Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի մասին «Ակոս» գիրքը թարգմանվել է հայերեն

January 18, 2021 Arminfo

Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից թուրքական հասարակության մասին վեպը լույս է տեսել 2018 թվականին և արժանացել գրական հեղինակավոր Renaudot մրցանակին։

Շնորհանդեսին ելույթ կունենա նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ու խմբագիր Համլետ Գասպարյանը։

Լրագրող և գրող Վալերի Մանտոն (ծնվ. 1985 թ.) 2008-2013 թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Այժմ բնակվում է Մարսելում և Ստամբուլում: «Ակոսը» նրա 2-րդ վեպն է: Այս վեպում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։

2007-ի հունվարի 19-ին «Ակոս» խմբագրատան առաջ, սպանվեց հայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքը։ Հրանտ Դինքի սպանությունից 10-ը տարի անց Թուրքիա է մեկնում ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն։ Նա մեկուկես տարի բնակվում է Ստամբուլում, սիրահարված է երկրին ու բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։

Թուրքիայի ու երկրում կատարվող իրադարձությունների մասին թուրք ընկերների հետ քննարկելիս գլխավոր հերոսը լսում է Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին։ Այդ օրվանից հետո պատմությունը նրան հանգիստ չի տալիս։ Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ սկսում է ընթերցել հայ մտավորականի մասին գրքերը, հոդվածները, հետաքննել նրա կյանքը, շրջել այն վայրերով, որտեղ եղել է Դինքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, քայլում այն բանտերի մոտով, որտեղ իրենց հայացքների համար բանտարկված են 150 լրագրողներ, հետևում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»:  Վալերի Մանտոն Ֆրանսիա վերադառնալուն պես հրատարակում է գիրքը, վերնագրում «Ակոս»՝ Դինքի թերթի անունով։

«Ակոս» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Հրանտ Դինքի սպանության օրը։  Գրքի հայերեն հրատարակությանն աջակցել է Ֆրանսիական ինստիտուտը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։