Չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրի ներքո մեկնարկեց Գրքի երևանյան 4-րդ փառատոնը

Հանդիպումը վարում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը, իսկ այս երեկո էլ «Զանգակ» գրատանը տեղի կունենա Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդեսը, որի բանախոսներն են Գոհար Չարենցը և գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Հովհաննես Հովակիմյանը:

«Անցյալ տարի ես հրատարակեցի «Ես իմ անուշ Հայաստանի» 35 լեզվով թարգմանված շատ շքեմ մի հրատարակչություն, և հիմա պատրաստ են էպիգրամները, շատ-շատ հետաքրքրական են, 125-ամյակն է: Տարին ամբողջ լինելու է չարենցյան, որովհետև Չարենցը միշտ եղել է ժողովրդի կողքին, և այսօր ժողովուրդը պիտի կանգնի նրա կողքին: Չարենցը, կարծում եմ, կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդն այս աշխարհում», - ասում է Գոհար Չարենցը:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ Գրքի երևանյան փառատոնը հնարավորություն է տալիս ի մի բերել տարվա ընթացքում կատարած գործունեությունը ողջ գրական դաշտում. «Հրաշալի առիթ է գալ, տեսնել նոր հրատարակված գրքերը, գալ, տեսնել ժամանակակից հեղինակներին, թարգմանիչներին, խմբագիրներին, նոր, հին հրատարակիչներին, տեսնել` ինչ հարուստ դաշտ ունի այսօր Հայաստանը հրատարակչական ասպարեզում: Հատկապես խորհուրդ եմ տալիս այցելեն կասկածամիտները, հոռետեսները և տեսնեն` ինչ մեծ գործ է կատարվել վերջին տարիներին Հայաստանի գրահրատարակչական դաշտում»:

Գրքի երևանյան փառատոնին այս տարի մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, թանգարաններ, գրողներ, թարգմանիչներ, գրախանութների ներկայացուցիչներ, կամավորներ և վերջապես հազարավոր ընթերցողներ, ովքեր այս օրերին հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալ վերջին տարիներին հրատարակված գրքերին Նկարիչների միության ցուցասրահում բացված տաղավարներում, այլև նոր գրքեր ձեռք բերել մինչև 40 տոկոս զեղչով:

«Որքան շատ լինի, այնքան շատ հնարավորություն կունենանք շփվելու մեր ընթերցողների, մեր գրողների, ստեղծագործողների հետ: Մենք այստեղ ենք դիմավորելու և համագործակցություն սկսելու բոլոր ցանկացողների հետ, նաև նկարազարդողների հետ, գրքի ձևավորողների, խմբագիրների: Սկսել են շատ ավելի թարմ և հետաքրքիր ստեղծվել նորովի, ավելի լավ թարգմանություններ ներկայացվել, դասական գրքերը ավելի նոր ֆորմատով հրատարակվել, գրախանութների ձևաչափերն են փոխվել, և համացանցում նաև հանրայնացման գործընթացն է, ավելի ինտենսիվ է քարոզվում գիրքը, և որի արդյունքում գիրքն ավելի շատ է տարածվու և վաճառվում», - շեշտում է «Զանգակ« հրատարակչությոն տնօրեն Էմին Մկրտչյանը:

«Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզան Կնյազյանն էլ նշում է. «Մեկ տարի սպասում ենք, որ գա այս օրը, ու նորից հանդիպենք, նորից ջերմորեն գրկախառնվենք, իսկ ամենակարևորը` գրքի վաճառք, մարդիկ կարդում են, մենք շատ ոգևորվում և ուրախանում ենք: Շարունակում ենք մեկ տարի նորից աշխատել այդ ամենին բավարարելու համար:

Ցավոք սրտի, ուղղակի պատերազմական վիճակը մեզ շատ խանգարեց, բայց ես ոնց հասկանում եմ, մարդիկ դեռ փորձում են կարդալ, իրենց վիշտը փարատեն գիրք կարդալով: Ես շատ ուրախ եմ դրա համար ու վստահ եմ, ակնկալիքներս մեծ են` ավելի շատ են կարդալու»:

«NewMag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարություննյանն էլ, ներկայացնելով իրենց հրատարակած գրքերը, ասաց. ««NewMag»-ն այս անգամ Գրքի երևանյան փառատոնին ներկայացել է նոր բեսթսելլերներով: Այսպիսի իրադարձությունները իրականում օգնում են հրատարակչություններին ավելի մոտիկից շփվել ընթերցողների հետ, հարցնեն նոր գրքերի մասին, ընթերցողներն էլ են առաջարկում` կուզենայինք այս գիրքն էլ հրատարակեիք»:

«Էդիտ Պրինտ» հրատարակչության մարկետինգի բաժնի գլխավոր մասնագետ, արձակագիր Դավիթ Սամվելյանն էլ հավաստիացնում է. «Փորձը ցույց է տալիս, որ նախորդ անգամներում բավականին մեծ շարժ, հետաքրքրություն և վաճառք եղել է, բացի վաճառքները, շնորհանդեսներն էլ են մարդկանց կանչում»:

Երեկվանից սկսած մեծ աշխուժություն է տիրում Նկարիչների միությունում, որտեղ տեղի են ունենում նաև նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ և այլն: Երեկ, օրինակ, մի շարք այլ նոր լույս տեսած գրքերի հետ միասին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը ներկայացրեց Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որոնց թվում են և Թումանյանի կենսամատենագիտական հատորները: Անի Եղիազարյանի ձևակերպմամբ` «սրանք բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչև օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նման հիմնավոր կենսամատենագիտություն»:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ համոզված է. «Մենք գրավոր մշակույթի ժողովուրդ ենք պատմականորեն, ավանդաբար: Նման նախաձեռնություններով մենք երաշխավորում ենք մեր գրավոր մշակույթի ժողովուրդ լինելու շարունակականությունը: Չափազանց կարևոր են նման նախաձեռնությունները նաև այն հանգամանքով, որ այսօր գերհագեցած տեղեկատվական դաշտում ընթերցողին պոտենցիալ գտնել և մղել դեպի գիրքը, դեպի նոր հեղինակը. թարգմանությունը չափազանց բարդ գործ է: Գիրքը վերջնարդյունք է, գիրքն անցնելիք ճանապարհի վերջակետն է կամ նոր սկիզբը, և մենք ավելի շատ պետք է մտածենք դեպի գիրք բերող ճանապարհների մասին»: