Արմեն Սարգսյան՝ պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն

March 21, 2023 A1plus

Ի՞նչ ընդհանուր կապ կարող են ունենալ Մոնթեն, Շահեն Երիցյանի առաջին ջութակը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաներն ու Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը։

Կապը՝ պետանվտանգության գնդապետ, դիվանագետ ու ջութակահար Արմեն Սարգսյանն էր, Մոնթեի Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան ու պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի գործիքով Հայաստանն էր  ներկայացնում եվրոպական լսարանին։    

Արմեն Սարգսյանն իր գործունեության մասին երբևէ չի խոսել ու անգամ նրա մտերիմները նրա կյանքի շատ դրվագների մասին իրենց համար կբացահայտեն «Մի կյանքից ավելի» հուշագրության մեջ, որը գրել է նրա որդին՝ իրավաբան-քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Հենց Արմեն Սարգսյանն է օգնել, որ Մոնթե Մելքոնյանը տեղափոխվի Հայաստան: Այդ օպերացիան նա սկսել էր մշակել 1989  թվականից, երբ վերլուծել էր Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ ուսումնասիրել, պարզել էր, որ Մոնթեն ամերիկյան գործակալ չէ:

«Գրքում ներկայացված որևէ տեղեկություն հայրիկից չեմ ստացել։ Որոշ փաստեր իր ծառայակից ընկերներից եմ իմացել, նաև արխիվից։ Մասնավորապես Մոնթեին Հայաստան տեղափոխելու օպերացիայի մասին պատմել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, Մոնթեի կինը՝ Սեդան և այն ժամանակ հայրիկի անմիջական ղեկավար, հինգերորոդ բաժնի պետ Գեորգի Սարկիսյանցը», – ասաց Սուրեն Սարգսյանը գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Ա1+»-ի հարցին, թե այս գործի վերաբերյալ, բացի վերոհիշյալների ներկայացված պատմություններից, կա՞ն արդյոք փաստաթղթեր, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ չկան, քանի որ այդ տարիների արխիվներն այրվել են։  

Շատ հարցեր հեղինակը ճշտել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, որի նախագահության տարիներին ևս Արմեն Սարգսյանն աշխատել է։

«Դեռ շատ տեղեկություններ կան, որոնք այս պահին հնարավոր չէր հրապարակել, քանի որ դրանք կարող են վնասել պետության, կամ  առանձին անհատների շահերին։ Այդ իսկ պատճառով, որոշ ժամանակ անց, երբ հանգամանքներ ու իրողություններ կփոխվեն, կարծում եմ, որ գիրքը պետք կլինի update անել, լրամշակել ու հրատարակել»– նշեց հեղինակը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ավագ եղբայրն էր։

1982-91 թվականները Արմեն Սարգսյանը ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում։ 1999-2002-ին եղել է Հայաստանի ռազմական կցորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, իսկ 2002-08 թվականները` ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդը։ 2008-ին   նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նա Հայաստանը ներկայացրել է նաև Վիետնամում, Սինգապուրում, Կորեայում, Բուլղարիայում։

Արմեն Սարգսյանը մահացել է 2022-ի ապրիլի 29-ին։