IDBank-ը հովանավորել է «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը

Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը:

Գրքի եւ 2019-ին կազմակերպված Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակի միջոցառման հովանավորը IDBank-ն է։

«Կարծում ենք, որ նման գործ արած մարդկանց պետք է շնորհակալություն հայտնել: Մինչ Սպիտակի երկրաշարժը նրանք որեւէ կապ չեն ունեցել  Հայաստանի հետ, սակայն ցուցաբերեցին սրտացավ վերաբերմունք, մեծ ջանք ու եռանդ: Գիրքն էլ այս ամբողջ աշխատանքի յուրօրինակ ամփոփումն է», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:





«Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ», - նշում է Newmag-ը:

«Հուշագրությունը Հայաստանի համար կարեւոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել եւ նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Յուրաքանչյուր ոք կարող է որեւէ կերպ դեպի լավը փոխել իրեն եւ շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետեւից», - ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:  

Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ուղիղ եթերում: Հեղինակից բացի, շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը, Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, լրագրող եւ լեռնագնաց Աշոտ Լեւոնյանը, գրքի գործընկեր IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:




Գիրքը օգոստոսի 3-ից վաճառվելու է Երեւանի գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքը Երեւանում եւ մարզերում առաքվում է անվճար: