«Մեսսիի մասի՞ն է, թե՞ Մեսիայի». Newmag-ը ներկայացրեց հաստափոր «Մեսսին»

Հունվարի 30-ին կայացավ գրքի շնորհանդեսը, որի էջերի քանակի (560), մասին լսելու պահին դրա ապագա խմբագիր Գնել Նալբանդյանը հացրել էր. «Գիրքը Մեսսիի մասի՞ն է, թե՞ Մեսիայի»:

Մեսսիի խաղը մի քիչ էլ արվեստ է (կամ՝ գուցե շատ, դա ճաշակի հարց է), ու նրան ֆանտաստիկ խաղի համար այլմոլորակային աանվանողները հաստատ կասեն, որ Նալբանդյանի սրամիտ հարցն իրականում լավ էլ տեղին է:

Newmag-ը TotoGaming-ի աջակցությամբ ևս մեկով հարստացրեց հայալեզու սպորտային գրականությունը: Նրանց նախաձեռնությամբ առաջինը իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» սպորտային բեսթսելլերն էր, որի շնորհանդեսը կայացավ նախորդ տարվա սեպտեմբերին:

Կայոլիի առաջին գրքի շնորհանդեսի օրը newmag հրատարակչական ընկերության թիմն ընթերցողներին խոստացել էր հնարավորինս արագ նրանց ներկայացնել հեղինակի՝ Մեսսիի մասին պատմող գիրքը: Այն մի քիչ ուշացավ: Ասում են՝ բազմաթիվ մեկնաբանություններ, անձնական նամակներ ու բողոքներ էին ստացել «Մեսսին» ուշացնելու կապակցությամբ: Դա գուցե սպորտային խանդ է, կարդալու մեծ փափագ: Ինչևէ: Հենց վաղվանից՝ փետրվարի 1-ից կարող եք գրախանութներում հարցնել ու ձեզ հետ տանել ձեր բաժին «Մեսսին»՝ «Լեգենդ դարձած տղայի պատմությունը», որում կան բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է արգենտինացին ստիպված եղել անցնել:

Newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը մարզաշխարհի գրքասերների համար բացեց փակագծերն ու տեղեկացրեց, որ այս տարի պետք է սպասենք նաև ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի, ինչպես նաև ֆրանսիական ֆուտբոլի հայ աստղի՝ Յուրի Ջորկաեֆի մասին պատմող գրքերին:

Ի տարբերություն Լիոնել Մեսսիի՝ «Մեսսի»-ն շատ ավելի հասանելի ու մատչելի է՝ 5800 դրամ:

Champions.am