Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց Նատալյա Սարջանյանին

Երբ Վահան Իշխանյանի «Դառը ծով» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք եղավ ընտանեկան ալբոմի մասին, նրա որդին՝ մեր գործընկեր Հովհաննես Իշխանյանը, այն համալրելու անակնկալ քայլ արեց։ Նա ներկաների առջեւ հրապարակային ամուսնության առաջարկ արեց հանրային կապերի մասնագետ Նատալյա Սարջանյանին ու ստանալով համաձայնությունը՝ խորհրդանշական մատանի դրեց նրա մատին։ Հետո պարզեցինք, որ Հովհաննեսն ու Նատալյան ծանոթացել են Արցախի հետ կապված ծրագրերի շրջանակներում։ Ավելի ուշ իրեն ակնհայտորեն երջանիկ զգացող Հովհաննեսը Aravot.am-ին պատմեց այս անսովոր օրվա մասին։

«Առավոտյան գնացի գերեզմաններ, հետո՝ Գրիգորի Խաչատուրովի դատին։ Անընդհատ վազվզոցի մեջ եմ եղել։ Այդ ընթացքում Նաիրի Հոխիկյանի եւ Արարատ Պողոսյանի հետ կազմակերպում էինք Արցախի համերաշխության ցույցը։ Վահանի գրքի շնորհանդեսն էլ կապվում է դրա հետ, որովհետեւ ինչ կատարվեց երկրի հետ, ինքը շատ ծանր էր տանում։ Ինքը որ մահացավ՝ ես Փարիզում էի։ Կանադայի դեսպանատունն էլ չարագացրեց իմ վիզան, որ հորս հրաժեշտ տամ։ Այդ ժամանակ հանդիպեցի հորս մտերիմ ընկերներից Անահիտ Սարգիսյանին։ Նա պատմեց, որ Վահանը տագնապ ուներ, վախենում էր, որ մի օր կարթնանա ու Հայաստանը չի լինի։ Դա դեռ 2015-2016 թվականներն էր։ Ես այս պահին փորձում եմ գտնել այդ տագնապի հանգուցալուծումը։ Հետաքրքիր է, թե ինչպես է ամեն ինչը գալիս ու կապվում իրար հետ»,-ասաց նա։ Հարցին, թե դժվա՞ր է լինել Վահան Իշխանյանի որդին, լինել իշխանյանների տոհմից, Հովհաննես պատասխանեց․ «Ես ընդհանրապես հայերի տոհմից եմ, քանի որ հայ ազգը մի մեծ ընտանիք է։ Իշխանյաններն էլ այդ ընտանիքի մի մասն են։ Եվ իմ համար մեծ պատիվ է հայի տոհմից լինելը»։