Ինչպես սկսել զրոյից կամ Փիթեր Թիլի «Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսը

October 12, 2022 Aravot

Newmag հրատարակչությունը և Digitian ընկերությունը սկսում են նոր Smart մատենաշար`նվիրված ժամանակակից տեխնոլոգիաներին, էլեկտրոնային դարաշրջանին, թվային կարիերային։ Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ մատենաշարի առաջին գրքի`ամերիկացի լեգենդար ձեռնարկատեր, PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլի հեղափոխական աշխատության` «Զրոյից մեկ» գրքի շնորհանդեսը։

Մինչ շնորհանդեսի սկսելը տեղի ունեցավ «Մեկից զրո. ինչու՞ է տապալվում ստարտափը» թեմայով պանելային քննարկումը, որը վարեց «Ռայթ» ընկերության հիմնադիր Աշոտ Խուդգարյանը։ Քննարկմանը մասնակցեցին ՏՏ ոլորտի հաջողակ ձեռներեցները, որոնք նշեցին ստարտափի ձախողման և հաջողության պատճառները՝ ընդգծելով, որ տեղեկատվությունն ամենակարեւորն է սկսնակների համար։

«Զրոյից մեկ» գրքի հեղինակ Փիթեր Թիլը 1999թ․ 1700 դոլար ներդրում արեց, և 2019-ին այդ ներդրումը դարձավ 5 միլիարդ դոլար: Նրա պատմությունը տարիներ անց դարձավ ոգեւորող ելույթների նախաբան: Այնուհետեւ հեղինակը գիրք գրեց ու պատմեց իր հաջողության բանաձևի մասին։ Նշենք, որ գրքի հիմքում ստարտափներին նվիրված դասընթացն է, որը Փիթեր Թիլը վարել է 2012-ին Սթենֆորդի համալսարանում: Նրա ուսանողներից Բլեյք Մասթերսը գրի է առել դասախոսությունները, եւ հետագայում Թիլը «Զրոյից մեկ» գիրքը գրելիս՝ օգտագործել է հենց ուսանողի նոթատետրի պարունակությունը, այդպիսով ուսանողին դարձրել է գրքի համահեղինակ:

Ամենատարածված սխալներից մեկը, ըստ Փիթեր Թիլի, նախ մրցակցության մեջ մտնելն է արդեն իսկ հաջողության հասած ընկերության հետ: Ոչ թե պետք է կրկնօրինակել Ցուկերբերգին, այլ ստեղծել եզակի արժեք՝ երկարաժամկետ հեռանկարով. «Բիզնեսի աշխարհում յուրաքանչյուր իրադարձություն տեղի է ունենում միայն մեկ անգամ։ Նոր Բիլ Գեյթսն օպերացիոն համակարգ չի ստեղծի։ Նոր Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը որոնման համակարգ չեն հնարի։ Իսկ նոր Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանց չի կառուցի։ Եթե ընդօրինակում եք այդ տղաներին, ուրեմն նրանցից ոչինչ չեք սովորել»։ Փիթեր Թիլը նշում է,որ միշտ չէ լավ սովորող ուսանողները լավ բիզնեսմեններ են դառնում և լավ ընկերություններ են հիմնում, որոնք ունենում են հաջողություններ։ Ինչո՞ւ է այսպես, հեղինակը գրքում պատասխանել է այս և շատ այլ տեխնոլոգիական առաջընթացի նպաստող հարցերի։ Այն հարցին,թե Թիլը ինչ է նկատի ունեցել,երբ իր ուսանողներին ասել է նշել այնպիսի ճշմարտություն, որի հետ շրջապատի մեծ մասը համաձայն չէ, Newmag-ի խմբագիր Գնել Նալբանդյանը պատասխանեց, որ չի կարող այդ հարցին հաստատապես պատասխանել, բայց նաեւ նշեց, որ ինքը իր ուսանողներին միշտ հարցնում է, թե ինչն է իրենց մոտ կասկած առաջացնում, քանի որ կասկածը նույնպես մեծ դեր ունի։ Նրա ձեւակերպմամբ, եթե շրջապատում մեծ մասը համոզված է ճշմարտության մեջ, մեծ հավանականություն է, որ դա սխալ է։

Արփի ՄԱՆՈՒԿՅԱՆ