Երեւանում տեղի կունենա ֆրանսալեզու գրականության գրքերի փառատոն. «Newmag»

September 7, 2023 News.am

Երեւանում առաջին անգամ տեղի կունենա ֆրանսալեզու գրականության գրքերի փառատոն՝ «Ֆրանկոֆեստ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 7-ին ասել է  «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Նա նշել է, որ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 11.00-23.00-ին, Երեւանի Սիրահարների այգում, մուտքն ազատ է։ «Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ «Newmag»-ի կայքում եւ պարբերականի ֆեյսբուքյան էջում»,- տեղեկացրել է Ալեքսանյանը։

Նա նշել է, որ ամբողջ աշնան ընթացքում որեւէ փառատոն չի իրականացվում, եւ դա անարդար է, քանի որ լավագույն բեսթսելերները սովորաբար հրատարակվում են սեպտեմբեր-դեկտեմբերին, եւ ընթերցողները ավելի հակված են գրքեր գնել հենց այդ շրջանում։

Հրատարակչության տնօրենը հավաստիացրել է, որ «Ֆրանկոֆեստը» կդառնա ոչ թե պարզապես գրքերի շնորհանդես, այլ տեղում կկազմակերպվեն նաեւ ֆրանսերենի դասավանդման դասընթացներ, դասընթացներ երեխաների համար, ինչպես նաեւ կկայանա պանելային բանավեճ։

«Այդ օրը կներկայացվի Շառլ Ազնավուրի 1960-ական թվականների «Այս պայքարի երեխաները» երգի հայերեն թարգմանությունը եւ նոր տեսահոլովակը։ Երգը նվիրված է շրջափակման մեջ գտնվող Արցախի երեխաներին։ Այն կկատարի Շուշան Պետրոսյանը»,- նշել է Ալեքսանյանը։

Նա հավելել է, որ փառատոնի անցկացումը կլրացնի այն բացը, որը կա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերում, եթե դրանք համեմատենք երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակի հետ։