«Խավիարային դիվանագիտություն». Ի՞նչ կարող է արժենալ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման շուրջ եվրոպացիների լռությունը Տես նաև`Նվերներ, մարմնավաճառներ Պեդրո Ագրամունտին՝ ադրբեջանամետ գործունեության համար

February 22, 2023 Panorama

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ամիսներ շարունակ փակ պահելու պայմաններում միջազգային կառույցների լռության, անտարբերության վրա նոր լույս կարող է սփռել «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» զեկույցի հայերեն թարգմանությունը։

Մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ գիրք նվիրելու տոնին կայացավ Newmag հրատարակչության տպագրած զեկույցի շնորհանդեսը, որը թարգմանել է ԵԽ գործունեությունը տարիներ շարունակ լուսաբանած լրագրող Սիրանույշ Մուրադյանը։


Գրքի շապիկին բռնապետ Իլհամ Ալիևի հայացքի ներքո պատկերված են  կոռուպցիոն սկանդալում թաթախված ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը, գերմանացի պատգամավոր Կարին Շտրենցը։

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնի փորձագետները բացահայտել  են եվրոպացի պաշտոնյանների՝ այլ կերպ ասած խավիարասերների, որոնք կաշառք են վերցրել Ադրբեջանից նրա օգտին լոբբինգ անելու, լռելու կամ խոսելու համար։ Կենտրոնը փաստերը հրապարակել է երկու զեկույցով՝ 2011-2012-ին, ապա նաև 2016-2017-ին։ Զեկույցին հետևեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդիի պաշտոնազրկումը։ Մինչ այսօր կաշառատու երկիրը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ որևէ սանկցիա չի կիրառվել։

156 էջից բաղկացած զեկույցի թարգմանությունը Սիրանույշ Մուրադյանը սկսել է 2020-ի պատերազմի օրերին։

«Ես ուզում եմ, որ հայ ընթերցողը տեսնի, թե ինչ խայտառակ պատկեր է ստեղծել Բաքուն, ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, թե ինչ է արժենում պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենք օգտագործելու,  Եվրոպական կոնվենցիայով արգելված զենք կիրառելու, Արցախում ծննդատուն ռմբակոծելու շուրջ Եվրոպայի լռությունը»,-ասաց գրքի թարգմանիչը։

Չնայած կոռուպցիոն բացահայտումներին հետևած հետապնդումներն այսօր էլ Գերմանիայում շարունակվում են, մեկ ազատազրկված պատգամավոր կա Իտալիայում՝ Լուկա Վոլոնտեն, որը 2.5 մլն եվրո կաշառք էր ստացել,  Սիրանույշ Մուրադյանին չեն գոհացնում ԵԽԽՎ անդամակցող երկրներում իրավապահ մարմինների՝ սկանդալային բացահայտումներին հաջորդած գործողությունները։

«Այս ուսումնասիրությունը հետևանք պիտի ունենա։ Տասը տարուց ավելի է կաշառվածների անուններն այստեղ հրապարակված են՝ լուսանկարներով, արդյունքներն ամենևին չեն գոհացնում։ Մի քանի հետաքննությունն է այսօր Բունդեսթագում իրարանցում առաջացրել։ Կա նաև իտալացի Լուկա Վոլոնտեի՝ 4 տարվա ազատազրկման դատավճիռը։ Բայց Բաքվի այս կոռուպցիոն սկանդալի ճյուղերը շատ տարածված են։ Ուստի եվրոպացի, գերմանացի իրավապահները պիտի մանրազնին քննության առնեն, թե այդ սկանդալում արդյոք՞ ներգրավված են, օրինակ Օտտո Հաուզերը, Ալեքսանդր Ֆանկը, Կաի Վեգները, Դանիելա Լյուդվիգը, Մարկուս Հելդը, այլք»,-ընդգծեց Սիրանույշ Մուրադյանը։

Լրագրող-թարգմանիչն ընդգծեց, եթե ԵԽԽՎ պատվիրակը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ, ապա դա նշանակում է, որ Խորհրդարանական վեհաժողովը նույնպես կոռուպցիոն սկանդալի մեջ է, քանի որ ԵԽԽՎ-ն հանձնառու է սանկցիաներ կիրառել, երբ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներն են խախտվում։ Մինչդեռ այսօր Ադրբեջանն աշխարհի լռության պայմաններում փակ է պահում Լաչինի միջանցքն ու հումանիտար աղետ  ստեղծում Արցախում այն պարագայում, երբ եվրոպական կառույցի հիմնական մանդատը մարդասիրությունն է, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը։

«Այս սկզբունքներից ո՞րն է հիմա Բերձորի միջանցքում պահպանվում։ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կենտրոնի փորձագետներն էլ անընդհատ խոսում են այն մասին, որ իրենց փորձագետների բացահայտումներին հաջորդած գործողություններ գոհացնող չեն, կան բազմաթիվ անուններ, որոնց հետևից պետք է գնան իրավապահները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Մուրադյանը՝ ընդգծելով, որ զեկույցում հրապարակված փաստերին անցած մի քանի տարիներին նոր փաստեր են ավելացել, կա ԵԽԽՎ Հակակոռուպցիոն մարմնի՝ ավելի քան 200 էջից կազմված զեկույցը, որտեղ ներկայացված են փաստեր ԵԽ-ում եղած խայտառակ պատկերի վերաբերյալ։ 

Լրագրողի խոսքով, դեռ շատ փաստեր կթարգմանվեն ու հայ ընթերցողի սեղանին կդրվեն գրքի տեսքով։
«Երբ ասում ենք  խավիարային դիվանագիտություն, հասկանում ենք ադրբեջանական կոռուպցիա։ Սակայն պետք է հիշել, որ դա միակողմանի չէ, ուրեմն դա նաև եվրոպական, արևմտյան կոռուպցիա է։ Ապագա դիվանագետները պետք է լավ գիտակցեն, որ իրենց երկրի շահը ներկայացնելիս հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնք ունեն անձնական շահեր»,-զեկույցի թարգմանության կարևորության մասին խոսելիս ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ առաջին հերթին ընդգծելով ճիշտ կառույցների հետ աշխատելու անհրաժեշտությունը։

ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն ընդգծեց՝ հրատարակված գրքի ականատեսն է եղել, տեսել է կուլիսային պայմանավորվածություններին հաջորդած զարգացումները։


«ԵԽԽՎ-ում հիմա մոռացել են այն ամենի մասին, ինչ միս ու արյուն ստացավ 2017-ին, երբ այս բացահայտումների արդյունքում խստացվեցին պատգամավորների վարքի կանոնները՝ ունեցվածքի հայտարարագրումը, նվերների գումարային սահմանափակումները։  Սրա արդյունքում Ադրբեջանը մի քիչ զսպված պետք է լիներ, բայց միջազգային մեծ տերությունների խաղի խաչմերուկում Ադրբեջանը կանգնեց Ուկրաինայի կողքին ու ստացավ կանաչ լույս, շատերի աջակցությունը, դարձավ վառելիքի առումով Եվրոպայի ուղիղ գործընկեր»,-ասաց Ն. Կարապետյանը՝ նշելով, որ այսօր պետք է ինտենսիվ աշխատել ԵԽԽՎ-ում, բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին, մինչդեռ հայաստանյան պատվիրակությունը ողջ  ծավալով չի աշխատում։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը կասկածից վեր է համարում, որ այսօր էլ Ադրբեջանի ղեկավարությունը ջանքեր չի խնայում Եվրոպայի Խորհրդի աջակցությունը գնելու ու ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում առկա աղետալի վիճակը քննադատողներին լռեցնելու համար։

Գրքի շնորհանդեսին հղած ուղերձում Սերգեյ Ղազարյանը նաև ընդգծել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո էլ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած հանագործությունների վրա միջազգային կառույցնրում շարունակեցին աչք փակել, ինչն այսօր բերել է Ադրբեջանի վարքի անկառավարելիության այն աստիճանի, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ավելի քան երկու ամիս մարդու իրավունքների համընդհանուր պաշտպան ճանաչված կառույցների անգործության ներքո շրջափակման մեջ են Արցախն ու նրա 120 հազար բնակիչները։