Կայացավ Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը

September 10, 2022 Panorama

«Մարդ ծնվելը սովորական, բնական երևույթ է, մարդ լինելն է դժվար»։ Այս խոսքերի հեղինակն է 20-րդ դարի նշանավոր գիտնական, պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանը, ում 120-ամյակի կապակցությամբ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնութամբ «Newmag»-ը հրատարակել է Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գիրքը։

Գրքի շնորհանդեսին «Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց՝ սա գիրք է մի մարդու մասին, ում կենսագրությունն առաջին հայացքից թվում է հոլիվուդյան ֆիլմի սցենար: Կյանքի առաջին 4 տասնամյակն անցել է փորձություններով, բռնադատվել է, երեք տարի անցկացրել անազատության մեջ: Այս աշխատությունն այն մասին է, որ ի հեճուկս փորձությունների և դժվարությունների, Հասրաթյանը չի կորցրել հավատը մարդկանց հանդեպ, հետաքրքրությունը՝ կյանքի ու սերը հայրենիքի նկատմամբ։

Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ նրան անվանել են քայլող հանրագիտարան, քանի որ եկել և գործընկերն էր դարձել իր ուսուցիչների՝ Լեո, Մանանդյան, ովքեր ունեին համակողմանի, բազմազան գիտելիքներ, ինչը փորձում էին ծառայեցնել Հայաստանին ու հայրենիքին։

«Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը Մորուս Հասրաթյանի ամենաանվանի ուսանողներից է եղել։

«Գիրքը գիտական է։ Այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Այն, ինչ եղել է Մորուս Հասրաթյանի կատարածի մեջ, գրքում նույնությամբ ներկայացված է»,- ասաց Ա. Դոլուխանյանը։

Նրա խոսքով, այսպիսի մարդիկ հաճախ չեն ծնվում։

«Իր բոլոր գործերում նա շարունակ  մտավախություն ունի, որ ադրբեջանցիները, այսինքն թուրքերը, մի օր Երևանի գլխին ինչ-որ բան են բերելու։ Նա մի հոյակապ ուսումնասիրություն ունի նվիրված Էրեբունի-Երևանին, փաստերով ապացուցում է, որ հայերը 5000 տարի ապրում են Երևանում, երևույթ, որը եզակի է հատկապես Առաջավոր Ասիայի տարածքում»,- նշեց հեղինակը։

Ասում էին՝ քիչ էր գրում Մորուս Հասրաթյանը։

«Քիչ էր գրում, որովհետև ամեն ինչ ստուգում էր, չէր սիրում որևէ մեկն անապատասխանատու հայտարարություն էր անում կամ գրում»,- ասաց  Ա.Դոլուխանյանը։

Հասրաթյանի գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Պեղումներ է իրականացրել Սիսիանի Անգեղակոթում։ Նա պնդում, ապացուցում ու փաստեր է ներկայացնում, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանը թաղված է հենց այդտեղ։ Մորուս Հասրաթյանի բացառիկ պեղումների շարքին է պատկանում ոսկեդարի գրող-պատմիչ Մովսես Խորենացու ծննդավայրի վերաբերյալ ապացույցներ։

Գրքում ներկայացված են նրա ու նշանավոր մարդկանց բարեկամության մասին պատմություններ: Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, Ակսել Բակունցը, նշանավոր պատմաբաններ ու ակադեմիկոսներ նրա մտերիմ ընկերներն են եղել։

Նա եղել է Չարենցի ընկերը, կալանավորվել Չարենցի պես, նույն մեղադրանքով, ապրել հենց այն բանտախցում, որտեղ եղել է Չարենցը։ Նրան ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտից ազատ են արձակում, որովհետև վստահ էին, որ չի ապրի։

Չարենցի ու Բակունցի հետ մտերիմ Հասրաթյանը համարձակվել է ընկերներին պաշտպանել ստալինյան ռեպրեսիաներից, չի վախեցել մասնակցել Կոմիտասի հուղարկավորությանը, փակ դիտման ժամանակ գովել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմը, բրիտանական թանգարանին ստիպել է փոխել «Անահիտ» արձանի գրությունը և պայքարել հայկական եզակի նմուշների սոթբիսյան աճուրդի դեմ։

Երբ Մորուսը Չարենցին պատմում է, որ կարողացել է վերծանել ու թարգմանել Սայաթ-Նովայի խաղերը, Չարենցը ոգևորված պատգամում է. «Ամեն ինչ թող ու Սայաթ-Նովայի 100-ից ավելի ոտանավորները վերծանիր։ Միայն դա բավական է, որ անմահանաս...»։

Մորուս Հասրաթյանը ոչ միայն թարգմանել է Սայաթ-Նովայի տաղերը, այլ անհերքելի է դարձել նրա հայկականությունը, Գրիգոր Հասրաթյանի հետ հիմնել է Էրեբունի-Երևան տոնը, նրան է պատկանում Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամբողջ աշխարհում նշելու գաղափարը, իրար է կապել Խորհրդային Հայաստանի և սփյուռքի մտավորականներին։

Աելիտա Դոլուխանյանի բացառիկ տեղեկություններով հարուստ այս աշխատությունն ամբողջական է դարձել նաև լուսանկարների ներդիրով:

Գրքի խմբագիրը Մորուս Հասրաթյանի որդին է՝ Մուրադ Հասրաթյանը։

Գրքի շնորհանդեսին Մուրադ Հասրաթյանը նշեց, որ  իր հայրն իսկապես իր կյանքը նվիրել է հայ ժողովրդի խնդիրներին. «Մեզ էլ՝ ինձ, եղբորս, թոռներին, դաստիարակել է այդ ուղղությամբ՝ նվիրվել Հայաստանի, հայ ժողովրդի խնդիրներին։ Մենք մեր ուժերի ներածի չափ կատարում ենք այդ պատգամը»։

Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։