Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

February 22, 2022 1in.am

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ մտերիմների գրադարանները:

Գիրք նվիրելու օրը, որը 2022-ին նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին, Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:

2022-ին Գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը, որի ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներին՝ հաղորդակից դառնալով նրանց բարեկամությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերին:

Տոնի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ին անցկացվում է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին: Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները:

Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ:

Newmag-ը յուրովի տոն կնվիրի ընթերցողներին՝ փետրվարի 19-ին նրանց հրավիրելով մասնակցելու Գրքի ձմեռային փառատոնին, որը կանցկացվի «Կոնգրես» հյուրանոցում:

Առավոտյան ժամը 11:00-ին սկսվող փառատոնին կլինի յոթ նոր գրքի շնորհանդես, հանդիպում հեղինակների հետ, պանելային հինգ քննարկում, գրքի տոնավաճառ՝ մինչև 40 տոկոս զեղչով, սուրճ, թեյ: Փառատոնի վերջում՝ Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ:

«Անտարես» հրատարակչությունը «Դարան» գրախանութում կնշի Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 18-ին և 19-ին հանդիպումներ կազմակերպելով սիրված հեղինակների ու թարգմանիչների հետ: Գրախանութում ճանաչված մարդկանց խորհրդատվությամբ ընտրված գրքերը ընթերցողները կարող են ձեռք բերել մինչև 40% զեղչով, իսկ ամեն երկրորդ գնած գրքի հետ նախատեսվում են նվերներ «Դարան»-ի ընտրությամբ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունն էլ փետրվարի 19-ին կամփոփի «Գրքապտույտ» մրցույթի արդյունքները: Մեկ ամիս շարունակ ներկայացվել են մրցութային տարբեր հարցեր: Հաղթողների մրցանակները մեծ հնչեղություն ունեցող և սիրված գրքեր են: Մրցույթն անցկացվել է գործընկեր հրատարակիչների հետ համագործակցությամբ: