«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը հրատարակվել է ռուսերեն

February 17, 2023 Mediamax

Երեւան։ Մեդիամաքս։ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի ռուսերեն տարբերակը:

Գրքի առաջին վաճառքը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք Newmag Winter Fest-ին, իսկ փետրվարի 19-ին այն ներկայացված կլինի Newmag-ի տաղավարում Ազնավուրի հրապարակում: Գիրքն արդեն հասանելի է նաեւ գրախանութներում, այն նաեւ կարելի է գնել առցանց հրատարակչության կայքում (անվճար առաքմամբ)՝ այս հղումով:

Գիրքը հայերեն հրատարակվել է 2020թ. օգոստոսին: Ինչպես եւ հայերեն հրատարակության դեպքում, ռուսերեն տարբերակի գործընկերն է IDBank-ը:

Ռուսերեն տարբերակի խմբագիրն է Եկատերինբուրգում բնակվող Նատալյա Շեւչենկոն:

«Քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակություն են հաստատել ստեղծագործական մասնագիտությունների տեր շատ ռուսաստանցիներ, Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի հետ որոշեցինք, որ գիրքը կարող է հետաքրքրել նրանց», - ասել է Արա Թադեւոսյանը:

1990 թվականին, երբ գրքի հեղինակը 14 տարեկան էր, Երեւանում կայացան աշխարհահռչակ Deep Purple խմբի երգիչ Իեն Գիլանի համերգները: Վերջին համերգից հետո Արա Թադեւոսյանը մի քանի ժամ սպասում էր Գիլանին Մարզահամերգային համալիրի ծառայողական մուտքի մոտ՝ ստորագրություն վերցնելու ակնկալիքով, սակայն տուն վերադարձավ ձեռնունայն: Նա չգիտեր, որ

19 տարի հետո Իեն Գիլանին հրավիրելու է Հայաստան եւ այդպես սկսվելու է մի անհավատալի «ճանապարհորդություն»:

«Հուշագրությունը Հայաստանի համար կարեւոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել եւ նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Յուրաքանչյուր ոք կարող է որեւէ կերպ դեպի լավը փոխել իրեն եւ շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետեւից», - ասել է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: