Մեկնարկեց գրքի ձմեռային փառատոնը. ստորագրվեցին գործակցության նոր հուշագրեր

February 20, 2023 168.am

Գրքի տոնին ընդառաջ մեկնարկեց Newmag Winter Fest-ը. արդեն 2-րդ տարին հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին։ 2023-ին լրանում է Newmag-ի հրատարակչական գործունեության 5-րդ տարին ու այդ առիթով փառատոնն էլ ավելի բացառիկ է իր մասշտաբով՝ նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություններ ազդարարող հուշագրերով:

Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ:

«Փառատոնը տոնական միջավայր ու տրամադրություն է, բայց չմոռանանք՝ Արցախի մեր հայրենակիցները ավելի քան 2 ամիս շրջափակված են: Մենք բոլորս մտքով, հոգով և սրտով մեր արցախցի եղբայրների և քույրերի հետ ենք: Կարծում եմ, որ հումանիտար օգնության հետ պետք է նաև գիրք փոխանցենք մեր հայրենակիցներին»,- ասաց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Փառատոնին հրատարակչությունը ներկայացնում է 5 նոր գիրք: Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը։ Հայերենով ևս արդեն հասանելի է Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս» բեսթսելերի մանկական պատկերազարդ տարբերակը՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը։ Ցանցային ամենագիտության ու մարտնչող տգիտության մասին է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը։ Կներկայացվի նաև Մինասյան մատենաշարի 3-րդ աշխատության շնորհանդեսը՝ Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը։

«Այս փառատոնին մենք ներկայացնում ենք մեր 100-րդ գիրքը: Ընդհանուր արդեն տպել ենք 104 գիրք: Դժվար է ասել՝ սա շատ է, թե քիչ, որովհետև քանակը երբեք մեզ համար ինքնանպատակ չի եղել: Որակը կա ու կլինի Newmag-ի չափման միավորը: 5-ամյակի առթիվ մեզ համար պարզ է մի քանի իրողություն: Եթե ցանկանում ես չկորցնել քո ընթերցողին, ավելին՝ դրանց թիվն ավելացնել, բանաձև մեկն է՝ պահպանել որակը: Newmag-ի ուղղությունը ժամանակակից գրականությունն է՝ գեղարվեստական ու ոչ գեղարվեստական: Այդ պատճառով է, որ Newmag-ի կարգախոսն է՝ «ակտուալ ընթերցանություն»: Ժամանակակից գրողների այցերն ու գրքարշավները Հայաստան մեր ամենամեծ ցանկությունն ու նպատակն են»,- նշեց Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

Փառատոնի շրջանակներում Newmag հրատարակչությունը և Մայր Աթոռի հրատարակչությունը հայտարարում են համատեղ նոր մատենաշարի մասին, որը կոչվում է «Հուն»: Գործակցության հուշագիրը ստորագրեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:

«Մատենաշարի հիմնադրման շրջանակներում նպատակ ունենք վերականգնել այն բարի ավանդույթները, որոնք կային վաղ եկեղեցում: Այս մատենաշարով կարծում ենք, որ կվերաարթնացնենք մեր եկեղեցու ավանդույթները և այն գրականությունը, որը լույս կտեսնի»,- ասաց Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Newmag և «Զանգակ» գրատունը հայտարարում են համատեղ գրական միջոցառումների մասին, որի շրջանակում «Զանգակ» գրատանը ամբողջ տարվա ընթացքում կկազմակերպվեն գրքի շնորհանդեսներ, գրական հանդիպումներ և բազմաթիվ այլ «գրքոտ» միջոցառումներ: Հուշագիր ստորագրվեց նաև «Զանգակ» գրատան տնօրեն Շահեն Մկրտչյանի հետ: «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Կարապետյանի հետ ևս գործակցության հուշագիր ստորագրվեց:

Հատուկ իր գրքի հայերեն հրատարակության համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը։ Եվ հենց Winer Fest-ին ներկայացվելու է նրա «Ռոջավա» վեպը:

Առաջիկայում կկայանա «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը: Երկար դադարից հետո գրական հանդեսը Newmag-ի հետ կբացի նոր էջ՝ տարեկան ներկայացնելով 3 նոր համար։ 10-րդ համարն ունի թեմա՝ պատերազմ:

Գրական միջոցառումները կամփոփվեն տոնական ակորդով։ Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ՝ Անդրեն կատարելու է Ազնավուրի հանրահայտ «Վենետիկն է տխուր» երգը։ Հայաֆիկացված 5-րդ գործի բառերի թարգմանությունը Սամվել Գասպարյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Հարութ Ասատրյանինը։ Մինչև «Վենետիկն է տխուր» երգը, Newmag-ը հայերեն է ներկայացրել Ազնավուրի ևս 4՝ «Մնա», «Տարեք ինձ», «Ով», «Մեռնել սիրելով» ստեղծագործությունները:

Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ 5 նոր գրքի շնորհանդեսից բացի քննարկումների սրահում տեղի կունենան պանելային քննարկումներ։ Newmag-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով: