Ես անելու եմ անհնարինը. Նաիրա Զոհրաբյան

- Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական երկար ու դժվար աշխատանքից հետո՝ որքանո՞վ էր հեշտ երեխաների հետ շփվելը:

- Շատ հեշտ էր, որովհետեւ սա իմ առաջին փորձը չէ: Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը շատ հետաքրքիր նախաձեռնություն ուներ՝ հայտնի մարդիկ հեքիաթներ էին կարդում երեխաների համար: Այն ժամանակ էլ կարդացել եմ Նարինե Աբգարյանի հեքիաթներից:  Ի դեպ, կարծեմ՝ Նիկոլն էլ ինչ-որ մի հեքիաթ էր կարդացել Խնկո Ապոր գրադարանում: Ես նաեւ, որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, մշտապես շփվեմ եմ երեխաների հետ: Պարբերաբար այցելում եմ կավագործության կենտրոն, որտեղ որոշակի հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաներ կան եւ նրանց բուժման եղանակներից մեկը նաեւ կավագործությունն է, իրենց հետ էլ եմ աշխատում: Դրանից բացի, պատվավոր դոնոր եմ եւ արյուն եմ տալիս քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այնպես որ, սիրում եմ երեխաներին եւ կենդանիներին: Հիշեցնեմ, որ կենդանիների պաշտպանության Friends of Luchy-ի կազմակերպության նախագահն եմ: Այսինքն՝ քաղաքականությանը զուգահեռ՝ ունեմ իմ կյանքը, որտեղ երեխաներն են, կենդանիները, գիրքն ու գրականությունը եւ, պարզապես, լռությունը, որը ոչ մի բանի հետ չեմ փոխի:

- Երեխաների հետ շփման հարցում, այսպես ասած, «անչափահաս» պատգամավորների հետ շփման փորձը Ձեզ օգնե՞ց, թե՞ խանգարեց:

- Գիտեք, իրենց չեմ նկատել, որովհետեւ չեմ նկատում անհետաքրքիր մարդկանց: Ես կարող եմ մի փոքրիկ ծիտիկի մեջ փողոցում ավելի մեծ հետաքրքրություն տեսնել, բայց անբովանդակ մարդկանց չտեսնել: Էլիոթը մի այսպիսի տողեր ունի՝ սնամեջ մարդիկ, այսինքն՝ թեփով լցված մարդիկ: Իրենք իմ նյարդերի վրա անգամ չեն ազդում, որովհետեւ, պարզապես իրենց չեմ նկատում: Շատ հետաքրքիր պաշտպանական շերտ ունեմ՝ միշտ ինձ պաշտպանել եմ վատ էներգիայից: Իհարկե, եղել են մարդիկ, ովքեր փորձել են իմ պաշտպանական շերտն իրենց չարությամբ վնասել, բայց, բարեբախտաբար, իմ էներգետիկան շատ ավելի ուժեղ է: Ուղղակի, չեմ շփվում դատարկ, անբովանդակ եւ անիմաստ մարդկանց հետ, իսկ այդպիսի մարդիկ շատ կան:

- Չե՞ք կարծում, որ այսօր հեքիաթների պակաս չկա մեր իրականության մեջ՝ ժողովրդին նույնիսկ ամենաբարձր մակարդակով են «հեքիաթներ» պատմում: Սա վտանգավոր տենդենց չէ՞:

- Այսօր բարի հեքիաթների պակաս կա, չար հեքիաթներ՝ որքան ասես կան: Մենք այսօր բարի հեքիաթների պակաս ունենք: Երբ ինձ հարցրեցին՝ ինչո՞ւ հասանք այս ճգնաժամին, պատասխանեցի՝ որովհետեւ դադարեցինք միմյանց սիրել: Այո՛, սերը գնաց մեզնից, մեր հոգուց, մեր ձեռքերից, մեր ափից եւ դրա համար մեր երկիրը հայտնվեց այս ճգնաժամի մեջ: Չեմ հիշում, թե ով է ասել, բայց շատ կարեւոր միտք է՝ դժոխքն այն է, երբ դու այլեւս չես կարող սիրել: Մենք պետք է վերգտնենք սերը:

- «Իրավունքի» հետ զրույցում դեռեւս երկու տարի առաջ ասել էիք, որ գիրք եք գրելու խոհանոցային բաղադրատոմսերի մասին, բայց այսօր ասացիք, որ պատրաստվում եք ինքնակենսագրական գրել: Ի՞նչ փոխվեց:

- Խոհանոցի մասին գիրքը առողջ սննդակարգի մասին է, այն գրված է եւ արդեն տպագրության փուլում է: Պարզապես, սկսվեց համավարակը, հետո պատերազմը, այնուհետեւ հրատարակչությունը փոխեցի, դրա համար մի քիչ ձգձգվեց: Այնպես որ, մեկը մյուսի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է ինքնակենսագրականին, ես հասկացա, որ իմ կյանքը լրագրության եւ քաղաքականության մեջ, իսկապես, շատ հետաքրքիր է, եւ արժե գրել այդ մասին: Օրինակ, մի փոքրիկ դրվագ պատմեմ, թե ինչպես, որպես լրագրող, խուսափեցի մասնակցելու «Ազատություն» ռադիոկայանին հաճախականությունից զրկելու քվեարկությանը: Գնացի եւ իմ ծանոթ, շատ սիրելի վիրաբույժին ասացի՝ ինձ պետք է վիրահատեք, որովհետեւ ես այդ օրը չպետք է լինեմ Ազգային ժողովում:

- Արձակուրդային շրջան է սկսվում, հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ երեխաներին եւ ո՞ր գիրքն է Ձեր կյանքում ինչ-որ բան փոխել:

- Կարծում եմ՝ երեխաները պետք է սկսեն հեքիաթներից: Հեքիաթներ ինքս էլ մինչեւ հիմա կարդում եմ: Դրանք նաեւ ինձ քաղաքականության մեջ են շատ բան տվել: Հեքիաթներն ինձ սովորեցրեցին միշտ փնտրել ելք, որովհետեւ երբ քեզ թվում է, թե ելք չկա, միշտ հիշում ես, որ հեքիաթներում ասում է՝ կգնաս աջ, սա կտեսնես, ձախ կգնաս՝ կտեսնես սա: Այսինքն՝ հեքիաթները միշտ սովորեցրեցին փնտրել եւ գտնել ելք քաղաքականության մեջ եւ ամենակարեւորը՝ հավատալ հրաշքի, երբ քեզ թվում է, որ այլեւս ոչինչ հնարավոր չէ: Կոկո Շանելը մի շատ հետաքրքիր խոսք ուներ. «Եթե ուզում ես հասնել անհնարինին, դու պիտի անես անհնարինը»: Իմ կյանքում հաճախ եւ շատ դեպքերում ամեն օր արել եմ անհնարինը: Ու հիմա էլ կտեսնեք՝ ես անելու եմ անհնարինը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ