Արգենտինահայ հայտնի գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գիրքը՝ հայ ընթերցողի սեղանին

February 22, 2023 Vnews

Նկարագրություն

Նանե Բարսեղյանը, որը մեծացել է Խորհրդային Հայաստանում, թողնում է ամեն ինչ և մեկնում է սիրիական Քրդստանի Ռոջավա շրջան՝ իրական հորը գտնելու հույսով: Ուղևորության ընթացքում Նանեին ուղեկցում է զարմուհին՝ լրագրող Ալմա Բարսեղյանը: Պատերազմից ու բռնությունից ավերված այդ վայրում գլխավոր հերոսների համար բախտորոշ է դառնում ծառայությունը կանանց ջոկատում, որտեղ խիզախ կանայք պաշտպանում են այն հողը, որը վաղուց խաղաղություն չի տեսել: Ամենածանր փորձությունների միջով անցնող կանանց բանակն ամենակարևոր դասն է տալիս. կյանքում ոչինչ չի տրվում առանց պայքարի:

Իսլամական պետության, թուրքական զորախմբերի և սիրիական ծանր իրականության դեմ մղվող պայքարի ֆոնին զարգանում է Նանե Բարսեղյանի պատմությունը: Մագդա Թախտաճյանն այս վեպում միաձուլում է հուզական պատումն ու լրագրողական սրատեսությունը: Եվ ստեղծում է պատերազմից ավերված տարածքում ձեռք բերված ինքնության ու սիրո մասին պատմություն:

Հեղինակի մասին

Մագդա Թախտաճյանը (ծնվ. 1967) գրող և լրագրող է: Ծնվել է Բուենոս Այրեսում, արգենտինահայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: 20 տարի աշխատել է Clarín ամսագրի համար, թղթակցել է Gente և Para Ti պարբերականներին: Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհուրդը 2018-ին նրան շնորհել է Հրանտ Դինքի անվան մրցանակը:

Արգենտինահայ գրողի առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին: Գիրքը նվիրված էր հեղինակի տատիկի պատմությանը, որը փրկվել էր Ցեղասպանությունից:

Թախտաճյանը հեղինակել է երեք վեպ՝ «Ալմա Արմենիա» , «Ռոջավա» և «Արցախ»: Այս վեպերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաև որպես առանձին ստեղծագործություններ: Գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով ու հրատարակվել Լատինական Ամերիկայի մի քանի երկրում: