Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան

March 20, 2023 News.am

«Մի կյանքից ավելի» հուշագրությունը պատմում է ամենահասարակ մարդկանց մասին, որոնք Սովետական միության տարիներին եւ անկախ Հայաստանում նվիրական գործունեություն ծավալել իրենց պետության անվտանգության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գրքի հեղինակ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նշենք, որ Սուրեն Սարգսյանի գիրքն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին է։

«Շատ կարեւոր իրադարձությունների եմ անդրադարձել, գրել եմ, մասնավորապես՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին գաղտնի պայմաններում Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին, որը հայրս՝ Արմեն Սարգսյանն էր իրականացրել։ Սրա վերաբերյալ այլ տեղեկություններ ի հայտ եկան, որոնց մասին պատկերացում չունեի։ Հայրս որեւէ բան չէր պատմել, հիմնականում գործընկերները, ընկերներն են պատմել։ Երբ խոսում էի հարցազրույցում այդ օպերացիայի մասին, ինձ հետ կապվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրավիրեց իր առանձնատուն եւ ներկայացրեց լրացուցիչ տեղեկություններ Մոնթեին Հայաստան տեղափոխելու օպերացիայի վերաբերյալ։ Ինքն այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ էր։ Հորս գործունեության մասին շատ մանրամասներ ճշտել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Տեղեկություններն անընդհատ գալիս էին, եւ ես ստիպված էի դրանք ճշտել եւ շատ դետալներ ներառել։ Գիրքն այդ առումով բավականին հարուստ է։ Գիրքը նաեւ այն մասին է, որ այսօրվա պետական ծառայողների համար սերունդը լրջագույն ազդեցություն պետք է ունենա, եւ որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ լուրջ անելիք եւ պարտք ունի իր երկրի առջեւ»,- նշեց Սարգսյանը։