Մահաբեր ընտրություն. Newmag-ը հրատարակել է ամերիկացի բժիշկ Փոլ Օֆիթի բժշկագիտական բեսթսելլերը

January 29, 2020 Armenia TV

«Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:

Ի՞նչն է իրականում ճիշտ ու ո՞ր պնդումն է սխալ։ Newmag-ը հրատարակել է ամերիկացի գիտնական, մանկաբույժ, վարակաբան Փոլ Օֆիթի գիրքը: «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» բժշկագիտական բեսթսելլերը քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները: Newmag -ն այս գրքի վրա աշխատել է մեկուկես տարի:

Հայերեն հրատարակությունը պահպանել է Փոլ Օֆիթի բոլոր ծանոթագրությունները: Եթե որևէ միտք կամ հետազոտության տվյալ է պետք, դրանց սկզբնաղբյուրները գրքի վերջում են: Սա գիտական և միևնույն ժամանակ հանրամատչելի գիրք է:

68-ամյա ամերիկացի բժիշկը հեղաշրջեց պատվաստանյութերի մասին բոլոր միֆերն ու 25 տարվա քրտնաջան ուսումնասիրությունից հետո հայտնագործեց ռոտավիրուսի դեմ պատվաստանյութը, որը միլիոնավոր մանուկների փրկեց: Հայերեն հրատարակության առիթով հայ ընթերցողներին ողջույնեց հենց նա՝ գրքի հեղինակ Փոլ Օֆիթը:

Հայերեն հրատարակության գրքի նախաբանը գրել է Հայաստանի առողջապահության նախկին նախարարը: Լևոն Ալթունյանի խոսքով, անտեղյակ լինելու պատճառով է, որ ծնողները խուսափում են պատվաստումներից՝ մահացու ռիսկի ենթարկելով եւ տառապանքների դատապարտելով իրենց երեխաներին:

Գիրքը պատմում է Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում պատվաստանյութերի ստեղծման, դրանց դեմ պայքարի և այդ պայքարն առաջնորդողների մասին: «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհիվ հասարակությունը հասկացավ, թե իրականում ինչ են պատվաստումներն ու ինչքան կարևոր են մարդկանց համար:

Հայերեն հրատարակությունն օգտակար կլինի ոչ միայն հայ մասնագետներին, այլ նաև բժշկությամբ ու հատկապես պատվաստանյութերով հետաքրքրվող մարդկանց: Վաչե Գաբրիելյանի խոսքով, բժշկագիտական բեսթելլերը համաշխարհային գիտության նվաճումները ներկայացնում է պարզ և հասկանալի լեզվով։

Փոլ Օֆիթը գիրքը գրել է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով: Այն թարգմանվել է ավելի քան 10 լեզվով, ճանաչվել տարվա գիրք ու գլխավորել բժշկական բեսթսելլերների ցուցակը: Այս գրքով Փոլ Օֆիթը վերջակետ է դնում հակապատվաստումների մասին բոլոր պատմություններին: Սա դժնի համաճարակների վերադարձը կանխելու և մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց է:

 

Armeniatv.am