմար եւ պարզապես հուզիչ պատմություններով։

Ո՞վ է Ռեյչլ Հոլիսը

36-ամյա Ռեյչլ Հոլիսը 2015-ին ինստագրամում հրապարակեց լուսանկար, որտեղ երեւում են որովայնի հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած բծերը: Լուսանկարի տակ Ռեյչլը գրել է, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից ու ազատ բիկինի կրի։

Նրան անվանում են «Թոնի Ռոբինս կանանց համար»: Բաց, պայծառ, անհավանական խելացի և մի քիչ խենթ։ Ռեյչլ Հոլիսը 4 երեխաների մայր է և lifestyle բլոգեր։ Որոշ ժամանակ առաջ Ռեյչլին Լոս–Անջելեսից գիտեին միայն նրա բլոգի հավատարիմ ընթերցողները: 4 երեխաների մայրը ժամանակ առ ժամանակ գրում էր, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել, տունը հարմարավետ դարձնել եւ արագ պատրաստել համեղ կերակուր։

 

Mitk.am